Տեսադարան

Արթուր Դավթյանը հանդիպել է Եգիպտոսի գլխավոր դատախազին. ստորագրվել է համագործակցության հուշագիր

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

05.03.2008 | Ցուցարարների ուղղությամբ իրավապահները չեն կրակել

2008 թվականի մարտի 5-ին տեղի ունեցավ ՀՀ գլխավոր դատախազի մամուլի քարտուղար Սոնա Տռուզյանի ճեպազրույցը` ներկայացնելով Երեւանում տեղի ունեցած զանգվածային անկարգությունների վերաբերյալ հարուցված քրեական գործի նախաքննության արդյունքները:

2008 թվականի փետրվարի 20-ից մարտի 2-ն ընկած ժամանակահատվածում Երևան քաղաքում տեղի ունեցած, Հայաստանի Հանրապետության Սահմանադրության խախտմամբ պետական իշխանությունը բռնությամբ յուրացնելուն ուղղված զանգվածային անկարգություններ կազմակերպելու համար, ինչը  զուգորդվել է բռնությամբ, ջարդերով, հրկիզումներով, պետական, հանրային և մասնավոր գույքի ոչնչացմամբ, իշխանության ներկայացուցչներին զինված դիմադրություն ցույց տալով, հրազենի, պայթուցիկ նյութերի, որպես զենք օգտագործելու համար հարմարեցված տարատեսակ առարկաների գործադրմամբ, սպանություններով, հարուցված քրեական գործի նախաքննությունը, ՀՀ գլխավոր դատախազի ցուցումով, իրականացնում է ՀՀ հատուկ քննչական ծառայությունը:

Ստեղծվել է քննչական-օպերատիվ խումբ, որի կազմում ընդգրկվել են  շուրջ 50 քննիչ եւ օպերատիվ աշխատողներ, իսկ դատավարական ղեկավարումն իրականացնելու համար  ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ ձեւավորվել է առանձին աշխատանքային խումբ՝ փորձառու դատախազներից բաղկացած:

«Քննչական խումբը ձեռնարկում է անհրաժեշտ բոլոր քայլերը՝ աննախադեպ այս քրեական գործի լրիվությունը, օբյեկտիվությունն ու բազմակողմանիությունն ապահովելու նպատակով: Մշակվել է հատուկ քննչական պլան եւ քննչական խմբի ենթախմբերը նախաքննությունն իրականացնում են  ըստ դրվագների: Արդեն իսկ կատարվել է բավական մեծածավալ աշխատանք եւ ձեռք բերված ապացույցները, դրանց թվում հետազոտված տեսաձայնագրություններն ու վկաների, մեղադրյալների, կասկածյալների ցուցմունքները հիմք են տալիս ասելու, որ քննչական խումբն ընդհանուր առմամբ տիրապետում է ամբողջ իրավիճակին, դեպքերի զարգացման հաջորդականությունը եւ վստահաբար կարող եմ հայտարարել, որ տեղի ունեցածը եղել է նախապես ծրագրավորված եւ ղեկավարվել մեկ կենտրոնից: Բավարար տվյալներ կան նաեւ հիմնական կազմակերպիչների, հրահրողների, զանգվածային անկարգությունների մասնակիցների վերաբերյալ եւ վստահեցնում ենք, որ որեւէ կարգազանց, օրինախախտ անպատիժ չի մնա»,- հայտարարեց մամուլի քարտուղարը:

Նրա տեղեկացմամբ՝ մարտի 5-ի դրությամբ ձերբակալվել է 27 անձ, եւս 26 հոգու  առաջադրվել է մեղադրանք ՀՀ քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով` զանգվածային անկարգությունների, օրենքով սահմանված կարգի խախտմամբ հրապարակային միջոցառում կազմակերպելու, անցկացնելու, այն դադարեցնելու վերաբերյալ պահանջներին չենթարկվելուն ուղղված կոչեր անելու, իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու, պետական իշխանությունը յուրացնելու համար:

Մեղադրյալներից ոմանք ընդունել են ներկայացված մեղադրանքը, տվել խոստովանական ցուցմունքներ:
«Նախաքննությունը կպարզի նաեւ  զոհված անձանց մահվան բոլոր հանգամանքները: Այսօրվա դրությամբ նախաքննության ունեցած տվյալներով կարող եմ հայտարարել, որ իրավապահ մարմինների կողմից ցուցարարների ուղղությամբ որեւէ կրակոց չի արձակվել: Մարտի 1-ի երեկոյան, երբ ցուցարարները զինված, այդ թվում հրազենի գործադրմամբ հարձակումներ են գործել ոստիկանության աշխատակիցների նկատմամբ,  իրավապահների կողմից օգտագործվել են արցունքաբեր գազ եւ լուսածիր գնդակավոր փամփուշտներ», - ընդգծեց Ս.Տռուզյանը:

Նրա խոսքով՝ միջոցներ են ձեռնարկվում նաեւ պետությանն ու մասնավոր գույքին պատճառված վնասների չափերը պարզելու ուղղությամբ, արդեն իսկ հաջողվել է հայտնաբերել ավազակային հարձակմամբ անկարգությունների ժամանակ մայրաքաղաքի կենտրոնում գործող խանութներից կողոպտված գույքի մի մասը, կան ձերբակալվածներ: Այդ աշխատանքները շարունակվում են, կան տեսագրություններ եւ հույս ունենք, որ նաեւ ալան-թալանին  մասնակից անձինք կհայտնաբերվեն եւ կձերբակալվեն: Պետք է ասեմ, որ հրահրված զանգվածային անկարգություներից օգտվել են նաեւ հանցավոր տարրերը առավել սրելով իրավիճակը:

Նա միաժամանակ կրկին նշեց, որ մահացել է 8 անձ եւ հերքեց անհայտ կորածների մասին շրջանառվող լուրերը, ինչի վկայությունն է նաեւ այն, որ  ՀՀ գլխավոր դատախազի 04.03.08թ. մամուլի ասուլիսից հետո նույնպես քաղաքացիներից որեւէ ահազանգ չի ստացվել իրենց հարազատի անհայտ կորելու վերաբերյալ: