Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

30.10.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ԵԽ գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցչին

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարի նորանշանակ հատուկ ներկայացուցիչ  Սիլվիա Զեհեին:

Շնորհավորելով տիկին Զեհեին նշանակման կապակցությամբ` ՀՀ գլխավոր դատախազը հույս է հայտնել, որ նրա պաշտոնավարման ժամանակ կշարունակվեն նախկինում  ձեւավորված համագործակցության  լավ ավանդույթները` նախանշելով  դրանք զարգացնելու նոր ուղղություններ:  Ս.Զեհեի փոխանցմամբ` եվրախորհրդի համար ՀՀ դատախազությունը համարվում  է համագործակցության հիմնական գործընկերներից մեկը եւ մի շարք ծրագրերի շուրջ շարունակվելու է փոխգործակցությունը: 
Կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումներին, Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիտորինգի հանձնաժողովի թիվ 1609 եւ 1620 բանաձեւերի կատարման ընթացքին, դատախազություն- ԱԺ ժամանակավոր հանձնաժողով-փաստահավաք խումբ համագործակցությանը վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազն ընդհանուր գծերով ներկայացրել է Երեւան քաղաքում 2008 թվականի մարտի 1-2-ին տեղի ունեցած զանգվածային անկարգությունների կապակցությամբ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքը, արդյունքներն ու դժվարությունները եւ բարձր գնահատել փաստահավաք խմբի կազմավորումը: «Փաստահավաք խմբի գործունեությունը ձեռնտու է նախեւառաջ դատախազությանը՚,- վստահեցրել է գլխավոր դատախազը» նշելով, որ դատախազությունը միմիայն շնորհակալ կլինի, եթե փաստահավաք խմբին հաջողվի ձեռք բերել նոր փաստեր, որոնք կնպաստեն գրանցված մահվան 10 դեպքերի, շուրջ 250 անձանց մարմնական վնասվածքներ ստանալու հանգամանքների պարզաբանմանն ու մեղավորների բացահայտմանը, ոստիկանների գործողությունների օրինականությանն ու համաչափությանը գնահատական տալուն, տեղի ունեցած անկարգությունների բոլոր մասնակիցների՝ կատարողների, դրդողների, օժանդակողների եւ կազմակերպիչների հայտնաբերմանը:

Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ նախաքննության 6 ամիսների ընթացքում դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 104 անձի վերաբերյալ, որոնցից այսօր դատաքննության փուլում է շուրջ 10 քրեական գործ. մնացած քրեական գործերով արդեն իսկ կայացվել են դատական ակտեր: Ներկայումս նախնական կալանքի տակ է գտնվում 7 անձ, որոնց մասով  նախաքննությունն ավարտվել է սեպտեմբերի 5-ին, իսկ սեպտեմբերի 10-ից նրանց եւ նրանց պաշտպաններին հնարավորություն է տրվել ծանոթանալ քրեական գործի նյութերին: Անցած 50 օրերի ընթացքում քրեական գործի նյութերին ծանոթանալն ավարտել է միայն մեկ մեղադրյալ:

Անթույլատրելի համարելով  քաղաքական հայացքների, քաղաքական գործունեության համար անձի նկատմամբ հետապնդում իրականացնելը՝ ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ որոշ ուժերի կողմից այս սկզբունքը, որն ամրագրված է նաեւ Մոնիտորինգի հանձնաժողովի բանաձեւում, ներկայացվում է ձեւախեղված եւ փորձ է արվում քաղաքական գործունեության շղարշով պարտակել քրեական հանցագործությունները: Անձին չի կարելի պատասխանատվության ենթարկել քաղաքական գործունեության համար, բայց սա չի նշանակում, որ քաղաքական գործունեությամբ զբաղվող անձը չի կարող պատասխանատվության ենթարկվել քրեորեն հետապնդելի արարք կատարելու համար: