Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Վահե Ղազարյանի, Կարեն Թարխանյանի եւ Մկրտիչ Աբրահամյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Վ.Ղազարյանին եւ Մ.Աբրահամյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով՝ զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու համար, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործերն ուղարկվել են Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:
Կ.Թարխանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 1-ին մասով՝ զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար: Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը եւ քրեական գործն ուղարկվել է Երեւան քաղաքի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:
Նախնական կալանքի տակ գտնվող 1 մեղադրյալի նկատմամբ, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով, փոխվել է կիրառված խափանման միջոցը՝ կալանավորումը եւ ընտրվել է ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Զանգվածային անկարգություններին անմիջական մասնակցություն ունենալու կասկածանքով ձերբակալված Լ.Գասպարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով եւ նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 18-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 71 անձ, եւս 20 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին:
Ապրիլի 18-ի դրությամբ՝ ՀՀ հատուկ քննչական ծառայության կողմից դատարան է ուղարկվել 27 քրեական գործ՝ 27 անձի վերաբերյալ: