Պետությանն ավելացված արժեքի հարկի գծով 120 մլն. դրամ նյութական վնաս պատճառելու համար մեղադրյալ, «Սիլվիա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն Մարտին Սուքիասյանը իրեն լիովին մեղավոր է ճանաչել, ամբողջությամբ վերականգնել պատճառված վնասը՝ 120 մլն դրամը, ինչը հաշվի առնելով նախաքննական մարմինը՝ ՀՀ ազգային անվտանգության ծառայության քննչական վարչությունը, փոխել է նրա նկատմամբ ընտրված խափանման միջոցը:
Մարտին Սերյոժայի Սուքիասյանը ձերբակալվել է 2007 թվականի նոյեմբերի 6-ին, իսկ 2007 թվականի նոյեմբերի 9-ին նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով, 215-րդ հոդվածի 1-ին մասով և 325-րդ հոդվածի 1-ին մասով: Նույն օրը նրա նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է կալանավորումը:
Նախաքննությամբ հիմնավորվել է, որ Մարտին Սերյոժայի Սուքիասյանը, հանդիսանալով «Սիլվիա» ՍՊԸ հիմնադիր-տնօրեն, կնքել է ապրանքների մատակարարման կեղծ պայմանագրեր ՌԴ «Տերա-Կամա» և ՀՀ-ում գրանցված «Նամյու» ՍՊ ընկերությունների տվյալներով: Առանց ապրանքների մատակարարման ձեռք է բերել «Նամյու» ՍՊԸ տվյալներով 2007 թվականի հունվարի 8-ին լրացված թիվ 2 կեղծ հաշիվ ապրանքագիր՝ իբր «Սիլվիա» ՍՊ ընկերությանն է մատակարարվել 720 միլիոն դրամ ընդհանուր արժողության բժշկական և այլ սարքավորումներ:
Արդյունքում «Սիլվիա» ՍՊԸ կողմից նշված կեղծ փաստաթղթերը խաբեությամբ օգտագործելու միջոցով 720 միլիոն դրամ ընդհանուր արժողության բժշկական և այլ սարքավորումները մաքսանենգորեն արտահանվել են Հայաստանի Հանրապետությունից:
Ընդ որում ըստ ՌԴ ԱՖԴ ծառայության տվյալների, պայմանագրում նշված հասցեով «Տերա-կամա» ընկերությունը գրանցված չէ, իսկ «Սիլվիա» և «Տերա-Կամա» ընկերությունների տվյալներով ՌԴ մաքսային մարմիններում որևէ գործարք՝ հաշվառում չի կատարվել:
Նշված գործարքով, կեղծ փաստաթղթեր օգտագործելու արդյունքում արտահանված ապրանքների դիմաց գոյացած 120 միլիոն դրամ ընդհանուր չափով ավելացված արժեքի հարկը, որը հաշվանցվել է «Սիլվիա» ՍՊԸ հաշվին, խարդախությամբ հափշտակվել է նրա կողմից:
Նախաքննության ընթացքում Մարտին Սուքիասյանը ամբողջությամբ վերականգնել է պետությանը պատճառված վնասը, դրանով իսկ վերացել է նրան կալանքի տակ պահելու անհրաժեշտությունը եւ նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը՝ կալանքը, ՀՀ ազգային անվտանգության քննչական վարության կողմից: փոփոխվել է և ընտրվել նոր խափանման միջոց՝ ստորագրություն չհեռանալու մասին:
Ազգային անվտանգության ծառայության քննչական վարչության վարույթում նախաքննությունը շարունակվում է: