Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում 13 անձի մասով նախաքննությունն ավարտվել է եւ նրանց վերաբերյալ գործերն անջատվել են առանձին վարույթ:
Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա՝ ՀՀ քաղաքացիներ Արմեն Ավագյանին, Համլետ Աբրահամյանին, Դավիթ Համբարձումյանին, Ռաջու Պետրոսյանին, Սարգիս Պարունակյանին, Մեսրոպ Զաքարյանին, Դավիթ Մաթեւոսյանին, Հովհաննես Ղազարյանին, Գասպարի Վարդգես, Միսակ Հովակիմյանին մեղադրանք է առաջադրվել ոստիկանության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու եւ վերջիններիս նկատմամբ բռնություն գործադրելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին մասով, Ռուբեն Ոսկանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասի եւ 225 1 –րդ հոդվածի 1-ին մասով, Իսահակ Մալխասյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի առաջին եւ 235-րդ հոդվածի 4-րդ մասով, Արտաշես Մաթեւոսյանին՝ 225-րդ հոդվածի 2-րդ մասով: Նշված անձանց վերաբերյալ քրեական գործերն ուղարկվել են ընդհանուր իրավասության դատարան՝ ըստ էության քննելու համար:
Այդպիսով, ՀՀ հատուկ քննչական ծառայության վարույթում քննվող քրեական գործի շրջանակներում, ապրիլի 1-ի դրությամբ, նախնական կալանքի տակ է գտնվում 90 անձ, եւս 10 մեղադրյալի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին: