ՀՀ գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ.Տիգրանյանի թույլտվությամբ «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի կալանավոր, մեղադրյալ Արարատ Զուրաբյանը 23.07.08թ. տեղափոխվել է քաղաքացիական բժշկական հաստատություն՝ հետազոտության:
2008 թ. հուլիս ամսվա սկզբներից կալանավոր Ա.Զուրաբյանը գանգատվել է ուժեղ գլխացավերից, օդի անբավարարությունից, սրտի շրջանում սեղմող ցավերից եւ գտնվել է «Երեւան-Կենտրոն» քրեակատարողական հիմնարկի բժիշկների հսկողության ներքո:
Ա.Զուրաբյանի առողջական վիճակին ծանոթանալու համար ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով նրան է այցելել գլխավոր դատախազության պատիժների եւ հարկադրանքի այլ միջոցների կիրառման օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության պետ Շ.Տիգրանյանը, նա բժիշկների կողմից ենթարկվել է հետազոտման եւ, 23.07.08թ. տրամադրված բժշկական տեղեկանքի համաձայն, նրա մոտ ախտորոշվել է սրտի իշեմիկ հիվանդություն: Բժիշկների հավաստմամբ՝ Ա.Զուրաբյանը կարիք ունի ստացիոնար հետազոտության, ուստիեւ 23.07.08թ. նա տեղափոխվել է Լ.Ա.Հովհաննիսյանի անվան սրտաբանության գիտահետազոտական ինստիուտ:
Միաժամանակ հանձնարարվել է քրեակատարողական հիմնարկի պետին՝ ապահովել Ա.Զուրաբյանի պահպանությունը՝ բժշկական հաստատություն տեղափոխելիս եւ բժշկական հետազոտման ենթարկվելիս, իսկ բժշկական հետազոտման արդյունքների մասին տեղյակ պահել քրեական հետապնդում իրականացնող մարմնին: