Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.09.2008 | Ավարտվել է նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով նախաքննությունը

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ավարտվել է ՀՀ Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ կատարելու, Երեւան քաղաքում սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում  նախնական կալանքի տակ գտնվող 7 մեղադրյալների մասով նախաքննությունը:

 Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ  2008թ. փետրվարի 19-ին կայացած Հայաստանի Հանրապետության Նախագահի ընտրություններում Լևոն Տեր-Պետրոսյանի ակնհայտ պարտությունից հետո Մյասնիկ Մալխասյանը, Սասուն Միքայելյանը, Հակոբ Հակոբյանը, Ալեքսանդր Արզումանյանը, Շանթ Հարությունյանը, Գրիգոր Ոսկերչյանը, Սուրեն Սիրունյանը, Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը և մյուսները, համոզվելով, որ ՀՀ Սահմանադրությամբ սահմանված ընթացակարգով իշխանության գալ հնարավոր չէ, Հայաստանի Հանրապետությունում պետական իշխանությունը յուրացնելու ուղղակի դիտավորությամբ և նպատակով, գալով համաձայնության՝ յուրաքանչյուրն ըստ իրեն վերապահված դերաբաշխման, կազմակերպել ու անմիջականորեն իրականացրել է պետության ներքաղաքական իրավիճակն ապակայունացնելու, պետական համակարգը քայքայելու միջոցով ՀՀ սահմանադրական կարգը բռնությամբ տապալելուն և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված դիտավորյալ գործողություններ:

Վերը թվարկված անձինք, որպես պետական իշխանության ներկայացուցիչների նկատմամբ ուժ գործադրելու պատրաստակամության դրսևորում, տարբեր միջոցներով՝ իրենց շրջապատի նկատմամբ անձնական և ծառայողական ազդեցություն գործադրելով, հարկադրելով, սին խոստումներ տալով, ինչպես նաև որոշակի վարձատրության դիմաց հավաքագրելով մարդկանց հոծ բազմություն, օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպել և 2008թ. փետրվարի 20-ից Երևան քաղաքում տևական ժամանակահատվածում անցկացրել են զանգվածային հրապարակային միջոցառումներ, որոնց ընթացքում սադրիչ բնույթի ելույթներով, կոչերով և ամբոխավարական կրքեր հրահրելու եղանակով բազմությանը մղել են պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված գործողությունների կատարմանը: Հանցավոր մտադրությունն ավարտին հասցնելու նպատակով, որպես պետական իշխանությունը բռնությամբ զավթելու միջոց, Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ իրագործելու մտադրությամբ խմբի անդամներն ինչպես անձամբ, այնպես էլ իրենց հետ համագործակցելու ցանկություն հայտնած այլ անձանց միջոցով կազմավորել են զանգվածային բռնարարքների կատարմանը պատրաստ անձանց խմբեր և կազմակերպել նրանց շրջանում ապօրինի կերպով ձեռք բերված հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների բաշխում:

2008թ. մարտի 1-ի վաղ առավոտյան, երբ ոստիկանության աշխատակիցները, իրացնելով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով հրազենի, ռազմամթերքի, պայթուցիկ նյութերի, պայթուցիկ սարքերի, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների ապօրինի շրջանառության մասին օպերատիվ տեղեկությունը, փորձել են Ազատության հրապարակում հայտնաբերել և առգրավել դրանք, զանգվածային միջոցառման կազմակերպիչների հրահանգով հրապարակում գտնվող բազմության մի ստվար զանգված հանրավտանգ հիշյալ պարագաների օգտագործմամբ դիմադրություն է ցույց տվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին` կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելով վերջիններիս նկատմամբ, ընդ որում Մյասնիկ Մալխասյանն անձամբ է ղեկավարել ոստիկաններին դիմադրություն ցույց տվող ամբոխի գործողությունները՝ կոչեր անելով չընկրկել և թույլ չտալ նրանց մուտք գործել հրապարակ:
 Այնուհետև, զանգվածային միջոցառման մասնակիցները Ալեքսանդր Արզումանյանի, Նիկոլ Փաշինյանի  և նրանց՝ վերը թվարկված մյուս հանցակիցների ուղղորդմամբ և հրահանգով, տեղափոխվել, հասարակական և մասնավոր տրանսպորտային միջոցները դիտավորությամբ վնասելով, շահագործումից դուրս բերելով և արգելապատնեշներ կառուցելով դիրքավորվել են Մյասնիկյանի արձանի հարակից տարածքում, որտեղ վերջիններս հրահրել, կազմակերպել, անմիջականորեն ղեկավարել են զանգվածային անկարգությունները, կոչ արել զինվել մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված և ձեռնահաս այլ միջոցներով ու բռնություններ գործադրել հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, չենթարկվել վերջիններիս օրինական պահանջներին, իրենց իսկ հավաքագրած անձանց միջոցով ներգրավել են նոր մարդկանց, ամբոխի առավել ագրեսիվ զանգվածին բաժանել զենքեր, մարմնական վնասվածքներ պատճառելու, հրկիզումներ ու ավերումներ առաջացնելու համար հարմարեցված մետաղական ձողեր, մահակներ, ամրաններից պատրաստված «ոզնի» կոչվող սրածայր մետաղական կոնստրուկցիաներ, բենզինով լցված շշեր՝ «Մոլոտովի կոկտեյլ» և այլ պարագաներ:

 Արդյունքում՝ 2008թ. մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Մյասնիկյանի արձանի և Երևանի քաղաքապետարանի հարակից տարածքում, Երևանի Գր. Լուսավորիչ, Մաշտոց, Լեո և Պարոնյան փողոցներում հրազեն, ռազմամթերք, պայթուցիկ նյութեր և սարքեր գործադրելով կատարվել են զանգվածային անկարգություններ, որոնց ընթացքում զինված դիմադրություն է ցույց տրվել իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցներին, ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայողներին, սպանվել է 10 անձ, տարբեր ծանրության աստիճանների մարմնական վնասվածքներ են ստացել 187 ՀՀ ոստիկանության զորքերի զինծառայող ու ոստիկանության աշխատակից, 32 քաղաքացիական անձ, ջարդերի, գույքի դիտավորյալ ոչնչացման, վնասելու և թալանելու հետևանքով ՀՀ ոստիկանությանը պատճառվել է 25.980.093 դրամի վնաս, Երևան քաղաքին և Կենտրոն թաղային համայնքին՝ 69.288.760 դրամի վնաս, իրավաբանական անձանց՝ 339.954.866 դրամի վնաս, հրկիզվել և վնասվել է 92 տրանսպորտային միջոց, որի հետևանքով ՀՀ ոստիկանությանը, քաղաքացիներին և ուղևորափոխադրող ընկերություններին պատճառվել է ընդհանուր առմամբ 70.854.525 դրամի վնաս:

 Ընդ որում, զանգվածային անկարգությունների մասնակիցները հասարակական կարգի պահպանություն իրականացնող ոստիկանության ծառայողների վրա պարբերաբար կրկնվող զինված հարձակումներով փորձել են Գր. Լուսավորիչ, ապա Պարոնյան փողոցներով առաջ շարժվել դեպի Պռոշյան փողոց, ուր Ձորափի 77ա հասցեում գտնվում են ՀՀ Նախագահի անձնակազմի կառավարական առանձնատները և Պռոշյան փողոցով դեպի Մարշալ Բաղրամյան փողոց, ուր գտնվում է ՀՀ Ազգային ժողովը: Զինված հարձակումները և տեղի ունեցող զանգվածային անկարգությունները դադարել են միայն արտակարգ դրություն հայտարարելուց և իրավապահների կողմից դրանք կանխելուց հետո:

Նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար ապացույցներ Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի, Ալեքսանդր Արզումանյանի, Շանթ Հարությունյանի, Գրիգոր Ոսկերչյանի, Սուրեն Սիրունյանի կողմից քրեորեն հետապնդելի կոնկրետ գործողություններ կատարելու վերաբերյալ   եւ ապացույցների հիման վրա՝ Հ.Հակոբյանին, Ալ.Արզումանյանին, Շ.Հարությունյանին, Գ.Ոսկերչյանի, Ս.Սիրունյանին առաջադրվել են մեղադրանքներ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով եւ 300-րդ հոդվածի 1-ին մասով, Մ.Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով եւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասով, Սասուն Միքայելյանին՝  ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 3-րդ մասով, 300-րդ հոդվածի 1-ին մասով, 235-րդ հոդվածի 1-ին եւ 2-րդ մասերով:

Նշված 7 մեղադրյալների վերաբերյալ քրեական գործի նյութերն անջատվել են առանձին վարույթ եւ սույն թվականի սեպտեմբերի 4-ին նրանց հայտնվել է նախաքննության ավարտի մասին, սահմանվել է քրեական գործի նյութերին ծանոթանալու ժամկետ:

Մեղադրյալներ Նիկոլ Փաշինյանը, Խաչատուր Սուքիասյանը, Համլետ Հովհաննիսյանը, Վիրաբ Մանուկյանը գտնվում են հետախուզման մեջ եւ ձեռնարկվում են օպերատիվ-որոնողական միջոցառումներ նրանց հայտնաբերելու ուղղությամբ: Բացի այդ շարունակվում է  նախաքննությունը հանցագործության կատարմանը ներգրավված այլ անձանց ի հայտ բերելու եւ նրանց գործողություններին իրավական գնահատական տալու ուղղությամբ:

Սեպտեմբերի 5-ի դրությամբ՝ դատարան է ուղարկվել 88 գործ՝ 103 անձի վերաբերյալ, որոնցից 74 գործով՝ 86 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է եւ կայացվել են դատավճիռներ: Ըստ այդմ՝  5 անձ արդարացվել է, որոնցից 2-ով դատախազն է դատաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա հրաժարվել մեղադրանքից, 1 անձի վերաբերյալ քրեական գործը կարճվել է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով նախատեսված կարգով՝ ամբաստանյալի հետ հաշտվելու հիմքով, 5 անձի նկատմամբ որպես պատիժ է նշանակվել տուգանքը, 39 անձ դատապարտվել է ազատազրկման՝ 6 ամսից մինչեւ 6 տարվա ազատազրկման, 36 մեղադրյալի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել  եւ սահմանվել է փորձաշրջան: