Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում ավարտվել է Լեւիկ Խաչատրյանի, Դավիթ Առաքելյանի եւ Կառլեն Մանուչարյանի մասով նախաքննությունը եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ եւ ուղարկվել դատարան:
Նախաքննությամբ պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացիներ Լ.Խաչատրյանը եւ Դ.Առաքելյանը, մասնակցելով օրենքով սահմանված կարգի խախտմամբ Ազատության հրապարակում իրականացվող զանգվածային միջոցառումներին, 2008 թվականի մարտի 1-ին չեն ենթարկվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին եւ դիմադրություն ցույց տվել՝ բռնություններ գործադրելով իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Մասնավորապես՝ Լ.Խաչատրյանը, հրապարակում գտնվող մի խումբ այլ անձանց հետ հարձակում է գործել ոստիկանության ծառայողների վրա, որի ընթացքում կյանքի եւ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել ՀՀ ոստիկանության Երեւան քաղաքի վարչության Նոր-Նորքի բաժնի Ավանի բաժանմունքի աշխատակիցներ Ռ.Օհանյանի եւ Հ.Ներսիսյանի նկատմամբ, իսկ Դ.Առաքելյանը, մի խումբ այլ օրինախախտների հետ միասին, ոստիկանության աշխատակիցների նկատմամբ բռնություններ է գործադրել Հյուսիսային պողոտայի եւ Պուշկինի փողոցի խաչմերուկի մոտակայքում, որի ընթացքում էլ ոստիկանության ՊՊԾ գնդի ոստիկանների եւ Կենտրոնի բաժնի քրեական հետախուզության բաժանմունքի օպերլիազորների կողմից բերման ենթարկվել ոստիկանության Կենտրոնի բաժին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա Լ.Խաչատրյանին եւ Դ.Առաքելյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով: Նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանավորումը: Լ.Խաչատրյանի եւ Դ.Առաքելյանի վերաբերյալ քրեական գործերն ապրիլի 10-ին ուղարկվել են Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Մեկ այլ քրեական գործով պարզվել եւ հիմնավորվել է, որ ՀՀ քաղաքացի Կ.Մանուչարյանն անմիջական մասնակցություն է ունեցել բռնություններով, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային եւ մասնավոր գույքի ոչնչացմամբ, հափշտակություններով, իշխանության ներկայացուցիչներին զինված դիմադրություն ցույց տալով ուղեկցված, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ Երեւան քաղաքում տեղի ունեցած զանգվածային անկարգություններին՝ քարերով ու փայտերով հարվածելով հասարակական կարգի պահպանությունն իրականացնող ոստիկաններին:
Ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ Կ.Մանուչարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Հաշվի առնելով, որ Կ.Մանուչարյանը երկրորդ կարգի հաշմանդամ է՝ նրա նկատմամբ որպես խափանման միջոց ընտրված կալանքը, դատախազի ցուցումով, նախաքննական մարմինը փոխել է չբացակայելու մասին ստորագրությամբ: Քրեական գործն ուղարկվել է Երեւանի քրեական դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այսպիսով՝ սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 10-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 86 անձ, եւս 11 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն՝ չհեռանալու մասին: 16 քրեական գործ՝ 16 անձի վերաբերյալ ուղարկվել է դատարան: