«ԱՊՍԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը, որի բաժնետերերն են հանդիսանում ՀՀ քաղաքացիներ Բենիամին Գրիգորյանը եւ Արարատ Զուրաբյանը, վերականգնել է պետությանը պատճառված նյութական վնասը եւ առանձնապես խոշոր չափերով հաստատագրված վճարները վճարելուց խուսափելու դեպքի առթիվ ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում հարուցված քրեական գործի վարույթը կարճվել է:
08.10.07թ. ՀՀ կառավարությանն առընթեր հարկային պետական ծառայության քննչական բաժնում հարուցվել էր քրեական գործ «ԱՊՍԻԴԱ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության ղեկավար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերով հաստատագրված վճարները վճարելուց խուսափելու դեպքի առթիվ:
Նախաքննությամբ պարզվել է, որ «ԱՊՍԻԴԱ» ընկերության տնօրեն Բ.Գրիգորյանը, ընկերության կողմից Վարդանանց 69/6 հասցեում վարձակալած տարածքում զբաղվել է առեւտրի կազմակերպմամբ, սակայն 2007թ. հունվար-հոկտեմբեր ամիսներին սպասարկման սրահի մակերեսի վերաբերյալ հարկային մարմնին ներկայացրել է ակնհայտ խեղաթյուրված ելակետային տվյալներ, որի արդյունքում խուսափել է 60.512.800 դրամի հարկային պարտավորությունների կատարումից, որից 34.626.200 դրամ հաստատագրված վճարի գծով: Ձեռք բերված ապացույցների հիման վրա 15.10.07թ. Բ.Գրիգորյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով: Նույն օրը, Երեւան քաղաքի Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանի որոշմամբ, նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը:
17.12.07թ. նախաքննական մարմնին ներկայացվել է մեղադրյալների հարազատների կողմից 30.512.800 դրամ գումար պետական գանձապետարան փոխանցելու վերաբերյալ վճարման թիվ 49 անդորրագիրը: Ավելի վաղ՝ 2007 թվականի հոկտեմբերին Բ.Գրիգորյանի կողմից փոխանցվել էր մնացած գումարը:
Նկատի ունենալով, որ ՀՀ քրեական օրենսգրքի 189-րդ հոդվածի 5-րդ մասի համաձայն՝ ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածով նախատեսված արարքն առաջին անգամ կատարած անձն ազատվում է քրեական պատասխանատվությունից, եթե նա հատուցում է հանցագործությամբ պատճառված վնասը եւ հաշվարկված տույժերն ու տուգանքները, իսկ Բ.Գրիգորյանը հատուցել է պետությանը պատճառված վնասը՝ 34.626.200 դրամը, ինչպես նաեւ հաշվարկված 25.886.600 դրամի տույժերն ու տուգանքները եւ 205-րդ հոդվածով նախատեսված արարքը կատարել է առաջին անգամ, ուստիեւ 2007թ. դեկտեմբերի 17-ին որոշում է կայացվել քրեական գործի վարույթը կարճելու, քրեական հետապնդումը դադարեցնելու եւ խափանման միջոց ընտրված կալանքը վերացնելու մասին: