Հերքում
«Ազգ» օրաթերթի 09.01.08թ. թիվ 2 (3896) համարում տպագրվել է «Ժամկետանց հաղորդագրություն՝ անցյալ տարվա հանցագործությունը բացահայտելու «խիզախ» տրամադրությամբ» վերտառությամբ հոդվածը, որտեղ հոդվածագիրը ակնհայտ սխալ տեղեկատվություն է մատուցել ընթերցողին:
Կարեւորելով հասարակության ստուգված տեղեկատվություն ստանալու իրավունքը եւ, օգտվելով «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածով ընձեռված իրավունքից, խնդրում եմ, տպագրել ներքոշարադրյալ հերքումը:
Տոնական օրերին Վ.Զատիկյանի անվան այգում տեղի ունեցած ծառահատումների վերաբերյալ «Շանթ» հեռուստաընկերության 07.01.08թ. հեռարձակած ռեպորտաժը որպես ահազանգ ընդունելով ՀՀ գլխավոր դատախազի հանձնարարությամբ Մալաթիա-Սեբաստիա համայնքի դատախազությունը ուսումնասիրել է հարցը:
Դեպքի վայրի տեղազննությամբ պարզվել է, որ այգում ապօրինի հատվել է 51 հատ ծառ (հացենի, թխկի, թեղի, բարդի): Պարզվել է նաեւ, որ հատումների վերաբերյալ առաջին ահազանգը ոստիկանությունը ստացել է 28.12.07թ. եւ սկսել նյութերի նախապատրաստումը, սակայն տեղանքի ուսումնասիրությունը ցույց է տվել, որ ծառահատումներ են կատարվել նաեւ հունվար ամսի առաջին օրերին եւ համայնքի դատախազի 08.01.08թ. որոշմամբ անմիջապես հարուցվել է քրեական գործ եւ նախաքննության իրականացումը հանձնարարվել է ոստիկանությանը: Որեւէ փաստ կամ ահազանգ այգում 3-4 ամիս առաջ կատարված ծառահատումների վերաբերյալ իրավապահ մարմինները չեն ստացել եւ հակառակի մասին հոդվածում նշված տեղեկատվությունը մտացածին է:
Ծառահատումների ավելի կոնկրետ ժամանակահատվածը, ինչպես նաեւ հանցագործների ինքնությունը կպարզի նախաքննությունը, որն իրականացնում է ոստիկանության Մալաթիայի քննչական բաժինը: Եթե հոդվածագիրն ունի այլ հավաստի տեղեկություններ ծառահատումների ժամանակահատվածի կամ ընդհանրապես դեպքի մասին, ապա, շնորհակալ կլինենք, եթե դրանք ներկայացնի քննությանը:
Բացի այդ, ցավով, պետք է արձանագրեմ, որ հոդվածագիրը չի փորձել նախապես ծանոթանալ այն գերատեսչությունների գործառույթներին, որոնց աշխատանքներին փորձել է գնահատական տալ իր հեղինակած հոդվածում:
Դատախազությունը պատրաստակամությամբ համագործակցում է զանգվածային լրատվության միջոցների ներկայացուցիչների հետ եւ ընթերցողներին ապատեղեկատություն տրամադրելուց խուսափելու նպատակով առաջարկում ենք, գործող օրենսդրության շրջանակներում, համագործակցաբար աշխատել: