Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

23.02.2008 | Գագիկ Ջհանգիրյանը կողմնակից է եղել «Հոկտեմբերի 27»-ի քրեական գործից անջատված մասի վարույթը կարճելուն

Հաշվի առնելով, որ վերջին օրերին տարբեր անձանց եւ ուժերի կողմից բավական շատ է շահարկվում 1999 թվականի հոկտեմբերի 27-ին տեղի ունեցած ահաբեկչության փաստի առթիվ հարուցված քրեական գործը, դրանից առանձին մաս անջատված վարույթը կարճելու մասին որոշումը՝ ստորեւ ներկայացնում ենք որոշ մանրամասներ նշված քրեական գործի քննության ընթացքի մասին.

«1999 թվականի հոկտեմբերի 27-ին ՀՀ Ազգային  Ժողովում տեղի ունեցած ահաբեկչական ակտի առթիվ նույն օրր՝ 1999թ. հոկտեմբերի 27-ին, հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ նախկին քրեական օրենսգրքի 61-րդ հոդվածի 1-ին մասի, 99-րդ հոդվածի 4-րդ և 6-րդ կետերի հատկանիշներով: 1999 թվականի հոկտեմբերի 28-ին, քրեական գործն ընդունվել է ՀՀ զինվորական դատախազության վարույթ  և նախաքննության անմիջական ղեկավարումը դրվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի վրա։

Հոկտեմբերի 30-ին կազմվել է զինվորական դատախազության 20 քննիչից բաղկացած քննչական խումբ: 1999թ. նոյեմբերի 3-ին Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնը ստանձնել է Արամ Սարգսյանը՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության զոհ դարձած վարչապետ Վազգեն Սարգսյանի եղբայրը եւ պաշտոնավարել շուրջ 5 ամիս՝  մինչև 2000թ. մայիսի 2-ը: Իսկ գլխավոր դատախազի պաշտոնում Արամ Սարգսյանի ներկայացմամբ 1999 թվականի նոյեմբերի 16-ին նշանակվել է վերջինիս մտերիմ Բորիս Նազարյանը՝ պաշտոնավարելով մինչև 2001թ. փետրվարի 20-ը, որից հետո ՀՀ գլխավոր դատախազ է նշանակվել Արամ Թամազյանը:

Նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին, Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին և Համլետ Ստեփանյանին մեղադրանքներ են առաջադրվել Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքի համապատասխան հոդվածներով (Նաիրի և Կարեն Հունանյաններին, էդուարդ Գրիգորյանին, Դերենիկ Բեջանյանին մեղադրանքներ են առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1–ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 67-րդ հոդվածով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով և 232-րդ հոդվածի 1-ին մասով, իսկ Վռամ Գալստյանին, Աշոտ Կնյազյանին ե Համլետ Ստեփանյանին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 59-րդ հոդվածի 1-ին մասով, 61-րդ հոդվածի 1-ին մասով, 15-61-րդ հոդվածի 1-ին մասով, 96-րդ հոդվածի 2-րդ մասով, 130-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ, 4-րդ, 5-րդ կետերով ու 232-րդ հոդվածի 1-ին մասով)։

Քրեական գործով մեղադրանքներ են առաջադրվել նաև՝ Արմեն Հարությունյանին՝ նախապատրաստվող հանցագործության մասին հաստատապես իմանալու ու իրավապահ մարմիններին չհայտնելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 84-րդ հոդվածով, Սարգիս Եթիմյանին, Սաշիկ Ղլեչյանին և Միսակ Մկրտչյանին՝ ապօրինի հրազեն ու ռազմամթերք ձեռք բերելու և պահելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 232-րդ հոդվածի 1-ին մասով, ինչպես նաև՝ Արմեն Գասպարյանին ու Ավետիք Մինասյանին՝ իրենց պաշտոնեական պարտականությունների կատարման նկատմամբ հանցավոր անփույթ վերաբերմունք դրսևորելու համար՝ ՀՀ քրեական օրենսգրքի 184-րդ հոդվածով։

Միաժամանակ իրենց ծառայական պարտականությունների կատարման հարցում թերանալու համար ՀՀ ՆԳ նախարարի (ՀՀ ոստիկանապետի) 1999թ. դեկտեմբերի 9-ի թիվ 545 հրամանով պատասխանատվության է ենթարկվել 21 պաշտոնատար անձ, նրանց թվում՝ 13-ը հեռացվել են համակարգից, 3-ն ազատվել են զբաղեցրած պաշտոններից, 2-ը՝ նախազգուշացվել  պաշտոնին ոչ լրիվ համապատասխանելու մասին, իսկ 3-ին՝ հայտարարվել է խիստ նկատողություն։

2000թ. դեկտեմբերի 1-ին քրեական գործը՝ վերոհիշյալ 13 անձանց մասով ուղարկվել է Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան, իսկ մեղադրական եզրակացությունը հաստատվել է ՀՀ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի կողմից։

Դատարանում մեղադրանքը պաշտպանել է զինվորական դատախազի տեղակալի գլխավորությամբ գործող 5 դատախազներից ձեւավորված խումբը: Երևանի Կենտրոն և Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի 2003թ. դեկտեմբերի 2-ի դատավճռով Նաիրի Հունանյանն ու ահաբեկչության նրա անմիջական  հանցակիցները դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Վերադաս դատական ատյանները մերժել են 3 ամբաստանյալների ներկայացրած բողոքները  եւ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի դատավճիռը թողել անփոփոխ:

Թեեւ  Նաիրի Հունանյանը ցուցմունքներ էր տվել, որ հանցագործության միակ կազմակերպիչը և ղեկավարը հանդիսացել է ինքը, իրենից ու խմբում ընդգրկված անձանցից՝ Կարեն Հունանյանից, էդուարդ Գրիգորյանից, Վռամ Գալստյանից, Դերենիկ Բեջանյանից, Աշոտ Կնյազյանից և Համլետ Ստեփանյանից բացի այլ անձինք հանցագործությանը մասնակցություն կամ հանցակցություն չեն ունեցել, այնուհանդերձ քրեական գործից 2000թ. հուլիսի 11-ին կայացված որոշմամբ անջատվել էր առանձին վարույթ՝ հանցագործության հնարավոր կազմակերպիչների, մասնակիցների, օժանդակողների հայտնաբերելու համար։

Անջատված մասով քրեական գործի նախաքննությունը 2 տարի 9 ամիս իրականացվել է զինվորական դատախազությունում՝ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանի անմիջական ղեկավարությամբ,  իսկ 2003թ. մարտի 14-ից՝ ՀՀ գլխավոր դատախազ Արամ Թամազյանի հանձնարարությամբ, ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում։

Կատարվել են հնարավոր բոլոր անհրաժեշտ քննչական և օպերատիվ-որոնողական գործողությունները՝ 172 հարցաքննություն, բազմաթիվ առերեսումներ, զննություններ, առգրավումներ, նշանակվել են փորձաքննություններ։ Պահանջվել և ուսումնասիրվել են բազմաքանակ փաստաթղթեր։ Օպերատիվ-հետախուզական միջոցառումներ ձեռնարկելու վերաբերյալ ՀՀ ոստիկանությանը, ազգային անվտանգության ծառայությանը, զինվորական ոստիկանությանը, ինչպես նաև հետաքննության այլ մարմիններին տրվել է 46 հանձնարարություն։ Նախաքննության ընթացքում քննչական խմբի անդամներ են գործուղվել Վրաստանի Հանրապետության Բաթում և Ուկրաինայի Հանրապետության Եվպատորիա քաղաքներ, որտեղ նույնպես կատարվել են բազմաթիվ քննչական գործողություններ։

Քննարկվել են տուժողների իրավահաջորդների և նրանց ներկայացուցիչների կողմից ներկայացված բոլոր միջնորդությունները: Նրանց կողմից ներկայացված 21 միջնորդությունից  մերժվել՝ 9-ը, որոնցից 5-ը վերաբերել է նույն հարցին ՝ տեսաերիզների փորձաքննության նշանակմանը, որն ի վերջո բավարարվել է, 2-ը ՝ դատարան ուղարկված քրեական գործով կայացված որոշումների վերացմանը, 1-ական՝ նույն գործով ամբաստանյալի առողջական վիճակի և քրեական գործից անջատված մասով հարցաքննված անձանց վերաբերյալ տվյալներ ներկայացնելուն։

Անջատված մասի նախաքննության ժամկետը երկարացվել է 25 անգամ, սակայն բացի դատապարտված անձանցից, հանցագործության այլ մասնակիցներ, կացմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ և օժանդակողներ չեն հայտնաբերվել։

Ուստի 2004թ. նոյեմբերի 11-ին կայացված պատճառաբանված որոշմամբ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճվել է։ Մինչ կարճելու մասին որոշում կայացնելը նախաքննության արդյունքները քննարկվել են ՀՀ դատախազության 2004 թվականի նոյեմբերի 9-ին տեղի ունեցած կոլեգիայի նիստում, որին հրավիրվել եւ մասնակցել են «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործի եւ դրանից անջատված մասի նախաքննության մեջ ներգրավված բոլոր քննիչները, օպերատիվ աշխատողները, նրանց թվում՝ զինվորական դատախազության քննիչները եւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը՝ կոլեգիայի անդամի կարգավիճակով:

Քննարկման ժամանակ ելույթ  է ունեցել  նաեւ զինվորական դատախազ Գագիկ Ջհանգիրյանը եւ ընդգծել քրեական գործի վարույթը կարճելու անհրաժեշտությունը՝ նշելով, որ իրականում «Հոկտեմբերի 27-ի» քրեական գործից մաս անջատելու 2000 թվականի հուլիսի 11-ի որոշումը  եղել է անօրինական՝ թելադրված քաղաքական իրավիճակով: Ըստ նրա՝ 2000 թվականի հուլիսին 11-ի որոշումը նպատակ է ունեցել հանդարտեցնել քաղաքական լարվածությունը, որին, ի պատասխան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, կոլեգիայի անդամ Գ.Դանիելյանը նկատել է, որ այդ որոշումը ճիշտ հակառակ ազդեցությունն է ունեցել եւ քաղաքական լարվածությունն ավելի է սրել: Կոլեգիայի արձանագրությունը եւ բոլոր նյութերը պահպանվում են:

Կոլեգիան 09.11.04թ. ընդունված միաձայն որոշմամբ համաձայնել էր, որ անջատված մասով կատարվել են անհրաժեշտ բոլոր քննչական, օպերատիվ-որոնողական գործողությունները, քննարկվել, հետազոտվել եւ գնահատվել են հավանական վարկածների կապակցությամբ հավաքված բոլոր ապացույցները, հանգամանքներն ու փաստերը, որի արդյունքում բացի դատապարտված անձանցից  հանցագործության այլ մասնակիցներ՝ կազմակերպիչներ, կատարողներ, դրդիչներ եւ օժանդակողներ չեն հայտնաբերվել:

Առնվազն տարօրինակ է, որ անջատված մասով քրեական գործի վարույթը կարճելու մասին որոշումից  3 տարի հետո միայն Գագիկ Ջհանգիրյանը բողոքում է այդ որոշման դեմ, որի օրինականության հարցը անցած տարիներին ոչ միայն Գ.Ջհանգիրյանը, այլ ընդհանրապես ոչ ոք,  այդ թվում  տուժողներն եւ նրանց իրավահաջորդները չեն վիճարկել, որոշումը չեն բողոքարկել:

ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան