Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

02.02.2008 | Բավարար մեղադրող ապացույցների առկայության դեպքում անհրաժեշտ է արձակել մեղադրական դատավճիռ

Հաշվի առնելով հասարակական հնչեղությունը եւ հանրության հետաքրքրությունը 07.04.07թ. Վաղարշապատ քաղաքում Ս.Ղազարյանի  առեւանգման դեպքի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննության եւ դատաքննության նկատմամբ՝ դատախազությունը պարզաբանում է, որ`

«Քրեական գործի նախաքննությամբ հիմնավորվել է, որ 2007թ. ապրիլի 7-ին՝ ժամը 15-ի սահմաններում,  Վաղարշապատ քաղաքի բնակիչ, ՀՀ ԱԺ պատգամավոր Հ.Հակոբյանը համաքաղաքացի Նշան Ասլանյանի հետ միասին ԲՄՎ մակնիշի, ավտոմեքենայով, որը վարել է վերջինս,  նույն քաղաքի Պետտնկարան թաղամասից խորհրդարանական ընտրությունների հետ կապված խախտման առնչությամբ առևանգել են  Սահակ Ղազարյանին, նրան տեղափոխել «Զվարթնոց» համալիր, որտեղ Հ.Հակոբյանը, տնակներից մեկում նրան մեկ ժամ պահելով, պահանջել է, որպեսզի Ս.Ղազարյանը թույլ չտա որդուն` Վանիկ Ղազարյանին  ապրիլի 9-ին ներկայանալ դատարան և ի վնաս իրեն ցուցմունք տալ:

Նույն օրը, փաստի առթիվ հարուցված  քրեական գործի նախաքննության ընթացքում  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով մեղադրանք է առաջադրվել Նշան Ասլանյանին և  նրա նկատմամբ  խափանման միջոց է ընտրվել կալանքը:

Քրեական գործը  Նշան Ասլանյանի մասով ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասով  ուղարկվել է դատարան, իսկ Հ.Հակոբյանի մասով,  վերջինիս հիվանդության պատճառով,  անջատվել է  և նախաքննությունը դեռևս շարունակվում է  առանձին վարույթով:

Քրեական գործով ամբաստանյալ  Նշան Ասլանյանի  հանցանքը հիմնավորվել է  հետևյալ ապացույցներով.

1.  Տուժող Սահակ Ղազարյանի  նախաքննական  ցուցմունքներով այն մասին, որ, իրենց շենքի բակում  Հ.Հակոբյանն իր  կամքին   հակառակ  իրեն հրել, բռնությամբ գցել է   ավտոմեքենայի  մեջ: Այդ ժամանակ իր տղան` Ավագ Ղազարյանը, նկատելով այդ ամենը,  վազքով մոտեցել է  և փորձել է կանխել: Մեքենան վարող Նշան Ասլանյանը պատուհանից ձեռքով հրելով տղային,  իր կամքին հակառակ ավտոմեքենան վարել է դեպի «Զվարթնոց» համալիր: Մինչ շարժվելը, ինքը փորձել է իջնել ավտոմեքենայից, սակայն իր կողքին նստած Հայկազ Գրիգորյանը, հնարավոր բարդություններից  իրեն զերծ պահելու համար, բռնել է ձեռքը  և հասկացրել, որպեսզի նման քայլի չդիմի: Մոտ մեկ ժամ,  իր կամքին հակառակ,  Հ.Հակոբյանն իրեն  համալիրի տնակներից մեկում պահելով,  առաջարկել է որպեսզի  որդուն` Վանիկ Ղազարյանին թույլ չտա ապրիլի 9-ին ներկայանալ դատարան, ինչը  մերժել է (2007թ. մայիսի 12-ի խորհրդարանական ընտրություններում Հ.Հակոբյանի թեկնածությունն առաջադրած նախաձեռնող խմբի անդամների` Վաղարշապատ քաղաքի թիվ 19 ընտրական տեղամաս ներկայացրած ցուցակում Վանիկ Ղազարյանը նկատելով, որ իր անվան դիմաց եղած ստորագրությունը կեղծված է, այդ մասին դիմում է ներկայացրել ընտրական հանձնաժողովին:  Ապրիլի 9-ին Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում նշանակված է եղել այդ հարցի վերաբերյալ  քաղաքացիական գործի դատաքննությունը):
Մեկ ժամ հետո  այդտեղ են եկել  քաղաքացիական հագուստով 2 անձինք, որոնք չնայած հայտնել են,  որ ոստիկանության աշխատողներ են, սակայն, նրանց չճանաչելով և ընդունելով որպես Հ.Հակոբյանի թիկնապահներ ու վախենալով իր նկատմամբ հնարավոր ինքնադատաստանից, նրանց հարցին պատասխանել է, թե իրեն չեն առևանգել: Սակայն, երբ նշված անձինք ավտոմեքենայով իրեն տարել են Էջմիածին քաղաք ու երբ ավտոմեքենան թեքվել է ոստիկանության բաժնի կողմը,  համոզվել է, որ նրանք ոստիկանության աշխատողներ են և դեռևս ավտոմեքենայում  նրանց հայտնել իրականությունը, որ  իրոք,  Հ.Հակոբյանն ու Ն.Ասլանյանն իրեն առևանգել են:
Նույն ցուցմունքները տուժող Ս.Ղազարյանը պնդել է, ինչպես Հակոբ Հակոբյանի  և Նշան Ասլանյանի հետ    կատարված    առերես հարցաքննության ժամանակ, այնպես էլ  առաջին ատյանի դատարանում, որտեղ, պատասխանելով ամբաստանյալի  և նրա պաշտպանի հարցերին, հերքել է նրանց փորձերը` դեպքի հանգամանքները ներկայացնելու այնպես թե,  իբր, ինքը իր կամքով է գնացել «Զվարթնոց» համալիր:

2. Գործի նախաքննության ընթացքում տուժողի տղան, դեպքին ականատես վկա Ավագ Ղազարյանը, ցուցմունք տալով  հաստատել է իր հորը, վերջինիս կամքին հակառակ առևանգելու վերը շարադրված հանգամանքները, միաժամանակ նշելով, որ  առևանգումից անմիջապես հետո  վազելով գնացել է տուն,   այդ մասին  հայտնել  քրոջ ամուսնուն` Արթուր Մարտիրոսյանին, ապա՝ գնացել ոստիկանության  բաժին  և հայտարարություն   տվել կատարվածի վերաբերյալ:
Վկա Ա.Ղազարյանն իր  ցուցմունքը պնդել  է  նաև Հակոբ   Հակոբյանի և Նշան Ասլանյանի հետ կատարված  առերես հարցաքննությունների   ժամանակ:

3. Տուժող Ս.Ղազարյանի ցուցմունքները հաստատել է նաև նրա կինը` վկա Լաուրա Զաքարյանը:

4.  Գործով վկա Արթուր Մարտիրոսյանը  ցուցմունք է տվել, որ իր աներձագը` Ավագ Ղազարյանը, մտնելով տուն, հուզված հայտնել է, որ Հակոբ Հակոբյանը    հորը, բռնությամբ նստեցնելով ավտոմեքենան,  իր հետ եկած անձնավորության հետ   առևանգել են:
Նույն ցուցմունքը  Ա.Մարտիրոսյանը  պնդել է նաև առաջին ատյանի  դատարանում:

5. Գործով վկա Հայկազ  Գրիգորյանը  ցուցմունք է տվել, որ  ներկա է եղել, երբ Հակոբ Հակոբյանը Սահակ Ղազարյանին առաջարկել է գնալ «Զվարթնոց» համալիր, բայց վերջինս տարբեր պատճառաբանություններով հրաժարվել է, Հ.Հակոբյանը պնդել է իրենը: Իմանալով Հ.Հակոբյանի բնավորության  դյուրագրգիռ լինելը,  ինչպես նաև տեսնելով, որ Ս.Ղազարյանը  խուսափում է գնալուց, մտածել է, որ գուցե նա վախենում է,  առավել ևս , որ հիվանդ է, հազիվ է քայլում և բնավորությամբ էլ խեղճ է, ուստի որոշել է ինքն էլ գնալ: Ավտոմեքենայում գտնվելու ժամանակ Սահակ Ղազարյանը փորձել է բացել դուռը և իջնել ավտոմեքենայից, սակայն  իրավիճակը չսրելու համար  բռնել է Սահակ Ղազարյանի ձեռքը  և համոզել չդիմել այդ քայլին:

6.Գործով վկա  Վանիկ Ղազարյանը ցուցմունք է տվել, որ  ապրիլի 8-ի երեկոյան  վերադարձել է Էջմիածին քաղաք, տանը իր հոր և եղբոր պատմածներից տեղեկացել է, որ նախորդ օրը՝ ժամը 15-ի սահմաններում,  Հակոբ Հակոբյանը`   վարորդի հետ  իր հորը, վերջինիս կամքին հակառակ, տարել են և պահել «Զվարթնոց»  համալիրում, որի ընթացքում Հ.Հակոբյանը  պահանջել է որպեսզի ինքը  ապրիլի 9-ին կայանալիք  քաղաքացիական գործի դատաքննությանը չներկայանա և պատգամավորության թեկնածու Հակոբ Ռաֆիկի Հակոբյանի դեմ  ցուցմունք չտա, սակայն  հայրը հրաժարվել է:

7.  Քրեական գործով վկաներ , ոստիկանության Վաղարշապատի բաժնի պետ Արսեն Աբրահամյանը և նրա տեղակալ Լաերտ Գրիգորյանը նախաքննության ընթացքում   ցուցմունքներ են տվել, որ  2007թ. ապրիլի 7-ին Ավագ Ղազարյանը հայտարարություն է տվել  իր հորը  Հ.Հակոբյանի կողմից առևանգելու մասին: Օպերատիվ ճանապարհով պարզելով, որ առևանգված Ս.Ղազարյանը գտնվում է  «Զվարթնոց»   համալիրում,  գնացել են այնտեղ, որտեղ տնակներից մեկում գտել են տուժող Ս.Ղազարյանին: Երբ  նրան իրենց ավտոմեքենայով  տարել են դեպի ոստիկանության բաժին, Սահակ Ղազարյանը զարմացած հարցրել է. «էս ինձ միլիցիա ե՞ք տանում» և, համոզվելով որ իրենք ոստիկանության աշխատակիցներ են, ասել է, որ իրեն առևանգել են:
Նույն ցուցմունքները վկաներ Ա.Աբրահամյանն ու Լ.Գրիգորյանը պնդել են նաև դատաքննության ընթացքում:

Առաջին ատյանի դատարանում հրապարակվել և հետազոտվել են  նաև բացակա վկաներ Ավագ, Վանիկ Ղազարյանների և Հայկազ Գրիգորյանի ցուցմունքները, քանի որ վերջիններս դատարան չեն ներկայացել հանրապետությունից բացակայելու պատճառով:

Նույն դատարանում հետազոտվել են նաև տուժող Ս.Ղազարյանի հոգեբուժական փորձաքննության արդյունքները, ըստ որոնց՝ վերջինս չի տառապում որևէ հոգեկան հիվանդությամբ, հոգեպես առողջ եւ ունակ դեպքի հետ կապված հանգամանքները ճիշտ գնահատելու և վերարտադրելու: Բացի այդ՝ Ս.Ղազարյանը դեպքի հանգամանքների կապակցությամբ փորձագետին հայտնել է նույն տվյալները, ինչը  հայտնել է քրեական գործի  նախաքննության և թե հետագայում` դատաքննության ընթացքում:
Ավելի քան մեկ ամիս տևած դատաքննությունից հետո (առաջին դատական նիստը տեղի է ունեցել 10.07.2007թ.), 16.08.2007թ., երբ քրեական գործի ապացույցներն ամբողջությամբ արդեն հետազոտվել և,  ըստ էության, դատաքննության փուլն ավարտվել և անցում է կատարվել  դատական վիճաբանությունների փուլ, հանկարծ տուժող Ս.Ղազարյանը դատարանին է ներկայացրել դիմում, թե, իբր, իր նախկին ցուցմունքները ճիշտ չեն, իրեն չեն  առևանգել և ինքը գնացել է իր   կամքով: Հաջորդ օրը` 17.08.2007թ. տուժողը մարզի դատախազի պաշտոնակատար, նույն գործով մեղադրող Ս.Մինասյանին դիմում է ներկայացրել հայտնելով, որ դատարանին ներկայացրած իր դիմումը  գրել է  թվով 3 անծանոթ անձանց հարկադրանքի ազդեցության տակ և  որ նախաքննության ընթացքում  և մինչ այդ,  դատարանում տված իր ցուցմունքները ճիշտ են:

Հաշվի առնելով, որ տուժող  Ս.Ղազարյանի դիմումում, ինչպես նաև այդ առթիվ տրված բացատրությունում սուտ ցուցմունք տալուն հարկադրելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 340-րդ հոդվածի  2-րդ մասով նախատեսված  հանցանքի հատկանիշներ են պարունակում, ոստիկանության քննչական բաժնում, ուր ուղարկվել է դիմումը, 20.08.2007թ. հարուցվել է քրեական գործ, որի նախաքննության ընթացքում Ս.Ղազարյանը ցուցմունք է տվել՝ հաստատելով 3 անձանց կողմից  իրեն ահաբեկելու և դրանով դատարանում իրեն սուտ ցուցմունք տալուն  հարկադրելու փաստը:

Ոստիկանության բաժնին  քրեական գործով հանձնարարություն է տրվել` նշված 3 անձանց հայտնաբերելու ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու համար: Այս փաստով հարուցված քրեական գործի նախաքննությունը  շարունակվում է:

Հաշվի առնելով, որ  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածով նախատեսված արարքի համակատարողներ Հակոբ Հակոբյանի ու Նշան Ասլանյանի կողմից հանցանքը նախնական համաձայնությամբ կատարելու վերաբերյալ ապացույցները բավարար չեն, մեղադրողը միջնորդել է ամբաստանյալ Ն.Ասլանյանի արարքը վերաորակել ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով և որպես պատիժ նշանակել 2 տարի ժամանակով ազատազրկում:  Սակայն առաջին ատյանի դատարանը  28.09.2007թ.  կայացրել է  ապօրինի դատավճիռ` Նշան Համազասպի Ասլանյանին արդարացնելու մասին:

Դատարանի անօրինական և չհիմնավորված դատավճիռը բողոքարկվել է ՀՀ քրեական  վերաքննիչ դատարան:

Վերաքննիչ դատարանում քրեական գործի դատաքննության ընթացքում տուժող Սահակ Ղազարյանը  ցուցմունք է տվել եւ հայտնելով, որ  իրականում ամբաստանյալ Նշան Ասլանյանն  ու  Հակոբ Հակոբյանն իրեն  առևանգել են և այդ առթիվ նախաքննության ընթացքում  ու  Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանում 10.07.2007թ.  տված իր ցուցմունքները ճիշտ են, իսկ առաջին ատյանի դատարանին 16.08.2007թ. հասցեագրած դիմումը  երեք անձանց սպառնալիքի ազդեցության տակ, ինչի մասին դատարանում   լրացուցիչ ցուցմունք է տվել:

Բացի նշված ապացույցներից՝,  վերաքննիչ դատարանում կայացած դատաքննության ընթացքում  ձեռք են բերվել նաև  լրացուցիչ  այլ ապացույցներ: Մեղադրողների  միջնորդությամբ   որպես վկա հարցաքննված Հակոբ Հակոբյանը  ցուցմունք է տվել եւ  հաստատել, որ  տուժող Սահակ Ղազարյանը չի ցանկացել իրենց հետ  գնալ և այդ պատճառով ինքը նրան հրել, գցել է ավտոմեքենայի մեջ: Քրեական գործով  դատական վիճաբանություններից առաջ ամբաստանյալ Նշան Ասլանյանը վերաքննիչ դատարանին է ներկայացրել դիմում, որով  հաստատել է  Սահակ Ղազարյանին  նրա կամքին հակառակ առևանգելու փաստը, զղջացել է կատարածի համար և խնդրել  մեղմ պատժել իրեն:

Վերաքննիչ դատարանում մեղադրողները միջնորդել են բերված վերաքննիչ բողոքը բավարարել, բեկանել Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի  վերը նշված դատավճիռը, և  ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 1-ին մասով  Նշան Ասլանյանի նկատմամբ կայացնել մեղադրական դատավճիռ, սակայն վերաքննիչ դատարանն անհիմն կարգով իր  22.11.2007թ. որոշումով  Արմավիրի մարզի առաջին ատյանի դատարանի   28.09.2007թ. դատավճիռը  թողել է անփոփոխ, իսկ վերաքննիչ բողոքն`  առանց բավարարման:

ՀՀ գլխավոր դատախազը վերաքննիչ դատատարանի որոշման դեմ ներկայացրել է վճռաբեկ բողոք, ինչը ՀՀ վճռաբեկ դատարանը  վարույթ չի ընդունել  և վերադարձրել է որոշման մեջ նշելով, թե, իբր, բողոքում նշված չէ, թե թույլ տրված խախտումը, ըստ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 398-րդ հոդվածի, ինչպե՞ս է ազդել գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։ Մինչդեռ բողոքի բովանդակությունից ակնհայտ է, որ խախտվել է գործի արդարացի քննության մասին ՀՀ քրեական դատավարության սկզբունքը, որի պատճառով էլ այն ազդել է գործով ճիշտ որոշում կայացնելու վրա։

Բացի այդ, վճռաբեկ դատարանի որոշման մեջ տարակուսանքով նշվել է, թե, իբր, բողոքում չի մատնանշվել, թե ինչով է խաթարվել արդարադատության բուն էությունը։ Տուժողը ճանաչել է իրեն առեւանգողին եւ առերես պնդել իր ցուցմունքները, Նշան Ասլանյանը նույնպես ընդունել է իրեն ներկայացրած մեղադրանքը, ինչը հաստատվել է նաեւ վկաների ցուցմունքներով եւ նման ապացույցների առկայության պայմաններում արդարացման դատավճռի հրապարակմամբ, դատախազության կարծիքով, խաթարվել է արդարադատությունը, ուստիեւ ներկայացվել էր վճռաբեկ բողոք:

Բացի այդ՝ Վճռաբեկ դատարանի որոշման մեջ նշվում է,  թե, իբր, բողոքում հիմքեր չկան եզրահանգելու, որ սույն գործով վճռաբեկ դատարանի կողմից կայացվող դատական ակտը կարող է էական նշանակություն ունենալ օրենքի միատեսակ կիրառության համար։

Տվյալ պարագայում վճռաբեկ բողոքում չի վիճարկվել պատժի համաչափությունը, այլ այն, որ հանցագործության կատարման հարցում բավարար մեղադրող ապացույցների առկայության դեպքում անհրաժեշտ է արձակել մեղադրական դատավճիռ։