ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի մոնիտորինգի հանձնաժողովի համազեկուցող Ժորժ Կոլոմբիեն, հանձնաժողովի քարտուղար Դեսպինա Չացիվասիլիուն: Հանդիպմանը մասնակցում էին նաեւ Եվրոպայի Խորհրդի գրասենյակի ներկայացուցիչ Բոյանա Ուռումովան, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Արամ Թամազյանը:
Կողմերը քննարկել են դատաիրավական բարեփոխումների, ոստիկանական մարմիններում մարդու իրավունքների պաշտպանության, ընտրախախտումների քրեական հետապնդմանը վերաբերող հարցեր:
Հյուրերի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը ներկայացրել է դատախազության համակարգում տեղի ունեցող բարեփոխումները՝ տեղեկացնելով, որ այս համատեքստում էապես բարձրացվել է դատախազության անկախության կարգավիճակը, առավել հստակեցվել գործառույթները: Գլխավոր դատախազը փաստել է, որ դատախազության բարեփոխումների երրորդ փուլի հիմքը դրվել է ՀՀ Սահմանադրությունում 2005 թվականի նոյեմբերին կատարված փոփոխություններով, որի հռչակած սկզբունքներին համապատասխան ընդունվել եւ 2007 թվականի մայիսի 1-ից գործողության մեջ է մտել «Դատախազության մասին» ՀՀ նոր օրենքը:
Օրենքով նախատեսված անցումային փուլը 2007 թվականի դեկտեմբերի 1-ին ավարտվել է եւ ըստ այդմ՝ հաստատվել է դատախազության նոր կառուցվածքը, ձեւավորվել են նոր վարչություններ՝ նեղ մասնագիտացումներով: Ա.Հովսեփյանը նշել է, որ դատախազության նախորդ տարիների գործունեության պրակտիկան հաշվի առնելով վարչությունները ձեւավորվել են ըստ հանցատեսակների՝ դրանց բացահայտման եւ քննության նկատմամբ դատախազական հսկողության որակն առավել բարձրացնելու նպատակով: Բացի այդ ձեւավորվել են էթիկայի եւ որակավորման հանձնաժողովներ, դատախազության դպրոցը՝ դատախազների էթիկայի խախտումներին վերաբերող հարցերը քննարկելու, նրանց մասնագիտական վերապատրատումն ապահովելու համար:
Անդրադառնալով 2007 թվականի մայիսին տեղի ունեցած խորհրդարանական ընտրությունների ժամանակ արձանագրված ընտրախախտումներին՝ ՀՀ գլխավոր դատախազը հյուրերին տեղեկացրել է, որ ամենայն մանրամասնությամբ ուսումնասիրվել, նյութեր են նախապատրաստվել եւ քննություն է իրականացվել արձանագրված բոլոր ահազանգերի կապակցությամբ, որոնց արդյունքում դատարան է ուղարկվել 8 քրեական գործ՝ 17 անձի վերաբերյալ, 4 գործով հանցավոր են ճանաչվել տեղամասային ընտրական հանձնաժողովի 12 անդամ, որոնցից 11-ը՝ քվեարկության արդյունքները կեղծելու, 1-ը՝ տեղամասային ընտրական հանձնաժողովի աշխատանքին խոչընդոտելու, 2 քրեական գործով 3 անձ՝ դատապարտվել է ընտրողի կամքի ազատ իրականացմանը խոչընդոտելու համար: Եվ փաստել, որ ձեռք բերված փորձը էապես կնպաստի առաջիկա նախագահական ընտրություններում ընտրախախտումները կանխարգելելու, իսկ արձանագրվելու դեպքում՝ դրանց համարժեք քրեաիրավական գնահատական տալու հարցում:
Միաժամանակ արձանագրվել է, որ ձեւավորված դատական պրակտիկայի ուսումնասիրության արդյունքում մշակվել եւ ՀՀ ազգային ժողովի կողմից ընդունվել է ընտրախախտումների համար ՀՀ քրեական օրենսգրքով նախատեսված պատժաչափերը խստացնող օրինագիծը:
Համազեկուցող Ժ.Կոլոմբիեն բարձր գնահատելով ընտրախախտումներին քրեաիրական գնահատական տալը եւ պատժողական քաղաքականության խստացումը՝ հույս հայտնեց, որ առաջիկա ՀՀ նախագահական ընտրություններում նույնպես, ընտրախախտումներ արձանագրվելու դեպքում, դատախազությունը հետեւողականություն կցուցաբերի մեղավորներին պատասխանատվության ենթարկելու հարցում: