Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

28.08.2008 | 28.08.08թ. դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վրեժ Նիկոլյանի մասով նախաքննությունը եւ նրա վերաբերյալ քրեական գործն ուղարկվել է դատարան:

Նախաքննությամբ  պարզվել եւ հիմնավորվել է, որ  Վ.Նիկոլյանը օժանդակել է 2008թ. մարտի 1-ին Երևան քաղաքի Ազատության հրապարակում օրենքով սահմանված կարգի խախտմամբ կազմակերպված հանրահավաքի մասնակիցների կողմից՝ ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ կյանքի և առողջության համար վտանգավոր բռնության գործադրմանը և 2008թ. մարտի 1- 2-ը Երևանի քաղաքապետարանի շրջակայքում ու կենտրոնական փողոցներում տեղի ունեցած՝ հրազենի, պայթուցիկ նյութերի և այլ հարմարեցված առարկաների գործադրմամբ իրականացված, սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված զանգվածային անկարգությունների կազմակերպմանը:

Մասնավորապես՝  իր խնամի  Համլետ Հովհաննիսյանի խնդրանքով Վ.Նիկոլյանը 2008 թվականի փետրվարի 28-ի առավոտյան գնացել  է «Ազատության» հրապարակ, որտեղ տեղակայված «Հատուկ գունդ» վրանում հանդիպել է նրան: Այնտեղ են գտնվել նաև հիշյալ գնդի մարտիկներից մի քանիսը: Վերջիններիս հանձնարարությամբ, իշխանության ներկայացուցիչ հանդիսացող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու՝ մարմնական վնասվածքներ պատճառելու, նրանց օրինական գործողություններին խոչընդոտելու նպատակով, Վ.Նիկոլյանը Երևանի Շիրազի 13 հասցեում գործող շինանյութի խանութի տնօրեն Արմեն Հալաջյանին 2008թ. փետրվարի 29-ին պատվիրել է 80 հատ մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված  «ոզնի»  կոչվող մետաղական կոնստրուկցիաներ՝ պատճառաբանելով, թե իբրև դրանք անհրաժեշտ են շինարարության մեջ օգտագործելու համար: Խանութի զոդող Հրաչ Սահակյանը և վերջինիս օգնական Մհեր Սիմոնյանը իրականացրել են հիշյալ պատվերը, որից հետո Վրեժ Նիկոլյանը պատրաստված նետողական սառը զենք հանդիսացող նշված «ոզնիները» նույն օրն ուղարկել է Ազատության հրապարակում տեղակայված «Հատուկ գունդ» կոչվող վրան:

2008 թվականի մարտի 1-ի վաղ առավոտյան ՀՀ ոստիկանության ստորաբաժանումների կողմից Երևանի «Ազատության» հրապարակում օպերատիվ միջոցառում իրականացնելիս «ոզնիներ» կոչվող մետաղական կոնստրուկցիաների, ինչպես նաև մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ իրենց ծառայողական պարտականությունները կատարելու հետ կապված կյանքի և առողջության համար վտանգավոր բռնություն է գործադրվել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ, որի ընթացքում ՀՀ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ 5-րդ վարչության պետ, գնդապետ Տ.Հովհաննիսյանի ոտքի շրջանում ու նույն վարչության օպեր-լիազոր, լեյտենանտ Ա.Զոզանյանի գլխի շրջանում նետողական սառը զենք հանդիսացող «ոզինիների» գործածության հետեւանքով պատճառվել է առողջության թեթև վնաս:

Դրան հաջորդել են Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում Մյասնիկ Մալխասյանի, Սասուն Միքայելյանի, Հակոբ Հակոբյանի և մյուսների կազմակերպմամբ ու հրահրմամբ տեղի ունեցած, հրազենի, պայթուցիկ նյութերի, «ոզնիներ» կոչվող մետաղական կոնստրուկցիաների և մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված այլ առարկաների գործադրմամբ իրականացված, սպանություններով, բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, գույք ոչնչացնելով և իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված զանգվածային անկարգությունները, որոնց ընթացքում «ոզինիների» գործադրման հետեւանքով ստորին վերջույթների շրջանում միջին ծանրության վնաս է պատճառվել ՀՀ ՈԶ ժամկետային զինծառայող Ա.Ասրյանին և վաշտի հրամանատարի տեղակալ, կապիտան Ս.Չարչյանին:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Նիկոլյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-225-րդ հոդվածի 3-րդ եւ 38-316-րդ հոդվածի 2-րդ մասերով: Քրեական գործը 28.08.08թ. ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

 2008 թվականի օգոստոսի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 9 մեղադրյալ, եւս 8 մեղադրյալի նկատմամբ ընտրվել է կալանավորման հետ կապ չունեցող այլ խափանման միջոց: Դատարան է ուղարկվել 87 քրեական գործ՝ 101 անձի վերաբերյալ, որոնցից 70-ով՝ 80 անձի վերաբերյալ դատաքննությունն ավարտվել է, մյուս քրեական գործերով դատաքննությունն ընթացքի մեջ է: Նշված 80 անձանցից 5-ը արդարացվել են, 1 անձի վերաբերյալ քրեական գործը  կարճվել է` ամբաստանյալի հետ հաշտվելու պատճառով՝ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 183-րդ հոդվածով սահմանված  կարգով, 5 անձի նկատմամբ որպես պատիժ նշանակվել է տուգանք, 35 անձ դատապարտվել է ազատազրկման, եւս  34 -ի նկատմամբ նշանակված պատիժը պայմանականորեն չի կիրառվել եւ սահմանվել է փորձաշրջան: