Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

04.08.2008 | Խորհրդակցություն՝ Եղեգնաձորում

Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության նախաձեռնությամբ օգոստոսի 2-ին Եղեգնաձոր քաղաքում տեղի ունեցավ խորհրդակցություն՝ «Կոռուպցիոն հանցագործությունների կանխարգելման, բացահայտման և քննության առանձնահատկությունները» թեմայով, որի ժամանակ քննարկվեցին մասնավորապես հարավային մարզերի իրավապահների կողմից կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, արձանագրված արդյունքներն ու բացթողումները:

Խորհրդակցությանը հրավիրվել եւ մասնակցում էին ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա. Միրզոյանը, ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարյանը, ՀՀ կառավարությանն առընթեր ազգային անվտանգության ծառայության, ոստիկանության, հարկային եւ մաքսային մարմինների պաշտոնատար անձինք, նշված կառույցների տարածքային ստորաբաժանումների ղեկավարներ, մարզերի դատախազները, հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչներ:

«Կոռուպցիան այն հիվանդությունն է, որն արգելակում է պետական կառավարման համակարգի գործունեությունը եւ հիասթափեցնում հասարակությանը, եւ այս տեսակետից շատ կարեւոր է բոլոր ոլորտներում կոռուպցիայի դեմ պայքարի գործուն եղանակներ գտնելը», -ողջունելով  խորհրդակցության մասնակիցներին ասել է  ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը:  Նրա համոզմամբ՝ կոռուպցիայի դեմ պայքարի գործում հնարավոր է արձանագրել լուրջ հաջողություններ համագործակցված եւ հետեւողական  աշխատելու դեպքում:

«Հասարակությունը պետք է զգա, որ իրավապահ մարմինների համագործակցությունը եւ գործողությունները տալիս են իրական եւ ցանկալի  արդյունքներ եւ կարեւոր է հանրությանը հաշվետվություն տալ ոչ միայն ընդունված որոշումների, օրենքների, այլեւ կոնկրետ արդյունքների մասին»,- ասել է Ա.Հովսեփյանը՝ կարեւորելով կոռուպցիայի նկատմամբ անհանդուրժողական մթնոլորտի ձեւավորումը, ինչի հարցում մեծ է հասարակական կազմակերպությունների եւ զանգվածային լրատվության միջոցների դերը: «Հակակոռուպցիոն միջոցառումները ենթադրում են նաեւ փոփոխություն՝ հանրության մտածողության, վարքագծի մեջ, յուրաքանչյուրս իր տեղում պետք է անհանդուրժողական լինի կոռուպցիոն ցանկացած դրսեւորման, երեւույթի նկատմամբ»,- ընդգծել է գլխավոր դատախազը:

Ա.Հովսեփյանը նախազգուշացրել է  տարածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին, որ նրանց աշխատանքի արդյունավետությունը գնահատվելու է նախեւառաջ կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ կատարված աշխատանքով, բացահայտման ցուցանիշով:

Ճիշտ է, վերջին շրջանում եւ հատկապես հունիսի 7-ին Վանաձոր քաղաքում տեղի ունեցած առաջին փնջային խորհրդակցությունից հետո, երբ անբավարար գնահատվեցին մասնավորապես Արմավիրի, Շիրակի, Տավուշի, Գեղարքունիքի, Արագածոտնի մարզերում կոռուպցիոն հանցագործությունների բացահայտման ուղղությամբ իրականացվող աշխատանքները, նկատվում է դրական միտում՝ այս երեւույթի դեմ պայքարն առավել ակտիվացնելու ուղղությամբ, այդուհանդերձ, գլխավոր դատախազը ձեռնարկվող քայլերը բավարար չգնահատեց եւ պահանջեց, որ պայքարը եւ իրավապահ մարմինների աշխատանքն այդ ուղղությամբ ժամանակավոր բնույթ չկրի, այլ դառնա նրանց աշխատանքի առօրյան:

Ողջունվեց մասնավորապես Արմավիրի մարզում հունիս-հուլիս ամիսների ընթացքում կատարված աշխատանքները, որտեղ օգոստոսի 2-ի դրությամբ  կոռուպցիոն հանցագործությունների վերաբերյալ հարուցվել է 11 քրեական գործ, եւս 11 հաղորդման հիման վրա նախապատրաստվում են նյութեր: Համեմատաբար դրական ցուցանիշ  կրկին գրանցվել է Լոռու մարզում, որտեղ դեռեւս 6 ամսվա տվյալներով հարուցվել  է 17 քրեական գործ, իսկ ամենավատը՝ Արարատում, որտեղ ընդամենը 1-2 հաղորդման հիման վրա նախապատրաստվել են  նյութեր են եւ ուղարկվել ՀՀ հատուկ քննչական ծառայություն: ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց Արարատի մարզի դատախազին՝ հաջորդ խորհրդակցության ժամանակ ներկայացնել հաշվետվություն՝ կատարված աշխատանքների վերաբերյալ:

Ա.Հովսեփյանը կարեւորեց հանցագործությունների վերաբերյալ քաղաքացիների ներկայացրած հաղորդումների պատշաճ քննարկումն ու դրանց օրենքով սահմանված կարգով ընթացք տալը: Արձանագրելով, որ այս հանցատեսակի դեմ առանց քաղաքացիների, իրավաբանական անձանց գործուն աջակցության, գրավոր հաղորդումների եւ ցուցմունքների դժվար է արդյունավետ պայքարել՝ խորհրդակցության մասնակիցները նկատել են, որ մեր իրականության մեջ հաճախ են քաղաքացիները փոխում իրենց ցուցմունքները, հրաժարվում ներկայացրած հաղորդումներից անգամ դրանց հիման վրա քրեական գործ հարուցելուց հետո, ինչը լրացուցիչ դժվարություններ է հարուցում նախաքննական մարմնի համար, վտանգում  մասնավորապես այսօրինակ հանցագործությունների դեպքերի առթիվ նախաքննության արդյունավետությունը: Նման դրսեւորումները կանխելու նպատակով գլխավոր դատախազը հանձնարարեց ամենայն խստությամբ կիրառել օրենքը եւ բոլոր նման դեպքերով հարուցել քրեական գործ՝ սուտ մատնության հատկանիշներով: «Ներկայացված հաղորդումից հրաժարվելու յուրաքանչյուր դեպք գնահատվելու է որպես քրեական վարույթն իրականացնող մարմնի հետ գործարքի դրսեւորում՝ կոռուպցիոն հանցագործությունը քողարկելու նպատակով՝ իր բոլոր հետեւանքներով հանդերձ, եթե հաղորդումից հրաժարվելու քաղաքացու գործողությանը չտրվի օրենքով նախատեսված համապատասխան քրեաիրավական գնահատական»,- ասել  է գլխավոր դատախազը:

Խորհրդակցության ժամանակ զեկուցումներով հանդես եկան ՀՀ հատուկ քննչական ծառայության պետ Ա.Միրզոյանը, հարկային պետական ծառայության պետի տեղակալ Ա. Օսիկյանը, ՀՀ գլխավոր դատախազության կոռուպցիայի եւ կազմակերպված հանցագործությունների գործերով վարչության պետ Ա.Աշրաֆյանը ԱԱԾ տնտեսական անվտանգության բաժնի պետ Ս.Բաղդասարյանը,  մաքսային պետական կոմիտեի հետաքննության եւ իրավաբանական վարչության պետ Գ.Ներսիսյանը, «Դատախազության դպրոց» ՊՈԱԿ-ի տնօրեն Գ.Սարգսյանը, Արմավիրի մարզի դատախազ Հ.Ղարախանյանը:

Ելույթով հանդես եկավ նաեւ ՀՀ տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Ա.Շահնազարյանը:

Հաջորդ խորհրդակցությունը տեղի կունենա Երեւանում, հոկտեմբերին, որի ժամանակ կամփոփվեն իրավապահ մարմինների՝ 9 ամիսների ընթացքում կատարած աշխատանքները: