Տեսադարան

Ապօրինի ծագման գույքի երկու գործով կնքվել է հաշտություն պետությանը կվերադարձվի 132 մլն դրամ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

27.10.2008 | Ակնկալվում է միջազգային փորձագետների օգնությունը

ՀՀ գլխավոր  դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիին:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության ընթացքին եւ արդյունքներին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազն ընդհանուր գծերով ներկայացրել է նախաքննական մարմնի ձեռնարկած քայլերը, արդյունքներն ու դժվարությունները: Տեղեկացրել, որ նախաքննական մարմնի առջեւ խնդիր է դրվել լիարժեք պարզել տեղի ունեցած անկարգությունների մասնակիցների ամբողջ շրջանակըը՝ ինչպես կատարողներին, այնպես էլ դրդողներին, օժանդակողներին եւ նրանցից յուրաքանչյուրի գործողություններին տալ իրավական գնահատական:

Հոկտեմբերի 27-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 89 քրեական գործ՝ 104 անձի վերաբերյալ: Նախնական կալանքի տակ է գտնվում 7 անձ, որոնց մասով նախաքննությունն ավարտվել է դեռեւս սեպտեմբերի սկզբներին եւ սեպտեմբերի 10-ից նրանց հնարավորություն է տրվել ծանոթանալու քրեական գործի նյութերին: Սակայն մտահոգության տեղիք է տալիս  մեղադրյալների կողմից՝ քրեական գործի նյութերին ծանոթանալու համար ողջամիտ ժամկետները խախտելու միտումը.  արդեն 47 օր է, ինչ մեղադրյալներն ու նրանց պաշտպանները  ծանոթանում են քրեական գործի 41 հատորներին: ՀՀ գլխավոր դատախազը նշել է, որ նրանցից յուրաքանչյուրին մեղադրանք է առաջադրվել քրեորեն հետապնդելի կոնկրետ արարքներ կատարելու համար:  «Լիովին ընդունում ենք Եվրոպայի խորհրդի պահանջը՝ որեւէ մեկը չպետք է պատասխանատվության ենթարկվի իր քաղաքական  հայացքների, ելույթների համար եւ մեղադրանքներ են առաջադրվել միայն  կոնկրետ գործողություններ կատարելու՝ անկարգություններին անմիջական մասնակցելու,  դրդելու  ու օժանդակելու համար»,- ասել է գլխավոր դատախազը՝ նկատելով, որ քրեորեն հետապնդելի արարքներ կատարելու համար առաջադրված մեղադրանքները մեզանում փորձ է արվում քաղաքականացնել, որովհետեւ անկարգությունները տեղի են ունեցել ոչ թե մարզական կամ մշակութային, այլ քաղաքական ուժի կողմից կազմակերպված հրապարակային միջոցառման ժամանակ:

Հյուրի խնդրանքով անդրադառնալով արձանագրված մահվան 10 դեպքերի քննությանը՝ ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ նախաքննությամբ հաջողվել է   ճշտել մի շարք հանգամանքներ, սակայն ի հայտ են եկել որոշ խնդիրներ, որոնց պարզաբանման հարցում ակնկալում են միջազգային փորձագետների, փորձագիտական հաստատությունների օգնությունը:   Մասնավորապես՝ հայ փորձագետները որոշակի դժվարություններ ունեն կիրառված հատուկ միջոցների նույնացման հարցում:

Ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցների հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից մահացել է  3 քաղաքացի եւ  քննչական մարմինն ունի  միջազգային փորձագետների մասնագիտական օգնության կարիքը՝ պարզելու կոնկրետ այն ինքնաձիգը, որից կիրառված  հատուկ միջոցը դարձել է կոնկրետ քաղաքացու մահվան պատճառ: Գլխավոր դատախազը միաժամանակ տեղեկացրել է, որ քննության տվյալներով կիրառված հատուկ միջոցները եղել են ժամկետանց եւ քննության առջեւ խնդիր  է դրվել  իրավական գնահատական տալ իրավախախտում թույլ տված յուրաքանչյուր անձի գործողություններին:

Նախաքննությամբ պարզվել է նաեւ մահացած մնացած 7 անձանց վնասվածքի բնույթը: Ըստ այդմ՝  1-ը կյանքի համար վտանգավոր մարմնական վնասվածքներ է ստացել նռնակի պայթյունից, 1-ը՝ բութ գործիքից, 5-ը՝ հրազենից: Ընդ որում՝ 2 անձի հրազենային վնասվածքները եղել են թափանցիկ, իսկ մյուս երեքի գնդակները հաջողվել է հայտնաբերել եւ առգրավել: Ոստիկանությունից առգրավվել են նաեւ մարտի 1-2-ին՝ նշված տարածք ծառայության ուղարկված ոստիկաններին ամրակցված զենքերի վերաբերյալ մատյանները, զենքերը, որոնք ուղարկվել են  փորձաքննության՝ դեպքի վայրից առգրավված գնդակների եւ պարկուճների հետ միասին:

Կողմերը պայմանավորվել են շարունակել շփումներն ու քննարկումները: