Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.09.2008 | Սեպտեմբերի 2-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 7 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է  Ֆելիքս Գեւորգյանի եւ Արմեն Խուրշուդյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Նախաքննությամբ  պարզվել եւ հիմնավորվել է, որ  Ֆելիքս Գևորգյանը  անմիջականորեն մասնակցել է 2008 թվականի մարտի 1-ից 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած՝ բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ,  վնասումով, բացահայտ հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով զուգորդված զանգվածային անկարգություններին: Մասնավորապես՝   Ֆ. Գևորգյանը 2008 թվականի մարտի 1-ին տեղեկանալով, որ Երևան քաղաքում անցկացվող ցույցերը վերածվել են զանգվածային անկարգությունների,  որոշել է անձամբ գնալ Երևան և մասնակցել դրանց: Ժամը 21-ի սահմաններում տաքսի ավտոմեքենայով Զովունի գյուղից գնացել է Երևան՝ իր հետ վերցնելով  ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը և 7,62 մմ տրամաչափի մի քանի փամփուշտ:  Նույն օրը՝ ժամը 23:30-ի սահմաններում, գտնվելով Երևան քաղաքի Պարոնյան 7 բնակելի շենքի մոտ՝ «Ութ» սուպերմարկետի դիմաց, և տեսնելով, որ զանգվածային անկարգությունները կանխելու նպատակով իրենց ծառայողական պարտականությունները կատարող, իշխանության ներկայացուցիչներ հանդիսացող ոստիկանության աշխատակիցները շարք կազմած Լեոյի փողոցի կողմից փորձում են իջնել դեպի Մաշտոցի պողոտա, վերջիններիս զինված դիմադրություն ցույց տալու դիտավորությամբ, նրանց օրինական գործողություններին խոչընդոտելու, վախեցնելու և զանգվածային անկարգությունների մասնակիցներին ոգեշնչելու նպատակով իր մոտ ապօրինի կերպով գտնվող հրազեն հանդիսացող ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգի գործադրմամբ մի քանի անգամ կրակոցներ է արձակել օդ: 2008 թվականի մարտի 2-ին՝ ժամը 03-ի սահմաններում, երբ իրավապահները կանխել են զանգվածային անկարգությունները, վերադարձել է Զովունի՝ իր հետ տանելով ինքնաձիգը, որը թաքցրել է իրենց տան բակում՝ մետաղյա թիթեղների տակ:

2008 թվականի հունիսի 26-ին վերը նշված  107097 համարի, 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրը և գործարանային արտադրության ԻԷ-3766 - ՎԻ-9419 համարի ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը Ֆելիքս Գևորգյանի քույրը՝ Մարինե Գևորգյանը, Երևան քաղաքի Կորյունի 23/2 հասցեում գտնվող իր տանը կամովին ներկայացրել է իրավապահներին:

Նախաքննությամբ ձեռնարկված միջոցառումների արդյունքում բացահայտվել է նաեւ Ֆ.Գեւորգյանի կողմից կատարված մեկ այլ հանցագործություն եւ որ նշված ինքնաձիգը նա ձեռք է բերել հափշտակության միջոցով՝ 2007 թվականի աշնանը: Նախաքննությամբ մասնավորապես հիմնավորվել է, որ  Կոտայքի մարզի Զովունի գյուղի բնակիչ, նախկինում երկու անգամ դատված Ֆելիքս  Գևորգյանը և  Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղի բնակիչ, նախկինում դատված Արմեն  Խուրշուդյանը 2007 թվականի սեպտեմբերից հոկտեմբերն ընկած ժամանակահատվածում, գունավոր մետաղներ գաղտնի հափշտակելու վերաբերյալ նախնական համաձայնության գալով, որոշել են մուտք գործել Երևան քաղաքի Եզնիկ Կողբացու 50 «ա» հասցեում գտնվող շինության  նկուղային հարկ: Ֆելիքս Գևորգյանը մետաղյա խողովակով կոտրել է մուտքի դռան կախովի փականը, որից հետո Արմեն Խուրշուդյանի հետ ապօրինի մուտք են գործել նկուղ, որտեղ մուտքից դեպի աջ գտնվող սենյակում՝ պոլիէթիլենային պարկի մեջ հայտնաբերել են գործով չպարզված անձի կամ անձանց կողմից թաքցված 2 ինքնաձիգ, 2 մարտական նռնակ և տարբեր տրամաչափի փամփուշտներ: Նկուղում գունավոր մետաղներ և արժեքավոր այլ իրեր չհայտնաբերելով՝ իրենց կամքից անկախ՝ հանցագործությունն ավարտին չհասցնելով՝ Ֆելիքս Գևորգյանն ու Արմեն Խուրշուդյանը, ոչինչ չհափշտակելով, հեռացել են:

Մի քանի օր անց Ֆելիքս Գևորգյանը հայտնաբերված ինքնաձիգները հափշտակելու նպատակով ապօրինի  մուտք է գործել նույն շինության նկուղ և գաղտնի հափշտակել նշված տեղում թաքցված, հրազեն հանդիսացող 107097 համարի, 9մմ տրամաչափի ինքնաշեն ատրճանակ-գնդացիրը և գործարանային արտադրության ԻԷ-3766 - ՎԻ-9419 համարի ԱԿՄՍ տեսակի ինքնաձիգը, ինչպես նաև ռազմամթերք հանդիսացող 7,62 մմ տրամաչափի մի քանի փամփուշտ, որոնք ապօրինի կերպով փոխադրել է Կոտայքի մարզի Զովունի գյուղում գտնվող իր առանձնատուն և պահել տնամերձ հողամասում՝ մետաղյա թիթեղների տակ:

Նույն ժամանակահատվածում՝ 2007 թվականի սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում, Արմեն Խուրշուդյանը, Ֆելիքս Գևորգյանից գաղտնի, դարձյալ զենք-ռազմամթերք հափշտակելու դիտավորությամբ ապօրինի  մուտք է գործել հիշյալ շինության նկուղ և հափշտակել ռազմամթերք հանդիսացող 2 մարտական նռնակ, 5 հատ 5,45 մմ տրամաչափի և 35 հատ 5,6 մմ տրամաչափի  փամփուշտ, որոնք ապօրինի կերպով փոխադրել է Արմավիրի մարզի Ալաշկերտ գյուղում գտնվող իրենց տուն և պահել, սակայն մի քանի օր անց մարտական նռնակները նետել է հարևան՝ Տանձուտ գյուղի լճակը, իսկ փամփուշտները թաքցրել տնամերձ հողամասում՝ հողի տակ, որոնք 2008 թվականի օգոստոսի 11-ին՝ Արմեն Խուրշուդյանի մատնանշած վայրում՝ վերջինիս մասնակցությամբ կատարված դեպքի վայրի զննության ընթացքում հայտնաբերվել և առգրավվել են:

Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝  Ֆ.Գևորգյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 3-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով, 238-րդ հոդվածի 1-ին մասով և 225-րդ հոդվածի 2-րդ մասով, իսկ Ա. Խուրշուդյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 34-177-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 3-րդ և 4-րդ կետերով, 235-րդ հոդվածի 1-ին մասով և 238-րդ հոդվածի 1-ին մասով: Առաջադրված մեղադրանքներում մեղադրյալներ Ֆելիքս Գևորգյանն ու Արմեն Խուրշուդյանն իրենց լիովին մեղավոր են ճանաչել: Քրեական գործն ուղարկվել  է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

2008 թվականի սեպտեմբերի 2-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 7 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: