ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽԽՎ մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլումբիեի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին, գործով որպես մեղադրյալներ ներգրավված անձանց առաջադրված մեղադրանքներին եւ նրանց կողմից կատարված գործողություններին տրված իրավական գնահատականներին վերաբերող հարցեր:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ տեղի ունեցած իրադարձությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության առաջին 6 ամիսների ընթացքում ավարտվել է նախնական կալանքի տակ գտնվող բոլոր մեղադրյալների մասով նախաքննությունը եւ ընդհանուր առմամբ դատարան է ուղարկվել 90 քրեական գործ՝ 111 անձի վերաբերյալ: Նախաքննությունը կատարվել է ողջամիտ ժամկետում, որի ընթացքում ապահովվել են մեղադրյալների իրավունքների իրացման համար անհրաժեշտ բոլոր պայմանները:
Համազեկուցողների խնդրանքով անդրադառնալով մասնավորապես Երեւանի քրեական դատարանի վարույթում քննվող քրեական գործով 7 մեղադրյալներին ՀՀ քրեական օրենսգրքի 300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 225-րդ հոդվածի 3-րդ մասով առաջադրված մեղադրանքներին՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների համաձայն, մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները կազմակերպիչների համար եղել են ոչ թե ինքնանպատակ, այլ միջոց՝ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելու համար: Նախաքննության տվյալներով նշված քրեական գործով 7 մեղադրյալները՝ Ալեքսանդր Արզումանյանը, Հակոբ Հակոբյանը, Մյասնիկ Մալխասյանը, Սասունի Միքայելյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը եւ Սուրեն Սիրունյանն առանցքային դերակատարություն են ունեցել նշված անկարգությունների կազակերպմանը, որի ընթացքում հրկիզվել եւ թալանվել են մի քանի տասնյակ ավտոմեքենաներ եւ խանութներ, հարյուրավոր անձինք ստացել են տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ, որոնցից 10-ը մահացել են: Ա.Հովսեփյանը պարզաբանել է, որ նշված անձանց մեղադրանքներ են առաջադրվել ոչ թե սպանություններ կատարելու, այլ սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Միաժամանակ նշվել է, որ մայրաքաղաքում տեղի ունեցած անկարգությունները եւ դրանց նախորդած հանրահավաքները չի կարելի համարել խաղաղ, քանի որ նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ, որ դրանց մասնակիցները եղել են զինված, այդ թվում մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաներով, որոնց պատրաստողն ու պատվիրողը նախաքննությամբ պարզվել է, ինչը հիմնավորվել է նաեւ դատական ակտերով:
Նախաքննության ձեռք բերված ապացույցները հսկողություն իրականացնող դատախազների կողմից գնահատվել են հիմնավոր եւ բավարար քրեական գործը դատարան ուղարկելու համար, որտեղ դրանք կհետազոտվեն հրապարակային դատավարության ժամանակ: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դեռեւս դատաքննությունը չի սկսվել եւ դժվար է կանխատեսել դատաքննության ավարտը, թե դատարանը ինչպես կգնահատի նախաքննությամբ եւ դատաքննությամբ ձեռք բերված այս կամ այն ապացույցը, հիմնավորված կհամարի առաջադրված մեղադրանքները, թե ոչ: Միաժամանակ տեղեկացրել է, որ մեղադրողները նույնպես կաշկանդված չեն նախաքննությամբ ձեռք բերված ապացույցներով եւ մեղադրողների վերջնական դիրքորոշումը կձեւավորվի դատաքննության ընթացքում, քանի որ բացառված չէ, որ այս գործով դատաքննության ընթացքում նույնպես ձեռք բերվեն նոր ապացույցներ՝ մեղադրյալների արարքը արդարացնող կամ խստացնող, ինչպես մի շարք այլ քրեական գործերով:
ՀՀ գլխավոր դատախազը նշել է նաեւ մի քանի վիճակագրական տվյալներ, որ նախաքննության ընթացքում 26 անձի նկատմամբ դադարեցվել է քրեական հետապնդումը եւ նրանց մասով քրեական գործերը կարճվել, 5 անձ արդարացվել է դատարանում, մի շարք այլ քրեական գործերով եղել են մասնակի արդարացումներ, վերաորակումներ ինչպես մեղադրյալի արարքը մեղմացնող, այնպես էլ ծանրացնող հոդվածներով:
Անդրադառնալով ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով գրանցված մահվան դեպքերին՝ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ այս հարցը պարզաբանման համար քննությանն օգնելու խնդրանքով դատախազությունը դիմել է մի շարք միջազգային կառույցների օգնությանը, սակայն բոլոր այդ մարմինները, այդ թվում ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի Երեւանյան գրասենյակները, Հայաստանում ԱՄՆ-ի դեսպանատունը հրաժարվել են տրամադրել փորձագետներ՝ նշելով, որ նման պրակտիկա եւ փորձագետներ, սարքավորումներ չունեն: Նամակագրական կապ է հաստատվել նաեւ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թ.Համմերբերգի առաջարկած մասնագետի հետ՝ նրան ուղարկելով անհրաժեշտ նյութերը՝ կիրառված հատուկ միջոցի տեխնիկական բնութագիրը, լուսանկարները, ինչպես նաեւ մահացած անձանց դիակներից հանված գազային բալոնների լուսանկարները, սակայն վերջինս նույնպես ասել է, որ նույնացում կատարել հնարավոր չէ:
Նախաքննությունն ավարտվել է նախնական կալանքի տակ գտնվող մեղադրյալների մասով, իսկ մայր քրեական գործով նախաքննությունը ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում շարունակվում է եւ միջոցներ են ձեռնարկվում հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց ի հայտ բերելու եւ նրանց, ինչպես նաեւ ոստիկանների գործողություններին իրավական գնահատական տալու, գրանցված 10 մահվան դեպքերի բոլոր հանգամանքները բացահայտելու ուղղությամբ
Տեսադարան
Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան
ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5
Հեռ.` +374 (10) 511-650
Էլ. փոստ` info@prosecutor.am