ՀՀ գլխավոր դատախազությունը իր ցավակցությունն է հայտնում ճանաչված գիտնական-իրավաբան, պրոֆեսոր Ռոբերտ Վազգենի Ավագյանի հարազատներին և գործընկերներին՝ նրա վաղաժամ մահվան կապակցությամբ:
Անվանի գիտնականի, հմուտ ու բանիմաց դասախոսի, սկզբունքային ու սրտացավ քաղաքացու, հոգատար ընկերոջ ու բարեկամի հիշատակը երկար կապրի նրան ճանաչողների սրտում:
ՀՀ գլխավոր դատախազություն
Հայաստանի ԳԱԱ փիլիսոփայության, սոցիոլոգիայի և իրավունքի ինստիտուտի պետաիրավական հետազոտությունների բաժնի ավագ գիտաշխատող, ՀՀ դատախազության մարմինների աշխատակիցների ատեստավորման հանձնաժողովի անդամ, իրավաբանական գիտությունների թեկնածու, պրոֆեսոր Ռոբերտ Զավենի Ավագյանը մահացել է հուլիսի 8-ին՝ ծանր հիվանդությունից հետո կյանքի 72-րդ տարում:
Ռ. Ավագյանը ծնվել է 1939 թվականի հունիսին, Երևան քաղաքում: ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետն ավարտելուց հետո Ռ. Ավագյանը աշխատել է Հանրապետության Գերագույն դատարանում, այնուհետև անցել գիտական աշխատանքի և ղեկավարել ԳԱԱ փիլիսոփայության և իրավունքի ինստիտուտի պետության և իրավունքի բաժինը: Քրեական իրավունքի և քրեաբանության արդի խնդիրների հեղինակավոր մասնագետը երկար տարիներ դասախոսել է ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետում և այլ բուհերում: Պրոֆեսոր Ռ. Ավագյանի ղեկավարությամբ պաշտպանվել են թեկնածուական և դոկտորական ատենախոսություններ, իրականացվել են իրավունքի տեսությանը առնչվող մի շարք գիտական հետազոտություններ:
Գիտական շրջանակներում լայնորեն հայտնի են Ռ. Ավագյանի «Հանուն օրինականության», «Սևանա լճի իրավական պաշտպանությունը», «Մարդու իրավունքներ. քրեաիրավական երաշխիքներ», «Հանցավորությունը Հայաստանի առաջին, երկրորդ և երրորդ Հանրապետություններում» և բազմաթիվ այլ մենագրություններ և գիտական հետազոտությունների ժողովածուներ:
Ռ. Ավագյանը ՌԴ Հումանիտար գիտությունների ակադեմիայի և էկոլոգիայի և կենսագործունեության անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ էր, պարգևատված էր գիտա-կրթական հաստատությունների և պետական կառույցների շքանշաններով ու մեդալներով: