Տեսադարան

Ղազախստանում հանդիպել են ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի գլխավոր դատախազները

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

22.05.2008 | Պատվիրել են ոզնիներ

ՀՀ հատուկ քննչական ծառայությունում շարունակվում է ՀՀ նախագահի թեկնածու Լևոն Տեր-Պետրոսյանի և նրա համախոհների՝ ս/թ փետրվարի 20-ից սկսած օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառումներ կազմակերպելու,  այդպիսիք դադարեցնելու որոշման պահանջներին չենթարկվելու և պետական իշխանությունը բռնությամբ զավթելուն ուղղված կոչեր հնչեցնելու ու գործողություններ կատարելու, այնուհետև 2008թ. մարտի 1-ին Երևանի քաղաքապետարանի շրջակայքում և կենտրոնական փողոցներում հրահրված ու կազմակերպված` բռնություններով, հրկիզումներով, գույքի ոչնչացմամբ և վնասումներով, հրազենի, պայթուցիկ նյութերի գործադրմամբ, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված և սպանություններով զուգորդված զանգվածային անկարգությունների փաստի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության շրջանակներում ազգային անվտանգության եւ հատուկ քննչական ծառայությունների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական եւ քննչական միջոցառումների արդյունքում պարզվել է մարմնական վնասվածքներ պատճառելու համար որպես զենք հարմարեցված մետաղական կոնստրուկցիաների՝ այսպես կոչված «ոզնիների» պատրաստման վայրը, պատվիրատուի և պատրաստողի ինքնությունը:

Ըստ այդմ՝ հիմնավորվել է, որ օրենքով սահմանված կարգի խախտմամբ Երևանի Ազատության հրապարակում 2008թ. փետրվարի 29-ին զանգվածային միջոցառումների կազմակերպիչները զինել են զանգվածային միջոցառման մասնակիցներին՝ ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու նպատակով:

Պարզվել է, որ 2008թ. փետրվարի 29-ին Վրեժ Նիկոլյանը, իր խնամի Համլետ Հովհաննիսյանից, որը հայտնի է որպես «տռոս Համո» մականունով, պատվեր է ստացել 8մմ հաստության 10-12սմ երկարության, սուր ծայրերով ամրաններից պատրաստել տալ 80 մետաղական կոնստրուկցիա և Ազատության հրապարակում տեղադրված «Հատուկ գունդ» կոչվող հասարակական կազմակերպության վրանի մոտ նույն գնդի անդամներից մեկից ստանալով դրա նմուշը՝ այն ներկայացրել է Երևան քաղաքի Շիրազի 13 հասցեում գտնվող շինանյութի խանութի զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանին ու պատվիրել դրանց պատրաստումը՝ նախապես հարցը համաձայնեցնելով խանութի տնօրեն Արմեն Հալաջյանի հետ: Պատվերն իրականացնելուց հետո՝ նույն օրը, մարմնական վնասվածքներ պատճառելու համար հարմարեցված 80 մետաղական կոնստրուկցիան՝ այսպես կոչված «ոզնիներ»-ը, Նիկոլյանը, Համլետ Հովհաննիսյանի ուղարկած անձանց միջոցով տեղափոխել է Ազատության հրապարակ, որոնք հաջորդ օրը՝ մարտի 1-ին, օգտագործվել են ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ գործադրելու, զանգվածային անկարգություններ հրահրելու համար:

Հաշվի առնելով նշված քրեական գործի հասարակական հնչեղությունը և կարևորելով հասարակության ստուգված և օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը՝ հրապարակում ենք Վրեժ Նիկոլյանի, հիշյալ խանութի տնօրեն Արմեն Հալաջյանի, զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանի ցուցմունքներն այն ծավալով, որքանի հրապարակումը չի խոչընդոտի քրեական գործի հետագա նախաքննությանը:

Վրեժ Նիկոլյանն իր ցուցմունքներում ընդունել է, որ իրեն նախապես ասել էին, և գիտեր, որ դրանք նախատեսված են ոստիկանության ուժերին դիմադրություն ցույց տալու համար: Մեջբերում.«Համլետ Հովհաննիսյանի համաձայնությունը ստանալուց հետո գնացի Արմեն Հալաջյանին պատկանող շինանյութի խանութ, որտեղ էլ զոդող-վարպետ Հրաչին ցույց տվեցի նմուշը և առաջարկեցի 8մմ-անոց ամրաններից պատրաստել 10-12սմ երկարության, սույր ծայրով 80 կոնստրուկցիա»,- հայտնել է Վ.Նիկոլյանը՝ ավելացնելով, որ կոնստրուկցիաները, խանութից վերցնելով, Հ.Հովհաննիսյանի վստահված անձանց միջոցով ուղարկել է Ազատության հրապարակ: Նույն օրը՝ ժամը 20-ի սահմաններում, զանգահարել է Համլետ Հովհաննիսյանին և տեղեկացել, որ կոնստրուկցիաները տարվել են Ազատության հարապարակ: «Միաժամանակ Համլետից հարցրի, թե ուղարկածս սրածայր երկաթյա կոնստրուկցիաները նորմալ են, թե՝ ոչ, Համլետը պատասխանեց. «լավա»,- նշել է Վ.Նիկոլյանը:

Արմեն Հալաջյանը, զոդող-վարպետ Հրաչյա Սահակյանը իրենց ցուցմունքներում հաստատել են, որ մետաղական կոնստրուկցիաները պատրաստվել են իրենց մոտ Վրեժ Նիկոլյանի պատվերով, և որ վերջինիս ցուցումով՝ ձողերը կտրվել են թեք կտրվածքով սուր ծայրեր ստանալու համար: Ըստ Ա.Հալաջյանի՝ կատարած պատվերի համար Վ.Նիկոլյանը վճարել է 10 հազար դրամ, իսկ 25 հազար դրամն առ այսօր չի վճարել:«Հայտնի դեպքերից հետո հեռուստատեսությամբ տեսա այդ խաչուկները, որոնք օգտագործվել էին ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություն գործադրելու նպատակով»,-հայտնել է Ա.Հալաջյանը՝ ավելացնելով, որ մարտի 2-ին զանգահարել է Վ.Նիկոլյանը և խնդրել «խաչապուրիների» մասին (նկատի ունենալով մետաղական կոնստրուկցիաները) ոչ մեկին չհայտնել:

Զոդող-վարպետ Հ.Սահակյանը իր ցուցմունքները վերահաստատել է նաև քննչական փորձարարության ժամանակ:

Վ.Նիկոլյանը կալանավորվել է, նրան մեղադրանք է առաջադրվել զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, իսկ Հ.Հովհաննիսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում: Միջոցներ են ձեռնարկվում Հ.Հովհաննիսյանին և հանցագործությանը մասնակից մյուս անձանց հայտնաբերելու ուղղությամբ: Արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: