ՀՀ գլխավոր դատախազի հրավերով 2009 թվականի ապրիլի 22-ին Երեւան կժամանի Դատախազների Միջազգային Ասոցիացիայի Գլխավոր Քարտուղար Հ. Մ. Շոլցը:
Հանդիպման ընթացքում նախատեսվում է քննարկել ՀՀ գլխավոր դատախազության եւ օտարերկրյա պետությունների դատախազությունների միջեւ միջազգային–իրավական համագործակցության զարգացման ուղիներին, ինչպես նաեւ ԴՄԱ –ի՝ 2010 թվականի տարածաշրջանային հերթական կոնֆերանսը Հայաստանում անցկացնելու հետ կապված հարցեր: Գլխավոր դատախազի այս առաջարկին տրվել է նախնական համաձայնություն:
Բացի այդ՝ նախատեսվում է, որ 2010 թ. Հայաստանում կանցկացվի նաեւ Եվրոպայի գլխավոր դատախազների կոնֆերանսը: ՀՀ գլխավոր դատախազի առաջարկն ընդունվել է Եվրոպայի Դատախազների Խորհրդատվական Խորհրդի կողմից, որի մասին հայտնել է Խորհրդի քարտուղար տիկին Աննա Կապելոն՝ Երեւանում ապրիլի 15-ին ՀՀ գլխավոր դատախազությունում կայացած հանդիպման ժամանակ: Վերջինս Հայաստանում էր ապրիլի 14-ից 18-ն ընկած ժամանակահատվածում: Աշխատանքային հանդիպումների ընթացքում քննարկվել են կոնֆերանսի կազմակերպմանը եւ ֆինանսավորմանը վերաբերող հարցեր, որոնց շուրջ ձեռք է բերվել նախնական պայմանավորվածություն: