Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

15.05.2008 | ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է ստուգել կայազորների դատախազությունների գործունեությունը

2008թ մայիսի 14-ին տեղի է ունեցել ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ, որի ընթացքում քննարկվել են  2007 թվականի աշնանային զորակոչի կազմակերպման եւ անցկացման ընթացքում արձանագրված օրինախախտումների առթիվ ձեռնարկված դատախազական գործունեության արդյունքները, 2007 թվականի եւ 2008 թվականի առաջին եռամսյակում ձերբակալված, կալանավորված անձանց եւ դատապարտյալների իրավունքների պահպանման վիճակը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, ՀՀ զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը, ներկայացնելով ուսումնասիրությունների արդյունքները, տեղեկացրեց, որ զորակոչի պետական առաջադրանքը կատարվել է, բայց  խախտումներ են արձանագրվել տարածքային զինվորական կոմիսարիատներում պատանիների կցագրման եւ հաշվառման, բժշկական հանձնաժողովների  աշխատանքներում: 2007 թվականի դեկտեմբերի 1-ի դրությամբ հանրապետությունում կցագրման ենթակա  պատանիներից շուրջ 20 տոկոսը չի հաշվառվել, որոշ տարածքներում այս թիվը հասնում է 35 տոկոսի: Շարունակում է ցածր մնալ նաեւ չկցագրված անձանց հայտնաբերելու ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքների արդյունավետությունը: Դրանք դեռեւս հեռու են  նպատակային լինելուց եւ շատ դեպքերում կրում են ձեւական բնույթ:

2007 թվականի աշնանային զորակոչի ընթացքում ամենացավոտ խնդիրներից մեկը տարբեր մակարդակի բժշկական հանձնաժողովների աշխատանքների պատշաճ կազմակերպման հարցն է: Զինվորական դատախազի ներկայացմամբ՝ դրական տեղաշարժեր կան, սակայն դեռեւս հետեւողական քայլեր պետք է արվեն բժշկական հանձնաժողովների աշխատանքները պահանջվող որակին հասցնելու համար: Ճիշտ է, նախորդ՝ 2007 թվականի գարնանային զորակոչի համեմատությամբ  65-ով նվազել է զորահավաքակայանից  լրացուցիչ հետազոտությունների նպատակով վերադարձված  զորակոչիկների թիվը, բայց եւ այնպես 70-ը ճանաչվել են  ծառայությանը ոչ պիտանի եւ ստացել տարեկետում մինչեւ  3 տարի ժամկետով: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ հավաքակայանից վերադարձվել են ինչպես զորակոչային բժշկական հանձնաժողովների կողմից պատշաճ չհետազոտված անձինք, այնպես էլ մասնագիտական բժշկական հանձնաժողովի կողմից պիտանի ճանաչված զորակոչիկները:

Առանձնակի մտահոգության խնդիր է միտումնավոր ինքնավնասումների դեպքերի աճը: Աշնանային զորակոչի ընթացքում արձանագրվել է 218 նման դեպք, որոնցից 126-ը՝ Երեւանում: Կարեւորելով սույն երեւույթին համարժեք քրեաիրավական գնահատական տալու անհրաժեշտությունը՝ կոլեգիան որոշեց հաղորդում ուղարկել հանրապետության պաշտպանության նախարարին՝ ինքնավնասումների յուրաքանչյուր դեպքի վերաբերյալ իրավապահ մարմիններին հաղորդում ներկայացնելու  հարցադրումով, որպեսզի դրանց օրենքով սահմանված կարգով ընթացք տրվի եւ պատասխանատվության ենթարկվեն բոլոր այն անձինք, ովքեր ինքնավնասումներ են կատարում զորակոչից խուսափելու նպատակով: Ի դեպ, պարտադիր զինվորական ծառայությունից խուսափելու համար 2007 թվականին դատարան է ուղարկվել 26 քրեական գործ, որոնցից 19-ը՝ «Եհովայի վկաների» վերաբերյալ, քանի որ վերջիններս հրաժարվել են նաեւ այլընտրանքային զինվորական ծառայությունից:

Կոլեգիայի քննարկման արդյունքներով որոշվեց արձանագրված օրինախախտումների պատճառներն ու հետեւանքները վերացնելու վերաբերյալ հաղորդումներ ուղարկել հանրապետության պաշտպանության նախարարին, զինվորական կոմիսարին, եւ ուսումնասիրել 2007 թվականի գարնանային զորակոչից 1 տարի ժամանակով  եւ 2007 թվականի աշնանային զորակոչից 6 ամիս ժամանակով տարեկետում ստացած զորակոչիկաների բուժման կազմակերպման  արդյունավետությունը:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը հանձնարարեց ուժեղացնել դատախազական հսկողությունը հայտնաբերված օրինախախտումներին քրեաիրավական գնահատական տալու եւ կոռուպցիոն երեւույթները բացահայտելու ուղղությամբ: «Հակված չեմ ասելու, որ զինկոմիսարիատներում բոլորը կաշառակերներ են, բայց մենք էլ մեր ժողովրդի մի մասն ենք կազմում եւ գիտենք, ինչ է կատարվում: Քանի տարի է, որ ոչ մի օրինակ չունենք, սա ոչ թե  այդ երեւույթները վերանալու, այլ մեր աշխատանքների անարդյունավետության մասին է վկայում, որ դատախազները պահանջկոտություն չեն ցուցաբերում»,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը եւ հանձնարարեց ստեղծել առանձին աշխատանքային խումբ՝ կայազորների դատախազությունների գործունեությունը ստուգելու համար: Բացի այդ` կարեւորեց նաեւ  զորակոչի համար պատասխանատու եւ դրանց օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնող  մարմինների բարձրաստիճան պաշտոնյաների որդիների զորակոչման եւ զինծառայության անցնելու հանգամանքի ստուգումը եւ հանձնարարեց ներկայացնել առաջարկություններ նման ստուգում անցկացնելու  ձեւի եւ կարգի վերաբերյալ: