ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Մարի Յովանովիչին:
Հանդիպման ընթացքում քննարկվել են 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության արդյունքներին, դատաքննությանը եւ դրա ձգձգումներին վերաբերող հարցեր: Կողմերը կարեւորել են քրեական գործերով օբյեկտիվ ճշմարտության եւ քրեական հանցագործություն կատարած բոլոր անձանց բացահայտումը:
ՀՀ գլխավոր դատախազը դեսպանին ներկայացրել է նախաքննության արդյունքները, տրամադրել վիճակագրական տվյալներ՝ նշելով, որ նախաքննության ընթացքում ընդհանուր առմամբ մեղադրանք է առաջադրվել 140 անձի, որոնցից 111 անձի վերաբերյալ նյութերը ուղարկվել է դատարան, 26 անձի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցվել է եւ նրանց մասով քրեական գործը կարճվել: Ներկայումս քրեական գործով նախաքննության փուլում մեղադրյալի կարգավիճակում են գտնվում 3 անձ, որոնց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրված ստորագրություն չհեռանալու մասին, եւս 5 մեղադրյալ գտնվում են հետախուզման մեջ, իսկ նախնական կալանքի տակ գտնվող անձինք չկան:
Դատարան ուղարկված 111 անձի վերաբերյալ 90 քրեական գործերից դատավճիռներ են կայացվել 101 անձի վերաբերյալ՝ 87 քրեական գործով, որոնցից 5-ը արդարացվել են, 1 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է տուժողի հետ հաշտվելու պատճառով, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանքը, 38-ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան, 52 անձ դատապարտվել է ազատազրկման: Դատական ակտեր չեն կայացվել 3 քրեական գործով՝ 10 անձի վերաբերյալ, որոնցից 1 քրեական գործով 7 անձի վերաբերյալ դատավարությունը դեռեւս գտնվում է սկզբնական փուլում: Տիկին դեսպանը կարեւորել է օբյեկտիվ եւ հրապարակային դատավարության անցկացումը, դատավարության բոլոր կողմերի համար հավասարության ապահովումը, մեղադրյալների իրավունքների հարգումն ու բռնությունների բացառումը: «Շատ կարեւոր է, որ վերջնական դատական ակտը ընդունելի եւ ընկալելի լինի հայ հասարակության համար»,- շեշտել է դեսպանը:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ շարունակվում է զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննությունը, որի առջեւ հիմնական խնդիրներից է ոստիկանության, առանձին ոստիկանների գործողությունների պարզումն ու դրանց իրավական գնահատական տալը: Նշել, որ առանձին հարցերի պարզաբանման հարցում քննությունն ունի միջազգային փորձի ուսումնասիրության, փորձագետների օգնության կարիքը: Անդրադառնալով ոստիկանության կողմից զանգվածային անկարգությունների ժամանակ կիրառված հատուկ միջոցների, մասնավորապես «Չերյոմուխա 7» տեսակի փամփուշտների եւ հրացանների նույնացման աշխատանքներում փորձագիտական օգնություն ցուցաբերելու ՀՀ գլխավոր դատախազի խնդրանքին՝ տիկին դեսպանը տեղեկացրել է, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները նման սարքավորումներ եւ մեթոդոլոգիա չունի, որպեսզի կարողանան աջակցել այդ հարցի պարզաբանմանը:
Ոստիկանության կողմից զանգվածային անկարգությունների ժամանակ կիրառված «Չերյոմուխա 7» տեսակի հատուկ միջոցների հետեւանքով գրանցվել է մարդկային 3 զոհ: Նախաքննական մարմինը պարզել է, որ կոնկրետ այդ տեսակի հատուկ միջոց կիրառվել է 4 ոստիկանի կողմից, սակայն հայ փորձագետների տեղեկացմամբ՝ փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան թույլ չի տալիս կատարել կիրառված հատուկ միջոցների նույնացում: Նախաքննությանը օգնելու համար միջազգային փորձառություն ունեցող մասնագետների, փորձագետների ներգրավելու խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ԵԱՀԿ-ին, ՄԱԿ-ին, Հայաստանում ԱՄՆ դեսպանատանը, ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմերբերգին, Ռուսաստանին:
29.12.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԱՄՆ-ի արտակարգ եւ լիազոր դեսպանին
