Վերջին օրերին շրջանառության մեջ է դրվել մի տեսաերիզ, որով փորձ է արվում մտայնություն ձեւավորել, թե մարտի 1-ին, լույս 2-ի գիշերը ոստիկանությունը մարտական զենք է գործադրել ցուցարարների նկատմամբ:
Մասնավորապես տեսաերիզում օգտագործվել են ակնհայտորեն մոնտաժված (սա տեսանելի է անգամ անզեն աչքով) կադրեր՝ կասկածի տակ դնելով ոստիկանության գործողությունների օրինականությունն ու համարժեքությունը: Սա եւս փաստում է, որ իշխանությունը բռնի յուրացնելու, սահմանադրական կարգը խախտելուն ուղղված զանգվածային անկարգությունների կազմակերպիչների հիմնական զենքերից է ապատեղեկատվության տարածումը՝ նպատակ ունենալով հասարակության մեջ սերմանել ատելություն իշխանությունների նկատմամբ եւ դրդել անհնազանդության, անկարգությունների:
Ինտերնետում «Նշանառու կրակոցներ» խորագրով տեղադրված տեսանյութը ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով կենթարկվի փորձաքննության, որի արդյունքների մասին կհայտնենք լրացուցիչ: Փաստում ենք, որ դատախազությունը հետամուտ է լինելու տեղի ունեցած անկարգությունների լիարժեք բացահայտմանը եւ հավաստիացնում, որ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում ընթանում է բազմակողմանի քննություն, քննարկման առարկա է դառնում յուրաքանչյուր դրվագ եւ հայտարարություն, որի արդյունքների մասին պարբերաբար հանրությանը կտրամադրվի տեղեկատվություն:
Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ հասարակական կարգը վերականգնելու եւ երկրի սահմանադրական կարգը պահպանելու համար ոստիկանության ուժերի կողմից օգտագործվել են հետեւյալ հատուկ միջոցները՝ արցունքաբեր գազ, լուսածիր գնդիկավոր փամփուշտներ, ջրցան մեքենաներ: Ցուցարարների նկատմամբ մարտական հրազեն օգտագործելու վերաբերյալ որեւէ հրահանգ չի եղել: Եթե կան անձինք, ովքեր ունեն հակառակի մասին վկայող տվյալներ, ապացույցներ եւ ոչ թե խեղաթյուրված, մոնտաժված կադրեր, ապա կոչ ենք անում դրանք տրամադրել նախաքննական մարմնին կամ դատախազությանը:
Նախաքննության առջեւ դրված հիմնական խնդիրներից է պարզել 8 զոհերի մահվան հանգամանքները, նշանակվել են փորձաքննություններ: Ավելին՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը 2008 թվականի մարտի 11-ին ԵԱՀԿ երեւանյան գրասենյակի ղեկավար Սերգեյ Կապինոսի հետ հանդիպման ժամանակ պատրաստակամություն է հայտնել ապահովել միջազգային փորձագետների մասնակցությունը փորձաքննությունների իրականացմանը՝ նման ցանկության առկայության դեպքում: