Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

25.11.2008 | ՀՀ գլխավոր դատախազը հայտնել է իր նկատառումները

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում  Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Սիլվիա Զեհեին:

Հանդիպման ընթացքում ՀՀ գլխավոր դատախազն իր նկատառումներն է հայտնել ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թոմաս Համմերբերգի՝ նոյեմբերի 22-ին Երեւանում տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հնչեցրած որոշ դիտարկումների կապակցությամբ:

Բարձր գնահատելով Թ.Համմերբերգի դերակատարությունը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում՝ ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ մի շարք հարցադրումների վերաբերյալ   թերի տեղեկատվության հիման վրա հնչեցված որոշ գնահատականներ անուղղակի նպաստում են մի շարք արատավոր երեւույթների արմատավորմանը, չեն նպաստում վստահության մթնոլորտի ձեւավորմանը, արդարադատության իրականացմանը:

Մասնավորապես գլխավոր դատախազը տարակուսանք է հայտնել, որ Թ.Համմերբերգը գնահատականներ է հնչեցրել  ներկայումս նախնական կալանքի տակ  գտնվող անձանց առաջադրված մեղադրանքների հիմնավորվածության վերաբերյալ առանց ծանոթ լինելու այդ ապացույցներին եւ քրեական գործի նյութերին:  Ավելին՝ Թ.Համմերբերգն անձամբ է  մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել, որ ծանոթ չէ քրեական գործի նյութերին եւ առնվազն տարօրինակ է, որ, այդուհանդերձ նշել է, թե մեղադրյալներին մեղադրանք առաջադրելու համար չկան ապացույցներ: Երկրորդ՝ նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով նախաքննության ավարտի մասին մեղադրյալներին հայտարարվել է  2008 թվականի սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի 11-ից նրանց եւ նրանց պաշտպաններին հնարավորություն է տրվել ծանոթանալու քրեական գործի նյութերին եւ արդեն երկու անգամ երկարացվել է դրա համար սահմանված ժամկետը՝ մեղադրյալների պաշտպանների միջնորդության հիման վրա:

Գլխավոր դատախազը նկատել է, որ Թ.Համմերբերգի արտահայտած որոշ մտքեր կարող են գնահատվել որպես  քրեական գործով  վկաների կողմից սխալ, կեղծ ցուցմունքներ տալու երեւույթը թեկուզ անուղղակի ձեւով  պաշտպանելու միտում: Ա.Հովսեփյանը տեղեկացրել է նաեւ, որ մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի վերաբերյալ դատարաններում քննվող քրեական գործերով մասնավորապես մեղադրյալների, նրանց հարազատների եւ կողմնակիցների կողմից բազմիցս փորձեր են արվել ճնշումներ գործադրել վկաների նկատմամբ՝ վերջիններս դրդելով հօգուտ մեղադրյալների ցուցմունքներ տալուն: Ավելին՝ հոգեբանական ճնշումներ են գործադրվում, անգամ ֆիզիկական բռնություններ գործադրվում կատարած հանցագործության համար զղջացող ամբաստանյալի եւ նրա հարազատների նկատմամբ, դատական նիստերի ընթացքում սպառնում դատարանին եւ մեղադրողներին: Այդուհանդեձ՝ առ այսօր հարուցվել է ընդամենը 1 քրեական գործ վկայի կողմից դատարանում կեղծ ցուցմունք տալու համար, իսկ այդ հանգամանքը պարզելու հարցով դատախազությանն էր դիմել դատարանը. վկան դատական նիստի ժամանակ հայտարարել էր,  թե քրեական գործին կցված ցուցմունքը ինքը չի գրել եւ ստորագրել, այսինքն՝ քննիչը ստեղծել է կեղծ ապացույց:  Հայտարարության հանգամանքները ստուգելու համար հարուցվել է քրեական գործ, որի նախաքննությունը հանձնարարվել էր ՊՆ քննչական վարչությանը, նշանակվել դատաձեռագրաբանական փորձաքննություն, որի եզրակացությամբ հաստատվել էր, որ հարցաքննության արձանագրությունը ստորագրվել է անձամբ վկայի կողմից եւ այն կեղծված չէ, ուստիեւ նախաքննության արդյունքում որոշվել է վկային մեղադրանք առաջադրել դատարանում կեղծ ցուցմունք տալու համար: Եւս մեկ քրեական գործ հարուցվել է վկային սուտ ցուցմունքներ տալուն դրդելու նպատակով նրա նկատմամբ ճնշումներ գործադրելու համար՝  վկայի գրավոր հաղորդման հիման վրա: «Այսօր առանձին օրենքներ են մշակվում վկաների պաշտպանության, նրանց կողմնակի հնարավոր ազդեցություններից եւ նրանց ֆիզիկական անվտանգությունն  ապահովելու համար: Ինչո՞ւ ենք նման օրենսդրական դաշտ ձեւավորում, եթե չպետք է կիրառենք դա եւ չպետք է միջոցներ ձեռնարկենք վկաներին պաշտպանելու ուղղությամբ»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազը, ավելացնելով, որ ակնհայտ սուտ ցուցմունքներ տալու համար օրենսդրությամբ նախատեսված պատժամիջոցներ չկիրառելը կարող է դառնալ վատ նախադեպ, ինչը չի կարելի թույլատրել: Եվ հավաստիացրել, որ այսուհետ եւս վկաների պաշտպանության համար կձեռնարկվեն  օրենքով սահմանված բոլոր միջոցները:

Անդրադառնալով զանգվածային անկարգությունների ժամանակ ստացած մարմնական վնասվածքներից մահացած 10 անձանց մահվան հանգամանքները պարզաբանելու համար միջազգային փորձից, միջազգային հետքաբանական փորձագետների ծառայություններից օգտվելու համար Թ.Համմերբերգի հնչեցրած խորհուրդին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ դատախազությունը  2008 թվականի մարտ ամսից սկսած եւ  կոնկրետ հանգամանքների պարզաբանման, կոնկրետ փորձաքննություններ իրականացնելու համար միջազգային համապատասխան մասնագետներ եւ փորձագետներ տրամադրելու խնդրանքով գրություններ են ուղարկվել ինչպես ՄԱԿ-ի եւ ԵԱՀԿ-ի հայաստանյան գրասենյակների ղեկավարներին, այնպես էլ ԵԽ մարդու իրավունքների հանձնակատար Թ.Համմերբերգին, Հայաստանում ՀՀ ԱՄՆ դեսպանատանը, սակայն քրեագիտական, հետքաբանական փորձաքննությունների փորձառություն ունեցող որեւէ  փորձագետ չի տրամադրվել, թեեւ Հայաստանը պատրաստակամություն էր հայտնել անգամ անհրաժեշտ նյութերը փորձաքննության ուղարկել արտերկրում գործող փորձագիտական որեւէ կենտրոն, որը խորհուրդ կտան նշված հեղինակավոր միջազգային կառույցները:

ՀՀ գլխավոր դատախազը եւս մեկ անգամ նշել է, որ որոշ հանգամանքների պարզաբանման հարցում նախաքննական մարմինն իրոք ունի միջազգային փորձագետների օգնության կարիքը եւ եթե աշխարհում կան այնպիսի փորձագետ-հետքաբաններ, ովքեր կկարողանան օգնել քննությանը պարզելու, թե մասնավորապես քաղաքացիական երեք անձինք կոնկրետ որ ոստիկանի կիրառած հատուկ միջոցից են մահացել,  ապա Հայաստանը պատրաստ է հրավիրել նրանց՝ հոգալով դրա համար անհրաժեշտ ֆինանսական բոլոր ծախսերը: Առ այսօր նման փորձագետի կամ փորձագիտական հաստատատության տվյալներ դատախազությանը չեն տրամադրվել: