ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2011թ. փետրվարի 28-ին ընդունեց ԵԱՀԿ երևանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀԿ երևանյան գրաենյակի աշխատակիցներ:
Հանդիպման ընթացքում քննարկվեցին ՀՀ գլխավոր դատախազության և ԵԱՀԿ երևանյան գրասենյակի միջև համագործակցության մի շարք հարցեր: Մասնավորապես` Ս. Կապինոսը շնորհակալություն հայտնելով Ա. Հովսեփյանին սերտ համագործակցության համար` տեղեկացրեց մի շարք համատեղ ծրագրերի` մասնավորապես եվրոպացի փորձագետների կողմից ՀՀ դատախազության բարեփոխումների գնահատման, եվրոպական չափանիշներին դրանց համապատասխանության, ինչպես նաև` ՀՀ դատախազությունում վիճակագրական վերլուծությունների բարելավման, էլեկտրոնային շտեմարանի ներդրման ուղղությամբ կատարված աշխատանքների վերաբերյալ:
Հանդիպման ընթացքում փոխադարձ համաձայնություն ձեռք բերվեց նաև ԵԱՀԿ երևանյան գրասենյակի աջակցությամբ ստեղծել ՀՀ դատախազությունում վարվող վիճակագրական հաշվետվությունների էլեկտրոնային կառավարման համակարգ:
Դեսպան Ս. Կապինոսը շնորհակալություն հայտնեց Ա. Հովսեփյանին` գլխավոր դատախազության թափանցիկ աշխատանքի համար` հատկապես շեշտելով գլխավոր դատախազության պաշտոնական կայք-էջի` հանրությանը թափանցիկ եւ օպերատիվ տեղեկատվության տրամադրումը` նշելով, որ այդ մասին իրեն տեղեկացրել են նաեւ քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, հատկապես որ վերջիններիս կողմից անցկացված մոնիտորինգի արդյունքներով պետական մարմինների կայք-էջերի շարքում դատախազության կայք-էջը 55 տոկոս արդյունքով զբաղեցրել է առաջին տեղը:
Անդրադարձ եղավ նաև ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչությունում պաշտոնատար անձ չհանդիսացող հանրային ծառայող Տ. Փոստանջյանի կողմից ապօրինի վարձատրություն ստանալու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի որոշ հանգամանքներին:
ՀՀ գլխավոր դատախազը դեսպան Ս. Կապինոսին հանգամանորեն ներկայացրեց քրեական գործի հարուցման, քրեական գործի նախաքննությունը ՀՀ ԿԱ ԱԱԾ վարույթ հանձնելու, խափանման միջոցի ընտրության քրեաիրավական հիմքերը: Գլխավոր դատախազը նշեց, որ հանցավորության դեմ պայքարում ընդհանրապես և մասնավորապես սույն քրեական գործով նախաքննությունն ընթանում է դատախազության ձևավորված միասնական քրեական քաղաքականության և կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակներում:
Հանդիպման ավարտին կողմերը շնորհակալություն հայտնեցին բովանդակալից քննարկման համար: