Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.08.2008 | ՀՀ գլխավոր դատախազն ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ստիվեն Բենկսիին

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանն այսօր ընդունել է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավար Ստիվեն Բենկսիին եւ դեսպանատան իրավախորհրդատու Ստիվեն Կեսլերին:

Հանդիպման ընթացքում քննարկվել են մասնավորապես 2008 թվականի մարտի 1-2-ին Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությանը, քննչական խմբին իրավական խորհրդատվություն տրամադրելու ուղղություններին վերաբերող հարցեր: ՀՀ գլխավոր դատախազը 2008 թվականի հունիսին գրավոր դիմել էր ՀՀ-ում ԱՄՆ դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Ն.Գ. Ժոզեֆ Պենինգտոնին՝ խնդրելով օժանդակել նշված դեպքերի առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում համապատասխան քրեական գործեր քննելու միջազգային փորձառություն ունեցող մասնագետների, փորձագետների եւ խորհրդատուների ներգրավելու հարցում:

Ներկայացնելով զանգվածային անկարգությունների կոնկրետ դրվագները, գրանցված մահվան դեպքերը պարզաբանելու ուղղությամբ նախաքննական մարմնի ձեռնարկած աշխատանքներն ու դրանց արդյունքներըª Ա.Հովսեփյանն ընդգծել  է, որ միջազգային կառույցներն անցած ամիսների ընթացքում պարբերաբար պատրաստակամություն են հայտնել աջակցել նախաքննությանը, սակայն գործնականում որեւէ օգնություն չեն ցուցաբերել: Փոխարենը՝ հանդես են եկել երկիմաստ քաղաքական հայտարարություններով, որոնք ավելի են խորացրել հասարակական բեւեռացումը՝ լրացուցիչ դժվարություններ հարուցելով նախաքննական մարմնի համար:

Նշելով, որ նման դեպքեր մեր իրականության մեջ նախկինում տեղի չեն ունեցել՝ գլխավոր դատախազը  նկատել է, որ միջազգային փորձի ուսումնասիրության հիման վրա նախաքննություն իրականացնող մարմինը մշակել է քննչական մեթոդիկա եւ կարճ ժամանակահատվածում բացահայտել, պարզել հասարակությանը հուզող մի շարք հանգամանքներ, քրեական պատասխանատվության ենթարկել զանգվածային անկարգությունների անմիջական մասնակիցների: Նախաքննությունը շարունակվում է եւ այսօրինակ քրեական գործերի քննության մեթոդիկայի, քննչական տակտիկայի վերաբերյալ փորձի փոխանակումը՝ խորհրդատվության մակարդակով, գլխավոր դատախազի խոսքով, ողջունելի է եւ ցանկալի, քանզի այն կնպաստի  նախաքննության արդյունավետությանը:

 Բացի դա՝ գլխավոր դատախազը նշել է, որ Հայաստանն ունի տեխնիկապես հագեցած փորձագիտական կենտրոններ, դրանց թվում՝ ԱՄՆ աջակցությամբ ձեւավորված փորձաքննությունների ազգային բյուրոն, որտեղ աշխատում են նաեւ փորձառու փորձագետներ, սակայն պատրաստակամ է կոնկրետ հանգամանքների պարզաբանման համար անհրաժեշտ նյութերն ուղարկել արտերկրում գործող՝ տեխնիկապես առավել հագեցած փորձագիտական կենտրոններ՝ փորձաքննությունների համար կամ փորձաքննությունների կատարմանը ներգրավել փորձագիտական առավել առաջադեմ մեթոդներին տիրապետող փորձագետների:

Գլխավոր դատախազը խնդրել նաեւ տրամադրել Երեւանում  տեղի ունեցած անկարգությունների  վերաբերյալ դեսպանատան տրամադրության տակ գտնվող տեսանյութերը, ինչին ի պատասխան դեսպանատան քաղաքական եւ տնտեսական բաժնի ղեկավարը տեղեկացրել է, որ դեսպանատունն իր նախաձեռնությամբ նկարահանումներ չի կատարել:

Ստիվեն Բենկսին պատրաստակամություն է հայտնել, իրենց  հնարավորությունների շրջանակներում, աջակցել նախաքննությանը վերը նշված հարցադրումների՝ քննության մեթոդիկայի, տակտիկայի վերաբերյալ մասնագիտական խորհրդատվություն եւ կոնկրետ դեպքերի հանգամանքների պարզաբանման նպատակով փորձագիտական օգնություն տրամադրելու հարցում: Դիվանագետը տեղեկացրել է, որ նշված հարցը պետք է քննարկեն ԱՄՆ պետքարտուղարության հետ, որից հետո կհստակեցվեն տրամադրվելիք օգնության շրջանակներն ու ձեւերը:

Բարձր գնահատելով նշված քրեական գործի շրջանակներում նախաքննական մարմնի ձեռնարկած աշխատանքների  հիման վրա  կազմված տեղեկատվական փաթեթը՝ ԱՄՆ դեսպանատան իրավախորհրդատու Ստիվեն Կեսլերը ողջունել է  նաեւ կոռուպցիայի դեմ պայքարում դատախազության ձեռնարկած աշխատանքները, կազմակերպված խորհրդակցություններն ու տրված հանձնարարականները՝ պատրաստակամություն հայտնելով այդ հարցում աջակցել դատախազությանը եւ տեղեկացրել, որ  դեսպանատունը նախատեսում է հոկտեմբերին  Հայաստանում կազմակերպել խորհրդակցություն կոռուպցիոն բնույթի հանցագործությունների քննության առանձնահատկությունների վերաբերյալ, որին կմասնակցեն նաեւ մասնագետներ՝ ԱՄՆ-ից: