ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Պիտեր Սեմնեբիի գլխավորած պատվիրակությանը:
Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են հետընտրական զարգացումներին, արտակարգ դրության պայմաններում մարդու իրավունքների պաշտպանության խնդիրներին:
ՀՀ գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ Երեւանում արտակարգ դրություն սահմանելու մասին ՀՀ Նախագահի հրամանագիրը չի նախատեսել դատավարական որեւէ իրավունքի սահմանափակում եւ անձինք ձերբակալվել, կալանավորվել են բացառապես քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով:
Սահմանադրական կարգի խախտմամբ պետական իշխանությունը յուրացնելու նպատակով Երեւան քաղաքում զանգվածային անկարգություններ հրահրելու եւ կազմակերպելու փաստի առթիվ քրեական գործի նախաքննությունն իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը, որն անկախ է եւ չունի գերատեսչական որեւէ ենթակայություն, իսկ նախաքննության օրինականության նկատմամբ հսկողություն իրականացնելու եւ դատավարական ղեկավարումն ապահովելու համար ՀՀ գլխավոր դատախազի հրամանով ձեւավորվել է դատախազական խումբ: Ա.Հովսեփյանը նշել է, որ նախաքննական մարմնին գրավոր ցուցում է տվել բազմակողմանի քննություն կատարել ոչ միայն տեղի ունեցած անկարգությունների առնչությամբ՝ բացահայտելու համար դրանց կազմակերպիչներին ու կատարողներին, այլ նաեւ քննության առարկա դարձնել ոստիկանության մարմինների գործողությունների օրինականության հարցը: Իսկ նախաքննության թափանցիկությունն ապահովելու նպատակով դատախազությունում ձեւավորվել է հանրային իրազեկման խումբ:
Գլխավոր դատախազը տեղեկացրել է, որ անկարգությունների հետեւանքով մահացել է 8 անձ, որոնցից 1-ը՝ ոստիկանության աշխատակիցը, նռնակի պայթյունից, 3-ը՝ փորձագետների ներկայացրած նախնական եզրակացության համաձայն, կիրառված հատուկ միջոցների հետեւանքով, իսկ 4-ը՝ հրազենից ստացված մարմնական վնասվածքներից: Դիակներից հանված գնդակները տարբեր տրամաչափի են, ինչը հիմք է տալիս ասելու, որ անկարգությունների ժամանակ օգտագործվել են տարբեր տեսակի զենքեր եւ նախաքննության առջեւ խնդիր է դրվել պարզաբանել բոլոր այդ հանգամանքները: Մարմնական վնասվածք է ստացել 265 անձ, որոնցից 210-ը՝ ոստիկան: Հրկիզվել է 68 ավտոմեքենա, ավերվել եւ թալանվել 10 մասնավոր սեփականություն հանդիսացող օբյեկտ, այդ թվում՝ դեղատուն:
Ձերբակալված եւ կալանավորված բոլոր անձինք ենթարկվել են բուժզննման ինչպես ձերբակալված անձանց պահելու վայրեր, այնպես էլ քրեակատարողական հիմնարկներ տեղափոխվելիս եւ գրանցվել են բոլոր այն մարմնական վնասվածքները, որոնք եղել են նրանց վրա: Մարմնական վնասվածքներ արձանագրվել են 12 մեղադրյալի վրա, իսկ դրանց առաջացման պատճառները պարզելու համար նշանակվել են փորձաքննություններ:
Գլխավոր դատախազը նշել է, որ ԵԱՀԿ-ի եւ ՄԱԿ-ի երեւանյան գրասենյակների ղեկավարներին առաջարկել է դատաբժշկական, դատաձգաբանական, ինչպես նաեւ տեսարիզների նկատմամբ նշանակված փորձաքննություններին ներգրավել նաեւ այլ երկրների փորձագետների: «Դատախազությունը պատրաստակամ է ստեղծել բոլոր աշխատանքային պայմանները արտերկրի մասնագետների մասնակցությունը կոնկրետ փորձաքննությունների կատարմանը ապահովելու համար»,- նշել է Ա.Հովսեփյանը:
Պ.Սեմնեբին, կարեւորելով, որ արտակարգ դրությունը հանվել է սահմանված ժամկետում, ընդգծել է քաղաքական երկխոսություն ծավալելու անհրաժեշտությունն ու մարտի 1-ի անկարգություններին հանգեցրած շարժառիթների ու դրդապատճառների ուսումնասիրությունը, որը թույլ կտա հետագայում քայլեր ձեռնարկել նման երեւույթներից խուսափելու համար: