Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

21.11.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատարին

 

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԽ մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Թոմաս Համմարբերգի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում քննարկվել են Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների  կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքներին, դատախազության եւ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի, նորաստեղծ փաստահավաք խմբի համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նոյեմբերի 21-ի դրությամբ նախնական կալանքի տակ է գտնվում 7 մեղադրյալ, որոնց մասով նախաքննությունը դեռեւս 2008 թվականի սեպտեմբերի սկզբներին ավարտվել է եւ սահմանվել ժամկետ նախաքննության նյութերին ծանոթանալու համար: Պաշտպանական կողմի միջնորդության հիման վրա, նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող դատախազի կողմից, արդեն երկու անգամ երկարացվել է սահմանված ժամկետը: Ներկայումս՝ մեղադրյալներին եւ նրանց պաշտպաններին ժամանակ է տրամադրվել իրեղեն ապացույցներին ծանոթանալու համար եւ քրեական գործը դատարան ուղարկելու հարցը կորոշվի մեղադրյալների եւ պաշտպանների կողմից քրեական գործի նյութերին ծանոթանալուց եւ հնարավոր միջնորդությունները քննարկելուց հետո: ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է,  որ քրեական գործը դատարան ուղարկվելու դեպքում կապահովվի դրա հրապարակայնությունը:

Մարդու իրավունքների հանձնակատարի խնդրանքով ներկայացնելով նախաքննության արդյունքները՝  գլխավոր դատախազն անդրադարձել է նաեւ նշված իրադարձությունների ժամանակ ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համաչափությունը պարզելու ուղղությամբ իրականացված աշխատանքներին: Տեղեկացրել, որ դեռեւս մարտ ամսին ցուցում էր տրվել քննչական մարմնին՝ քննության առարկա դարձնել ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականությունը: Հարցաքննվել են  անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառմանը մասնակցած ոստիկանները եւ ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողները՝  ընդհանուր թվով շուրջ 500 անձ, առգրավվել են  մի շարք փաստաթղթեր, դրանց թվում ոստիկանության մատյանները, ինչպես նաեւ  ոստիկաններին եւ զինծառայողներին ամրացված հրազեններն ու հատուկ միջոցները: Առգրավվել են նաեւ  մահացած անձանց հագուստները եւ մարմիններից հանված առարկաները, որոնք ներկայացվել են փորձաքննությունների:

Նախաքննության ընթացքում պարզվել է նաեւ, որ ոստիկանության զորքերի կազմում  եղել է նաեւ 1 դիպուկահար, ով հարցաքննվել է դեռեւս 2008 թվականի հունիս ամսին: Փորձաքննությունների եզրակացությունների համաձայն՝ անկարգությունների ժամանակ հրազենային մարմնական վնասվածք ստացած անձանց մարմնից, ինչպես նաեւ մահացած անձանց դիակներից հանված գնդակներից  ոչ մեկը չի արձակվել դիպուկահարի հրացանից:

Անդրադառնալով կիրառված հատուկ միջոցներին՝ ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանի փորձագիտական հաստատությունների փոխանցմամբ փորձաքննությունների գործող մեթոդոլոգիան հնարավորություն չի տալիս իրականացնել նույնացում եւ միջազգային փորձագետների օգնությունը մնում է արդիական: Թ.Համմարբերգը տեղեկացրել է, որ այդ հարցը քննարկել է մի քանի արտասահմանյան այլ փորձագետների հետ եւ կտրամադրի Մեծ Բրիտանիայում աշխատանքի մեծ փորձառություն ունեցող մի փորձագետի տվյալներ, ով հնարավոր է կարող է օգտակար լինել այդ հարցում հայ փորձագետներին եւ քննչական մարմնին:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է կազմակերպել փորձագետի հրավերը:

Խոսելով  փաստահավաք խմբի հետ համագործակցության մասին՝ ՀՀ գլխավոր դատախազը հավաստիացրել է, որ դատախազությունը պատրաստակամ է տրամադրել իր տնօրինության տակ գտնվող անհրաժեշտ ծավալի տեղեկատվությունը նորաստեղծ խմբին, ինչպես տրամադրվում էր ԱԺ ժամանակավոր հանձնաժողովին: Միաժամանակ հույս հայտնել, որ փաստահավաք խմբին իրոք կհաջողվի ձեռք բերել փաստեր, որոնք օգտակար կլինեն նաեւ նախաքննությանը մի շարք հարցերի, հանգամանքների պարզաբանման հարցում: «Տարբեր անձերի, ուժերի կողմից հայտարարվում է, թե ունեն մի շարք տվյալներ տեղի ունեցած անկարգությունների վերաբերյալ, որոնք սակայն  նախաքննական  մարմնին չեն տրամադրում՝ պատճառաբանելով, թե չեն վստահում: Ստեղծվել է փորձագետներից կազմված անկախ  փաստահավաք մի խումբ, որին չվստահելու հիմքեր, կարծում եմ, չկան եւ հույս ունեմ, որ  այդ նյութերը, եթե այդպիսիք կան, կտրամադրվեն  խմբին»,- ասել է գլխավոր դատախազը՝ նշելով, որ դատախազությունը միմիայն շնորհակալ կլինի, եթե փաստահավաք խմբին հաջողվի ձեռք բերել նոր փաստեր, քանզի դա միմիայն կնպաստի քննության բազմակողմանիության եւ լրիվության ապահովմանը: