Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

21.07.2008 | ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնականը հեռացվել է աշխատանքից

ՀՀ քաղաքացի  Շավարշ Ղարիբյանը   2008 թվականի հուլիսի 17-ին ՀՀ ոստիկանության Կոտայքի բաժին հաղորդում  է ներկայացրել այն մասին, որ  ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական Մհեր Բաղդասարյանը  շուրջ 15 ժամ իրեն զրկել է ազատությունից:

Ստացված հաղորդման մեջ մասնավորապես ասվում է. «2008 թվականի հուլիսի 16-ին ժամը մոտ 18-ից մինչեւ հուլիսի 17-ը՝ ժամը 09-ը, Մհեր Բաղդասարյանը, որին ճանաչում եմ որպես  ՀՀ գլխավոր դատախազության աշխատակից, ոմն Գրիշի հետ Կոտայքի մարզի Արզնի ձորի մեջ գտնվող ամառանոցում շահադիտական նպատակով ինձ ազատությունից ապօրինի զրկել են, զենքի սպառնալիքով ստիպել ստորագրել ստացական, իբր, ստացել եմ Մ.Բաղդասարյանից 135000 ԱՄՆ դոլար, դրանից հետո ինձ ծեծել են Երեւան-Սեւան ավտոճանապարհին եւ իմ «ԲՄՎ-523» մակնիշի 01 ՏԼ 082 պ/հ ավտոմեքենան առեւանգելով հեռացել են: Հաղորդումը գրված է իմ ձեռքով, ճիշտ է, որի համար ստորագրում եմ»:

Դեպքի առթիվ նույն օրը՝ 17.07.08թ., Կոտայքի քննչական բաժանմունքում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 133-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 2-րդ, 3-րդ եւ 7-րդ կետերի (շահադիտական դրդումներով, զենքի գործադրմամբ, կյանքի համար վտանգավոր բռնություններ գործադրելու սպառնալիքով, մի խումբ անձանց նախնական համաձայնությամբ անձին ազատությունից ապօրինի զրկելը), 182-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ կետի (շորթում, որը կատարվել է առանձնապես խոշոր չափերի գույք ստանալու նպատակով),  175-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին, 4-րդ կետերի (ավազակային հարձակում՝ մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ, զենքի կամ որպես զենք օգտագործվող այլ առարկաների գործադրմամբ), 183-րդ հոդվածի 1-ին մասի (ավտոմեքենային ապօրինաբար տիրանալը) եւ 235-րդ հոդվածի 1-ին մասի (ապօրինի զենք եւ ռազմամթերք ձեռք բերելը, պահելը, կրելը) հատկանիշներով:

Ձեռնարկված միջոցառումների արդյունքում 2008 թվականի հուլիսի 19-ին հայտնաբերվել է «ԲՄՎ-523» մակնիշի 01 ՏԼ 082 պ/հ ավտոմեքենան Աբովյան -Նոր Հաճն ավտոճանապարհի եզրին՝ չթալանված վիճակում:

Որպես տուժող հարցաքննվելիս Շ.Ղարիբյանը ցուցմունք է տվել, որ  2005 թվականին իր հայրը գնել է Ղ.Փարպեցի 26, բն 17 հասցեի բնակարանը՝  Զեփյուռ Շուլուկյանից. գործարքը ձեւակերպվել է  կենտրոնական նոտարական գրասենյակում, որին ներկա է գտնվել նաեւ անշարժ  գույքի գործակալը, իսկ բնակարանի համար վճարվել է 70.000 ԱՄՆ դոլար: Տուժողի ցուցմունքի համաձայն՝ գործարքի հաջորդ օրը,  երբ փոխելիս է եղել բնակարանի փականքները, հայտնվել է մի երիտասարդ եւ ներկայանալով որպես Մհեր Բաղդասարյան,  դատախազության աշխատակից, տեղեկացրել է, որ բնակարանն իրականում պատկանում է իրեն եւ պետք չէ այն գնել: Ապա՝ Մ.Բաղդասարյանը դատական կարգով վիճարկել է գործարքի օրինականությունը՝ պահանջելով անվավեր ճանաչել Ղարիբյանի եւ Շուլուկյանի միջեւ կնքված առք ու վաճառքի պայմանագիրը, ինչի համար էլ անշարժ գույքի գրանցման պետական կադաստրը հրաժարվել է բնակարանի նկատմամբ գրանցել Ղարիբյանների սեփականության իրավունքը, իսկ դատախազությունից էլ գրություն է ուղարկվել, որ վիճարկվող բնակարանի իրական սեփականատեր Մ.Բաղդասարյանից այն ի սկզբանե  խարդախությամբ գնել է ոմն Սարգիս Վարդանյան, եւ որ այդ դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ:

Տուժողի ցուցմունքի համաձայն՝ առաջին ատյանի եւ վերաքննիչ դատարանները  բավարարել են Մ.Բաղդասարյանի հայցը եւ տեղի ունեցած գործարքը ճանաչել անվավեր, սակայն  քրեական գործով խարդախությամբ ուրիշի գույքին տիրանալու համար Սարգիս Վարդանյանին առաջադրված մեղադրանքները դատական ատյանները  հիմնավորված չեն համարել եւ  վերջինիս արդարացրել: Վճռաբեկ պալատի՝ քրեական գործով օրինական ուժի մեջ մտած դատական ակտի հիման վրա վիճարկվող բնակարանի նոր գնորդը՝ Շ.Ղարիբյանի հայրը, ներկայացրել է վճռաբեկ բողոք՝ խնդրելով  ճանաչել իր սեփականության իրավունքը նշված բնակարանի նկատմամբ որպես բարեխիղճ գնորդի, ինչը վճռաբեկ պալատի 2008 թվականի հուլիսի 7-ի որոշմամբ բավարարվել է ՝ բեկանելով վերաքննիչ դատարանի որոշումը: Վճռաբեկ դատարանի որոշման հիման վրա Ղարիբյանները դիմել են ԴԱՀԿ՝ բնակարանը արգելանքից հանելու համար, որտեղ էլ, ըստ տուժողի, ծանոթացել է բարետես արտաքինով մի աղջկա հետ, որի հրավերով էլ 16.07.08թ. գնացել է Արզնի կիրճի առանձնատուն, ուր որոշ ժամանակ անց եկել է նաեւ Մ.Բաղդասարյանը ոմն Գրիշի հետ միասին եւ զենքի սպառնալիքի տակ պարտադրել գրել ստացական 135.000 ԱՄՆ դոլարի վերաբերյալ՝ պահանջելով 17.07.08թ.  բնակարանը ձեւակերպել իր անունով:

Շ.Ղարիբյանի ցուցմունքի համաձայն՝ այդ ընթացքում Մ.Բաղդասարյանը պարբերաբար պատրաստակամություն է հայտնել գնել բնակարանը՝ առաջարկելով 135.000 ԱՄՆ դոլար:

Նախաքննության շրջանակներում  ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նշված առանձնատունը պատկանում է Երեւան քաղաքի բնակիչ Էդիկ Թումասյանին, կատարվել է դեպքի վայրի զննություն, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Հանձնարարվել է օպերատիվ-որոնողական մարմիններին՝ ձեռնարկել անհրաժեշտ բոլոր միջոցները  Մհեր Բաղդասարյանին եւ ոմն Գրիշին հայտնաբերելու ուղղությամբ:

Մ.Բաղդասարյանը դատախազության համակարգում է աշխատում 2002 թվականից. նախ որպես հետաքննության եւ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող վարչության տեսուչ-օպերատոր, ապա՝ ավագ տեսուչ, իսկ 2007 թվականի օգոստոսի 1-ին նշանակվել է ՀՀ գլխավոր դատախազի տեղակալի օգնական: 17.07.08թ., գործող օրենսդրությամբ սահմանված կարգով, հեռացվել է  զբաղեցրած պաշտոնից: