Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

08.10.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է ամերիկացի փորձագետին

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը հոկտեմբերի 7-ի երեկոյան ընդունել է ԱՄՆ-ից ժամանած փորձագետ Ջոն Ֆարմերին եւ Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ դեսպանատան իրավախորհրդատու Ստիվեն Կեսլերին:  Ջոն Ֆարմերը  2003- 2004թթ. եղել է ԱՄՆ-ում սեպտեմբերի 11-ին իրականացված ահաբեկչական հարձակումների հարցով ազգային հանձնաժողովի ավագ փաստաբանը՝ զբաղվելով  ահաբեկչական հարձակումներից ԱՄՆ-ում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո ձեռնարկված արձագանքման արտակարգ գործողություններին վերաբերող հարցերով: Նախկինում զբաղեցրել է Նյու Ջերսի նահանգի գլխավոր դատախազի պաշտոնը, եղել նաեւ քաղաքական կոռուպցիայի եւ կազմակերպված հանցավորության վերահսկման հարցերով զբաղվող Նյու Ջերսիի հետաքննությունների նահանգային հանձնաժողովի անդամ:

Հանդիպմանը մասնակցում էին նաեւ ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Անդրանիկ Միրզոյանը, ՀՀ գլխավոր դատախազության ավագ դատախազ Կորյուն Փիլոյանը, մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների դեպքերի առթիվ հարուցված քրեական գործով նախաքննություն իրականացնող քննչական խմբի ղեկավար Վահագն Հարությունյանը, ՀՀ առողջապահության նախարարության դատաբժշկական փորձաքննությունների եւ գիտագործնական կենտրոնի ղեկավար Շոթա Վարդանյանը, ՀՀ ԳԱԱ փորձաքննությունների ազգային բյուրոյի ղեկավար Արտաշես Ջավադյանը, ՀՀ ոստիկանության փորձաքրեագիտական վարչության պետ Ստեփան Մանուկյանը:

Հանդիպման ընթացքում աշխատանքային կարգով քննարկվել են Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգություններից հետո նախաքննական մարմնի ձեռնարկած միջոցառումները,  արդյունքները, դժվարությունները եւ մի շարք այլ հարցեր՝ կապված քննության մեթոդիկայի եւ քննչական գործողությունների տակտիկայի հետ: ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ դեպքի վայրում տեղազննություն կատարելու նպատակով այն պայմանականորեն բաժանվել է 9 տեղանքի, ձեւավորվել են քննչական տարբեր ենթախմբեր՝ ըստ դրվագների քննություն կատարելու, տուժած բոլոր անձանց հայտնաբերելու համար: Պահանջվել եւ առգրավվել են պաշտոնական կառույցների կողմից իրականացված նկարահանումները, միաժամանակ միջոցներ են ձեռնարկվել նաեւ տարբեր հեռուստաընկերությունների, մասնավոր հիմնարկների եւ անձանց կողմից կատարված նկարահանումները ձեռք բերելու ուղղությամբ, որոնց հետազոտումն առ այսօր շարունակվում է: Ոստիկանությունից առգրավվել են մարտի 1-2-ին՝ նշված տարածք ծառայության ուղարկված ոստիկաններին ամրակցված զենքերի վերաբերյալ մատյանները, ինչպես նաեւ զենքերը, որոնք նույնպես ուղարկվել են փորձաքննության՝ դեպքի վայրի տեղազննությամբ հայտնաբերված պարկուճների եւ գնդակների հետ միասին: Որոշակի դժվարություններ են առաջացել ոստիկանների կողմից կիրառված հատուկ միջոցներից արձակված փամփուշտների նույնացման հարցում, քանի որ  գործող մեթոդոլոգիան թույլ չի տալիս իրականացնել այդ աշխատանքը, ինչն անհրաժեշտ է առանձին ոստիկանների գործողությունների օրինականությանն ու համաչափությանը իրավական գնահատական տալու համար: Նախաքննությամբ պարզվել է, որ  3 քաղաքացիների մահվան պատճառ է դարձել կիրառված հատուկ միջոցը, կոնկրետ այդ տեսակի հատուկ միջոցն օգտագործվել է 4 ոստիկանների կողմից, որոնց տեղաբաշխումն այնպիսինն է եղել, որ նրանցից յուրաքանչյուրի կողմից կիրառված հատուկ միջոցը կարող էր այդ քաղաքացիների մահվան պատճառ դառնալ: Ականատես քաղաքացիներին հայտնաբերելու ուղղությամբ օպերատիվ-որոնողական աշխատանքներ իրականացնող մարմիններին տրված հանձնարարականը դեռեւս արդյունքներ չեն տվել եւ նախաքննական մարմնին նման վկաներ չեն ներկայացվել: Ստեղծված պայմաններում փորձաքննությունը կարող է էական նշանակություն ունենալ կոնկրետ այդ դրվագների ուղղությամբ իրականացվող նախաքննության համար:

Ամերիկացի փորձագետը խոստացավ ԱՄՆ պետքարտուղարության հետ քննարկել այդ հարցը եւ պարզել արդյոք կարող են այդ հարցում օգնել քննությանը: Ընդ որում՝ գլխավոր դատախազը պատրաստակամություն հայտնեց ոչ միայն Հայաստանում ընդունել համապատասխան մասնագետին, այլ նաեւ անհրաժեշտ նյութերն ուղարկել փորձաքննության՝ որեւէ այլ փորձագիտական կենտրոն, որտեղ խորհուրդ կտան ամերիկացի փորձագետները:

Ջ.Ֆարմերը տեղեկացրել է, որ իրենց հիմնական խնդիրն են համարում հայ գործընկերներին փոխանցել սեպտեմբերի 11-ի հանձնաժողովի աշխատանքների կազմակերպման փորձը եւ մի քանի ժամ տեւած աշխատանքային հանդիպման ընթացքում քննարկվել են նաեւ ՀՀ ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ նախաքննական մարմնի համագործակցությանը վերաբերող հարցեր: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկա օրերին շարունակել աշխատանքային քննարկումը: