ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննությունը, որի ընթացքի վերաբերյալ ՀՀ գլխավոր դատախազությունը պարբերաբար տրամադրել, տրամադրում եւ տրամադրելու է տեղեկություններ՝ հաշվի առնելով քրեական գործի հասարակական հնչեղությունը՝ այնքանով, որքանով դրանց հրապարակումը չի խոչընդոտի քրեական գործի նախաքննությանը:
Նախաքննության այս կամ այն փուլում ձեռք բերված տվյալների վերաբերյալ տրամադրվող տեղեկատվությունը, տպագիր մամուլի որոշ միջոցներ, հանրությանն են փոխանցում իրենց կանխակալ ընկալունակությանը համապատասխան՝ այդպիսով ընթերցողներին փոխանցելով աղճատված եւ խեղաթյուրված տեղեկատվություն:
Կարեւորելով հասարակության ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ եւս մեկ անգամ տեղեկացնում ենք, որ անկարգությունների ժամանակ տարբեր անձանց՝ ոստիկանության աշխատակիցներին, զինծառայողներին եւ քաղաքացիական անձանց պատճառված մարմնական վնասվածքների բնույթը, աստիճանը պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ, ինչպես դատաբժշկական, այնպես էլ դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական եւ դատահետքաբանական եւ այլն:
Նկատի ունենալով, որ տպագիր մամուլի որոշ միջոցներ շահարկում են մասնավորապես ոստիկաններին պատճառված բեկորային վնասվածքների հանգամանքը ՝ թե, իբր, ոստիկանության կապիտան Հ.Թադեւոսյանի դիակից հանված բեկորներից բացի որեւէ այլ բեկոր փորձաքննության չի ենթարկվել՝ տեղեկացնում ենք, որ այդօրինակ պնդումները հիվանդ երեւակայության արգասիք են: Ինչպես վիրավորների մարմնի, այնպես էլ ոստիկանության հանդերձանքի վրայից հանված բեկորները ենթարկվել են փորձաքննությունների, որի մասին դատախազությունը տեղեկացրել է դեռեւս հոկտեմբեր ամսին: Այդ բոլոր փորձաքննությունների եզրակացությունները կցված են քրեական գործին:
Փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ 2008թ. մարտի 1-2-ին, Երեւանի քաղաքապետարանին հարակից տարածքներում եւ կենտրոնական փողոցներում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների ժամանակ, պայթուցիկ սարքերի բեկորներից մարմնական վնասվածքներ են ստացել ոստիկանության շուրջ 4 տասնյակ աշխատակից եւ զինծառայող: Դատաձգաբանական, դատապայթունատեխնիկական եւ դատահետքաբանական փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ վնասվածքներն առաջացել են տրոտիլ պայթուցիկ նյութ պարունակող պայթուցիկ սարքավորման, ինչպես նաեւ գործարանային արտադրության նռնակների պայթյուններից:
Հ.Թադեւոսյանի դիակից եւ հագուստի վրայից հայտնաբերված բեկորները, ըստ փորձաքննության եզրակացության, ինչպես արդեն նշել ենք բեկորացվել են պայթյունի հետևանքով, որոնք գործարանային արտադրության «Ֆ-1», «ՌԳԴ-5», և «ՌԳ-42» տեսակի նռնակների պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի բեկոր են: Ընդ որում՝ «ՈՒԶՌԳՄ» -ը նախատեսված է գործարանային արտադրության նշված մարտական նռնակները պայթեցնելու համար: Ինչ վերաբերում է որոշ թերթերի այն պնդումներին, թե այդ պայթուցիչը օգտագործվում է նաեւ «Զարյա-2» եւ «Չերյոմուխա-7» հատուկ միջոցները պայթեցնելու համար՝ առնվազն անհեթեթություն է: «ՈՒԶՌԳՄ»-ը չի կարող կիրառվել «Զարյա-2» հատուկ միջոցը պայթեցնելու համար, «Չերյոմուխա-7» -ը փամփուշտ է, որն արձակվում է հրացանի միջոցով:
Նկարում՝ «Չերյոմուխա-7»