Տեսադարան

ԻԻՀ գլխավոր դատախազի այցը ՀՀ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

11.08.2009 | Ամփոփվեցին 2009 թվականին կատարած աշխատանքները

2009 թվականի օգոստոսի 11-ին տեղի ունեցավ  Հայաստանի Հանրապետության դատախազության կոլեգիայի ընդլայնված նիստ, որը վարում էր ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը:

Կոլեգիայի նիստում քննարկվեցին Հայաստանի Հանրապետության դատախազության 2009 թվականի աշխատանքի  արդյունքները: Ըստ աշխատանքի ուղղությունների` զեկուցումներով հանդես եկան ՀՀ գլխավոր դատախազի տեղակալներ , Մնացական Սարգսյանը, Արմեն Դանիելյանը, Արամ Թամազյանը, ՀՀ զինվորական դատախազ, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արմեն Խաչատուրյանը:

Հանրապետությունում 2009 թվականի ընթացքում հանցավորության վիճակի, հանցագործությունների կատարմանը նպաստող հանգամանքների ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2008թ. 1-ին կիսամյակի հետ համեմատած 2009 թվականի նույն ժամանակահատվածում երկրում արձանագրված հանցագործությունները 2851-ով կամ 71.3%ով աճել են (2008թ. 1-ին կիսամյակ` 3998, 2009թ. 1-ին կիսամյակ` 6849): 

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը, անդրադառնալով հանցավորության դեպքերի առանձին տեսակների աճին, մասնավորապես նշեց, որ թմրամիջոցների իրացման, ապօրինի զենք-զինամթերքի շրջանառության, կոռուպցիոն բնույթի հանցագործությունների դեպքերով գրանցված բարձր ցուցանիշը վկայում է իրավապահ մարմինների արդյունավետ աշխատանքի մասին, քանի որ վերը նշված հանցագործությունները, լինելով լատենտային բնույթի, բացահայտման առումով մեծ դժվարություն են ներկայացնում: Իսկ արձանագրված աճը հենց վկայում է, որ այդ հանցագործությունների բացահայտման ուղղությամբ զգալի աշխատանքներ են տարվել և դրական ցուցանիշներ գրանցել:  «Իսկ եթե այդ հանցագործությունների գրանցման և բացահայտման ցուցանիշը ցածր լիներ,  դա կվկայեր իրավապահ մարմինների վատ աշխատանքի, այլ ոչ թե այդ հանցագործություններով կատարված  դեպքերի նվազման արդյունք»:

«Սակայն ես հեռու եմ այն մտքից, թե, օրինակ, թմրամիջոցների իրացման դեպքերով բոլոր հանցագործություններն են բացահայտվել»,- նշեց Աղվան Հովսեփյանը: Գլխավոր դատախազը ցուցում տվեց դատավարական հսկողություն իրականացնող դատախազներին չհաստատել այն բոլոր մեղադրական եզրակացությունները, որտեղ թմրամիջոցների կամ զենք-զինամթերքի հայտնաբերման աղբյուրները կոնկրետ, առարկայական նշված չեն, այլ ձևակերպված են ընդհանրական և անորոշ ձևակերպումներով, թե դրանք գտել են այսինչ տեղից կամ ձեռք են բերվել քննությամբ չպարզված անձից: «Այն տպավորությունն է ստացվում,- շեշտեց գլխավոր դատախազը,- որ հանրապետության տարածքի ամեն մի անկյունում թմրամիջոց կամ զենք-զինամթերք է դրված»:

Գլխավոր դատախազը հանցագործությունների աճի հետ կապված  մտահոգություն հայտնեց ավազակային հարձակումների, կողոպուտների և անչափահասների մասնակցությամբ կատարված հանցագործությունների դեպքերով:

Ա. Հովսեփյանը նշեց նաև, որ գլխավոր դատախազության ձեռնարկած միջոցների արդյունքում ՀՀ կառավարության որոշմամբ սահմանվեց հանցագործությունների հաշվառման կարգ և ՀՀ ոստիկանապետի ցուցումով 2009 թ. հունվարից ոստիկանության ինֆորմացիոն կենտրոնում սկսեցին հաշվառել նաև ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված այն հանցագործությունները, որոնց վերաբերյալ քրեական գործի հարուցումը մերժվել էր   տուժողի բողոքի բացակայությամբ: Գլխավոր դատախազի կարծիքով այժմ արձանագրված հանցավորության վիճակը առավելագույնս մոտեցված է վիճակագրական տվյալներին:

Գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ցուցում տվեց նաև, որ օրենքով սահմանված նախաքննության 2 ամիս ժամկետը երկարացնել միայն բացառիկ դեպքերում և մնացած դեպքերով նախաքննությունը կատարել հնարավորինս սեղմ ժամկետում՝ մոտեցնելով հանցագործության կատարման և օրինական ուժի մեջ մտած դատավճռի միջև ընկած ժամանակահատվածը:  «Կալանավայրում գտնվող քաղաքացու համար ամեն մի օրը ճակատագրի սպասման օր է, իսկ Ձեզ համար,- դիմելով դատախազներին շեշտեց Աղվան Հովսեփյանը,-այն սովորական աշխատանքային օր է»:

Աղվան Հովսեփյանը նշեց նաև, որ նախաքննության արագ կատարումը թույլ կտա նաև հանրությանը իրազեկ լինել ոչ միայն հանցագործության կատարման, այլ նաև այդ հանցագործության բացահայտման և կատարողներին պատժի ենթարկելու մասին: «Այլապես ստացվում է, որ հանրության մեջ մշտապես տպավորվում է միայն հանցագործության կատարման դեպքը,- շեշտեց գլխավոր դատախազը,- հետո նախաքննությունը այնքան է ձգվում, որ մարդիկ մոռանում կամ այլևս չեն հետաքրքրվում այդ հանցագործության հետագա ընթացքի վերաբերյալ իրավապահների կատարած աշխատանքներով: Մարդիկ հիշում են, որ կատարվեց հանցագործություն, բայց դրա բացահայտման և դատապարտման մասին հետաքրքրվածությունը կորում է»:

Գլխավոր դատախազը ցուցում տվեց նաև աշխատանքներ տանել հանցագործությունները ծնող պայմանների ու պատճառների ուսումնասիրման և դրանց կանխարգելման ուղղությամբ:

Կոլեգիայի նիստին հրավիրվել եւ մասնակցոմ էին ՀՀ Հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ոստիկանության պետի տեղակալ, գլխավոր քննչական վարչության, ազգային անվտանգության ծառայության, պետական եկամուտների կոմիտեի  եւ ՀՀ պաշտպանության նախարարության քննչական վարչությունների ղեկավարները:

 Մամուլի հաղորդագրությանը կցվում է   2009թ. ընթացքում  ՀՀ դատախազության մարմինների գործունեության թվական ցուցանիշներն արտացոլող համառոտ տեղեկանքը, որին կարող եք ծանոթանալ «Բողոքներ եւ տեղեկանքներ» բաժնում: