ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար, դեսպան Սերգեյ Կապինոսի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Երեւան քաղաքում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի դատաքննության նկատմամբ ԵԱՀԿ-ի նախաձեռնությամբ մոնիտորինգ իրականացնող խմբի ներկայացուցիչները:
Կողմերը քննարկել են մոնիտորինգի խմբի աշխատանքներին, լրագրողների նկատմամբ արձանագրված բռնության դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերի նախաքննության ընթացքին, ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ նախաքննական մարմնի համագործակցությանը վերաբերող հարցեր:
Գոհունակություն հայտնելով մոնիտորինգի խմբին ցուցաբերված աջակցության եւ անհրաժեշտ տեղեկատվությունը տրամադրելու համար՝ հյուրերը տեղեկացրել են, որ խմբի եզրակացությունը կհրապարակվի նշված քրեական գործերով դատաքննության ավարտից հետո՝ հավանաբար 2009 թվականի սկզբներին: Այն իր մեջ կպարունակի նաեւ առաջարկություններ, երաշխավորություններ, որոնք կարող են օգտակար լինել դատաքննությունների ընթացքում արձանագրված հնարավոր բացթողումները, խախտումները վերացնելու, շտկելու հարցում:
ՀՀ գլխավոր դատախազը նկատել է, որ միայն անաչառ մոնիտորինգը կարող է վեր հանել իրական խախտումները եւ նպաստել դրանց վերացմանը՝ ըստ այդմ կարեւորելով օբյեկտիվ մոնիտորինգի իրականացումը: Միաժամանակ հույս է հայտնել, որ դիտարկումների արդյունքում բարձրացված հարցադրումները կնպաստեն պատկան մարմինների աշխատանքների կատարելագործմանը, քանի որ մասնագիտական այլ օգնություն ԵԱՀԿ-ն, ինչպես նաեւ միջազգային որեւէ այլ կառույց գործնականում այդպես էլ չեն ցուցաբերել նախաքննական մարմնին՝ չնայած բանավոր հավաստիացումներին:
Ա.Հովսեփյանը տեղեկացրել է նաեւ, որ համագործակցության ռեալ մեխանիզմներ են ձեւավորվել ԱԺ ժամանակավոր հանձնաժողովի եւ նախաքննական մարմնի միջեւ: Հանձնաժողովին տրամադրվում է անհրաժեշտ տեղեկատվությունը նախաքննության ընթացքի, արդյունքների մասին, գործող օրենսդրության շրջանակներում հնարավորություն ընձեռվում հանձնաժողովի անդամներին ներկա գտնվել նախաքննության շրջանակներում իրականացվող այս կամ այն քննչական գործողությանը:
Անդրադառնալով առանձին փաստահավաք խմբի ձեւավորման նախաձեռնությանը՝ ՀՀ գլխավոր դատախազն կարեւորել է այն, նշելով, որ խումբը կարող է օգնել նախաքննական մարմնին նոր փաստերի հայտնաբերմամբ, ինչը կնպաստի տարբեր հանգամանքների պարզաբանմանը: Ս.Կապինոսն իր հերթին նկատել է, որ փաստահավաք խմբի գործունեության արդյունավետությունը մեծապես պայմանավորված է նրան տրվելիք կարգավիճակով՝ կարեւորելով այդ խմբում շահագրգիռ բոլոր կողմերի, այդ թվում ընդդիմության ներկայությունը: