Տեսադարան

Արթուր Դավթյանի ելույթը ՀՀ դատախազության համակարգի հիմնադրման 104-ամյակի առթիվ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

28.04.2008 | Ապրիլի 28-ի դրությամբ՝ նախնական կալանքի տակ է գտնվում 66 անձ

Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում  ավարտվել է Վարդան Ջհանգիրյանի, Գրիգոր Աղամալյանի, Արամ Բարեղամյանի, Նվեր Սարգսյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Ջհանգիրյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 2-րդ մասով՝ իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան` ըստ էության քննելու համար:

Գ.Աղամալյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով` զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան` ըստ էության քննելու համար:

Ա.Բարեղամյանին  մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225 1 -րդ հոդվածի 1-ին  մասով (օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու եւ անցկացնելու, զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար) եւ 316-րդ հոդվածի 2-րդ մասով (իշխանության ներկայացուցչի կյանքի ու առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու համար` կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ): Ա.Բարեղամյանի նկատմամբ որպես խափանման միջոց է  ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է  Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:

Ն.Սարգսյանին մեղադրանք  է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով` իշխանության ներկայացուցչի կյանքի  ու առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրելու համար՝ կապված նրա ծառայողական պարտականությունների կատարման հետ: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է  Կենտրոն եւ Նորք- Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան` ըստ էության քննելու համար:

Նախնական կալանքի տակ գտնվող երկու մեղադրյալի` Վահրամ Մխիթարյանի եւ Խաչատուր Սիմոնյանի նկատմամբ փոխվել է կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը եւ ընտրվել  ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Նախաքննության շրջանակներում ձեռնարկված օպերատիվ-որոնողական միջոցառումների արդյունքում հայտնաբերվել է հետախուզման մեջ գտնվող Լենդրուշ Տոնոյանը, որի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը:

Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ  ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 28-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում  66 անձ, եւս 27 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:

Ապրիլի 28-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 31 քրեական գործ՝ 31 անձի վերաբերյալ: