Տեսադարան

«Ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման» գործերով վարչության մեկամյա գործունեությունը

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

19.08.2008 | Սպանության սպառնալիքով վկային հարկադրել են սուտ ցուցմունք տալ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երևան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու և կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործերով ընթացող դատավարությունների ժամանակ որոշ վկաներ երբեմն հրաժարվում են իրենց նախաքննական ցուցմունքներից՝ պատճառաբանելով թե իբրև այդ ցուցմունքները նախաքննության ժամանակ տվել են հոգեբանական ճնշման տակ:

Միաժամանակ, ցանկանում ենք նշել, որ նման դեպքերում զանգվածային լրատվության որոշ միջոցներ,  հատվածաբար ու ընտրովի են լուսաբանում տվյալ վկայի նախաքննական և դատաքննական ցուցմունքները, հասարակության մեջ մտայնություն ստեղծելով, որ սույն գործը իբրև թե հիմնված է եղել միայն վկայի նախաքննական ցուցմունքների հիման վրա, որոնք էլ վկան տվել է որոշակի ճնշումների ազդեցության ներքո, անտեսելով սույն գործով նախաքննական մարմնի ձեռք բերած ապացուցողական նշանակություն ունեցող  մյուս ապացույցները:

Կարևորելով հասարակության անաչառ և ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը, հայտնում ենք, որ իրավապահ մարմինները, քաղաքացիներից ստացված հաղորդումների ստուգումների արդյունքում պարզել են, որ դատավարությունների ժամանակ այդ վկաները իրենց ցուցմունքներից հրաժարվում և կեղծ ցուցմունքներ են տալիս մեղադրյալների հարազատների կողմից նրանց նկատմամբ կիրառվող տարբեր ճնշումների արդյունքում:

ՀՀ Արմավիրի մարզի դատախազությունում քննությամբ պարզվել է մեղադրյալի հարազատների կողմից վկայի նկատմամբ ճնշում գործադրելու նմանատիպ հերթական դեպքերից մեկը:

2008թ. օգոստոսի 8-ին Էջմիածին քաղաքի բնակիչ Կ. Առաքելյանը ոստիկանության Վաղարշապատի բաժին հաղորդում է տվել այն մասին, որ որոշ անձինք սպառնացել են սպանել իր հորը՝ Ա. Առաքելյանին, եթե վերջինս դատարանում ցուցմունք չտա մարտի 1-ին Երևան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ Գ. Մանուկյանի օգտին:

Նախաքննությամբ պարզվել է, որ զանգվածային անկարգությունների փաստով հարուցված քրեական գործով մեղադրյալ,  Արմավիրի մարզի բնակիչ Գ. Մանուկյանի հարազատներ՝ Հ. Մանուկյանը, Ա. Անդրեասյանը և Գ. Անդրեասյանը սպանության սպառնալիքներ տալով սույն գործով որպես վկա հարցաքննվող  Ա. Առաքելյանին, հարկադրել են  դատաքննության ժամանակ սուտ ցուցմունք տալու մեղադրյալ Գ. Մանուկյանի օգտին, թե իբրև վերջինիս չի տեսել զանգվածային անկարգություններին մասնակցելու ժամանակ:

Փաստի առթիվ Արմավիրի մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի 2-րդ մասի  հատկանիշներով:

Նախաքննությունը շարունակվում է և ընթացքի վերաբերյալ հանրությունը լրացուցիչ կիրազեկվի: