Տեսադարան

Դատախազությունը զգայուն վերաբերմունք ունի հատուկ կարիքներ ունեցող անձանց նկատմամբ. Աննա Վարդապետյան

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

21.11.2008 | Ոստիկանների դեմ օգտագործվել են պայթուցիկ նյութեր, հրազեն

Մարտի 1-2-ին Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային  անկարգությունների առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի նախաքննության ընթացքում քննության առարկա է եղել ինչպես ընդհանրապես ոստիկանության, այնպես էլ առանձին ոստիկանների գործողությունների օրինականության հարցը:

Դեռեւս 2008 թվականի մարտի 10-ին ՀՀ գլխավոր դատախազի կողմից ցուցում էր տրվել քննչական խմբին՝ իրականացվող քննության շրջանակներում բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ պարզել քննվող դեպքերի ընթացքում ոստիկանության ծառայողների կողմից ֆիզիկական ուժ, հատուկ միջոցներ և հրազեն գործադրելու բոլոր հանգամանքները՝ ներառյալ յուրաքանչյուր դեպքում այդպիսիք գործադրելու կամ գործադրումից ձեռնպահ մնալու հիմքերն ու հիմնավորումները:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում  պարզվել է, որ անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառմանը մասնակցել են ոստիկանները եւ ՀՀ ոստիկանության զորքերի զորամասերի զինծառայողները, որոնց կազմում եղել է նաեւ 1 դիպուկահար: Քննչական մարմինը ճշտել է  դիպուկահարի ինքնությունը, ով 2008 թվականի հունիս ամսին հարցաքննվել է: Ոստիկանությունից առգրավված մատյանների ուսումնասիրությամբ պարզվել է, որ դիպուկահարին հատկացված է եղել  ՍՎԴ տեսակի հրացան:

Սույն հանգամանքը նախաքննական մարմինը, ինչպես արդեն նշել ենք,  պարզել է դեռեւս հունիս ամսին, ինչի մասին հասարակության առավել լայն շրջանակներին տեղեկատվություն չի հրապարակվել նախաքննության շահերից ելնելով. դիպուկահարի հայտնած տեղեկությունների ուղղությամբ նախաքննությունը դեռեւս շարունակվում է եւ դրանց հրապարակումը  կարող էր խոչընդոտել քննությանը:

Այդ վտանգը առկա է նաեւ այսօր. անկարգության մասնակիցների թվում եղել են անձինք, ովքեր օգտագործել են հրազեն եւ կրակել զինծառայողների ուղղությամբ, նետել մարտական նռնակներ, որի հետեւանքով գրանցվել են մարդկային զոհեր: Այդ անձանց նկարագրի վերաբերյալ նախաքննական մարմինն ունի կոնկրետ տվյալներ եւ նրանց հայտնաբերելու ուղղությամբ հստակ հանձնարարականներ են տրվել օպերատիվ-որոնողական մարմիններին: Օպերատիվ-որոնողական աշխատանքները դեռեւս շարունակվում են եւ քննության լրիվությունն ապահովելու նկատառումներից ելնելով  նախաքննական մարմինն առայժմ նպատակահարմար չէր գտնում հրապարակել որոշ տվյալներ: Սակայն կան անձինք, ուժեր, որոնց համար ըստ ամենայնի քրեական գործով օբյեկտիվ ճշմարտության բացահայտումն առաջնային չէ եւ նախընտրում են զբաղվել էժանագին «սենսացիաներով»:

Հետագա ավելորդ շահարկումներից խուսափելու համար՝ տեղեկացնում ենք, որ անկարգությունները կանխելուն ուղղված միջոցառմանը մասնակցած ոստիկանության զորքերի կազմում եղել է 1 դիպուկահար, ով խնդիր է ունեցել ապահովել զինծառայողների անվտանգությունը՝ զինված հարձակումներից:

Նախաքննության ունեցած տվյալներով՝  Լեո-Պարոնյան փողոցների խաչմերուկից զինծառայողների  ուղղությամբ նռնակ է նետվել: Պայթյուն է տեղի ունեցել բուժտեխնիկայի խանութի և Օպել մակնիշի մեքենայի արանքում:  Նկատի ունենալով, որ որոշ ուժեր եւ նրանց ծառայող  լրատվամիջոցներ անհարկի շահարկում են անկարգությունների ժամանակ մարտական նռնակների օգտագործման փաստը՝ հայտարարում ենք,  որ անկարգությունների մասնակիցների կողմից մարտական նռնակներ, պայթուցիկ նյութեր ոստիկանների նկատմամբ 2008 թվականի մարտի 1-ին կիրառվել են, որի հետեւանքով մահացել է  նաեւ ոստիկանության կապիտան Համլետ Թադեւոսյանը:

Իրականությանը չեն համապատասխանում բոլոր այն պնդումները, թե, իբր, Հ.Թադեւոսյանի դիակից հանված մետաղական բեկորները փորձաքննության չեն ենթարկվել: Փորձաքննության ենթարկվել են ոչ միայն նրա, այլ նաեւ մյուս  անձանց դիակներից հայտնաբերված գնդակները եւ փորձաքննության եզրակացության  համաձայն՝ Հ.Թադեւոսյանի դիակի եւ հագուստի վրայից հայտնաբերված բեկորները բեկորացվել են պայթյունի հետևանքով, որոնք գործարանային արտադրության «Ֆ-1», «ՌԳԴ-5», և «ՌԳ-42» տեսակի նռնակների պայթեցնելու համար նախատեսված «ՈՒԶՌԳՄ» տեսակի պայթուցիչի միացման ականոցի վերին հատվածի բեկոր են: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ ոստիկանության զորքերի սպառազինության մեջ մարտական նռնակներ չեն եղել:

Զինծառայողների ուղղությամբ արձակվել են նաեւ կրակոցներ ավտոմատից ու ատրճանակից:

Ատրճանակով զինված հանցագործին վնասազերծելու և զինվորների կյանքին սպառնացող վտանգը չեզոքացնելու նպատակով դիպուկահարը կրակել է նրա ոտքին: Վնասվածք ստացած անձը հասցրել է թաքնվել: Նրան հայտնաբերելու ուղղությամբ կատարված աշխատանքները դեռեւս արդյունք չեն տվել:

Միջոցներ են ձեռնարկվում զանգվածային անկարգությունների բոլոր մասնակիցներին, զինծառայողների նկատմամբ զինված հարձակումներ գործած, անկարգությունների ժամանակ հրազեն եւ պայթուցիկ նյութեր օգտագործած բոլոր անձանց հայտնաբերելու ուղղությամբ: