Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

10.03.2009 | Պաշտպանի հայտարարությունն ընդամենը ինքնահաստատման փորձ է

Ցանկացած հայտարարություն, գնահատական՝ առավել եւս մարդու իրավունքների պաշտպանի կողմից հնչեցվող, պետք է հիմնված լինի օրենսդրության եւ կոնկրետ փաստերի վրա: Սակայն, հավատարիմ մնալով  որդեգրած իր աշխատաոճին, պաշտպանը, մասնավորապես, դատախազության աշխատանքների եւ գործունեության վերաբերյալ հնչեցվող իր գնահատականներում մշտապես ձեռնպահ է մնում դրանք հիմնավորող կամ նման եզրակացության հանգեցրած կոնկրետ դեպքերի մատնանշումից, ինչը հիմք է տալիս ենթադրելու, որ պաշտպանն ուղղակի զբաղված է   անձնական քարոզչությամբ: Այդ մասին է վկայում  պաշտպանի զեկույցում տեղ գտած դատախազության աշխատանքներին վերաբերվող դրույթը:

Ըստ այդմ՝ ՀՀ դատախազության գործողությունների (ներառյալ տարածքային եւ զինվորական) աշխատակիցների գործողությունների դեմ  հաշվետու ժամանակաշրջանում ՀՀ մարդու իրավունքների պաշտպանին հասցեագրվել է 42 դիմում-բողոք (տես՝ զեկույցի 3.2 կետը), որոնցից 26-ն ընդունվել է քննարկման: Նույն զեկույցի համաձայն՝ բողոքները վերաբերել են դատախազության աշխատակիցների կողմից քրեական գործերի քննության ընթացքում հսկողություն իրականացնելու իրենց սահմանադրական գործառույթը թերի կատարելու, նախաքննության մարմինների կողմից թույլ տված խախտումները չվերացնելու հետեւանքով մարդու իրավունքների խախտումներին:

Դատախազական գործառույթների իրականացման ընթացքում առկա թերությունների մասին դատախազությունն ինքը բազմիցս բարձրաձայնել է՝ ձեռնարկելով կոնկրետ քայլեր՝ թերությունները, խախտումները վերացնելու ուղղությամբ: Այսօր եւս դատախազությունը հեռու է այն մտքից, որ դատախազների կողմից հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ իրականացվող հսկողության ընթացքում թերություններ չեն արձանագրվում: Բայց դատախազությունը հեռու է նաեւ այն մտքից, որ ամբողջ տարվա ընթացքում դատախազության դեմ ստացված 42 դիմում-բողոքը հիմք է տալիս պաշտպանին դատախազությանը ներկայացնել որպես ռեպրեսիվ կառույց՝ չնշելով կոնկրետ որեւէ փաստ եւ մեթոդ: Ավելին՝ անգամ տացված դիմում-բողոքների բովանդակությունը մատնանշելիս  պաշտպանն իր տարեկան զեկույցում չի հիշատակել կիրառված «ռեպրեսիվ» մեթոդի որեւէ կոնկրետ դեպք:

Ինչպես ցանկացած որեւէ այլ մարմնի, այնպես էլ դատախազության  առանձնին պաշտոնյաների աշխատանքներում հնարավոր են ոչ միայն թերացումներ, այլ նաեւ չարաշահումներ: Եվ դատախազության ղեկավարությունը բազմիցս հավաստել է իր վճռականությունը՝ պատասխանատվության ենթարկելու պաշտոնեական լիազորությունների չարաշահում թույլ տված յուրաքանչյուր դատախազի՝ ձեռնարկելով նաեւ կոնկրետ քայլեր (կարգապահական պատասխանատվության ենթարկում, զբաղեցրած պաշտոնից հեռացում, քրեական գործի հարուցում)՝  այդ մասին իրազեկելով նաեւ հանրությանը:

Ավելին՝ փոխշահավետ համագործակցության ակնկալիքով եւ նպատակով դատախազությունը պաշտպանին հրապարակավ առաջարկել է՝  տրամադրել իրեն հայտնի՝ ապօրինի ցուցումներ, օրենքի խախտումներ թույլ տված դատախազների անունները եւ կոնկրետ փաստեր՝ օրենքով սահմանված կարգով դրանց ընթացք տալու եւ ներգործության համապատասխան միջոցներ ձեռնարկելու համար: Սակայն առ այսօր որեւէ կոնկրետ փաստ, խախտում թույլ տված  դատախազի անուն պաշտպանի գրասենյակը չի տրամադրել դատախազությանը ոչ պաշտոնապես եւ ոչ էլ ԶԼՄ-ների միջոցով:

Մերկապարանոց հայտարարություններով հանդես գալը եւ այդ ճանապարհով արհեստականորեն պաշտպանի  իր աշխատանքի արժեվորումը հարիր չէ մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտին, եւ ամենեւին էլ չի խոսում պրոֆեսիոնալիզմի մասին: Կարծում ենք ինքնահաստատման ճանապարհը պաշտպանն  արդեն վաղուց  պետք է անցած լիներ: