Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

03.10.2007 | Տեղի է ունեցել կոլեգիայի նիստ

2007 թվականի հոկտեմբերի 3-ին տեղի է ունեցել  ՀՀ դատախազության կոլեգիայի նիստ՝ ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանի նախագահությամբ: Կոլեգիայի աշխատանքներին հրավիրվել եւ մասնակցում էին  ՀՀ ոստիկանապետի տեղակալը, ոստիկանության գլխավոր քննչական վարչության պետը, հանրապետության զինվորական կոմիսարը,առողջապահության, կրթության եւ գիտության փոխնախարարները:

Կոլեգիան քննարկել է 2007 թվականի գարնանային զորակոչի ընթացքում  «Զինապարտության մասին», «Այլընտրանքային ծառայության մասին» եւ «Սահմանված կարգի խախտմամբ պարտադիր զինվորական ծառայություն չանցած քաղաքացիների մասին» ՀՀ օրենքների կատարման նկատմամբ իրականացված դատախազական հսկողության արդյունքները, անձնական սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման եւ այդ բնույթի գործերով իրականացված դատախազական հսկողության վիճակը, պետության գույքային շահերին առնչվող վճիռներով 2006 թվականի ընթացքում պետական մարմինների կողմից իրականացված միջոցառումների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ, զինվորական դատախազ Արմեն Խաչատուրյանը, ներկայացնելով զինկոմիսարիատներում, հանրապետական հավաքակայանում եւ բժշկական հաստատություններում կատարված ուսումնասիրությունների արդյունքները, արձանագրեց, որ թեեւ նախորդ տարիների համեմատությամբ  բարելավվել է զորակոչի կազմակերպումն ընդհանրապես, այդուհանդերձ, խախտումներ են հայտնաբերվել նախազորակոչիկների եւ զորակոչիկների կցագրման եւ հաշվառման աշխատանքներում. զգալի թիվ է կազմում չկցագրված անձանց թիվը, իսկ  կցագրման չներկայացած պատանիների հայտնաբերման ուղղությամբ տարվող որոնողական աշխատանքներն արդյունավետ չեն իրականացվում: Զինվորական դատախազը փաստեց, որ արձանագրված խախտումները վերացնելու ուղղությամբ տրվել են կոնկրետ ցուցմուներ, որոնց կատարման վիճակը կստուգվի 2007 թվականի աշնանային զորակոչի ընթացքում:

Թերություններ են հայտնաբերվել նաեւ զորակոչային բժշկական հանձնաժողովների աշխատանքներում: Մասնավորապես հայտնաբերվել են դեպքեր, երբ զորակոչիկների առողջական  վիճակի վերաբերյալ բժշկական եզրակացությունները եւ դրանց հիման վրա կայացված  որոշումները չեն համապատասխանել կոնկրետ անձի առողջական իրական վիճակին: Արձանագրվել  են նաեւ դեպքեր, երբ հավաքակայան  զորակոչման են ներկայացվել ֆիզիկական ակնհայտ արատ ունեցող զորակոչիկներ, որոնց ծառայությունը որոշ դեպքերում հաջողվել է կանխել հավաքակայանում գործող բժշկական հանձնաժողովի կողմից: Ա.Խաչատուրյանը խիստ մտահոգիչ գնահատեց   տարբեր բժշկական հաստատությունների կողմից միեւնույն անձի առողջական վիճակի վերաբերյալ տրված բժշկական ակտերում հայտնաբերված էական հակասությունները:

ՀՀ գլխավոր դատախազը Ա.Հովսեփյանը ՀՀ առողջապահության փոխնախարարի ուշադրությունը հրավիրեց այն հանգամանքի վրա, որ բավականին մեծ թիվ է կազմում նաեւ հայտնաբերված հետախուզվող զորակոչիկների շրջանում հիվանդության պատճառով  զինծառայությունից ազատվելու դեպքերը եւ հանձնարարեց կառուցվածքային ստորաբաժանումները գլխավորող դատախազներին հատուկ քննարկման առարկա դարձնել արձանագրված նման յուրաքանչյուր դեպք՝ պարզելու, թե որքանով է հիմնավորված եւ արդարացված զորակոչիկին ժամկետային զինվորական ծառայությանը ոչ պիտանի ճանաչելու մասին եզրակացությունը: Միաժամանակ որոշվեց միջնորդագիր ուղարկել ՀՀ առողջապահության նախարարին՝ նույն զորակոչիկի  վերաբերյալ տարբեր բժշկական հաստատությունների կողմից տրված իրարամերժ եզրակացությունների դեպքերը քննարկման առարկա դարձնելու եւ անհրաժեշտ կազմակերպական հետեւություններ անելու հարցադրմամբ:

ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Մնացական Սարգսյանը, ներկայացնելով անձնական  սեփականության դեմ ուղղված հանցագործությունների բացահայտման վիճակը եւ արձանագրված թերությունները, արձանագրեց, որ 2006 թվականին  նկատվել էր գողությունների աճ շուրջ 648 դեպքով: Դրանց մեջ  գերակշռում են խմբով կատարված հանցագործությունները, այն դեպքերը, երբ հանցավոր անցյալ ունեցող անձը կամ հանցավոր խումբը դուրս է մնացել ոստիկանության տեսադաշտից, անարգել կատարել մեծ թվով գողություններ, որոնց զգալի մասն անգամ չի գրանցվել ոստիկանությունում: Մի քանի խմբերի հանցավոր գործունեությունն արդեն դադարեցվել է, սակայն նշվեց, որ քննությունը եւ դատախազական հսկողությունը շատ հաճախ անուշադրության են մատնել հանցավոր խմբերի անարգել գործելու, չվերահսկվելու, հանցագործությունները գրանցված չլինելու իրական պատճառները եւ չեն պարզվել այն մեղավոր պաշտոնատար անձինք, ովքեր պետք է պատասխանատվության ենթարկվեին ծառայական պարտականությունները կատարելու ընթացքում  անգործության մատնվելու կամ դեպքերը թաքցնելու համար: Արձանագրվեց, որ այս հարցում  դատախազական ներգործության համարժեք միջոցներ չեն ձեռնարկվել:

ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարեց բոլոր դատախազներին  նախաքննության ընթացքում բացահայտված եւ նախկինում չգրանցված հանցագործության յուրաքանչյուր դեպքով նախաքննության ընթացքում առանձնահատուկ ուշադրություն դարձնել հանցադեպը նախկինում գրանցված չլինելու պատճառների պարզաբանմանը եւ տվյալ քրեական գործի մեղադրական եզրակացությունը չհաստատել՝ առանց այդ պատճառները պարզելու, իսկ անհրաժեշտություն առաջանալու դեպքում բարձրացնել հանցագործությունը թաքցրած պաշտոնատար անձի պատասխանատվության ենթարկելու հարցը:

Պետության  գույքային  շահերին առնչվող  վճիռներով 2006 թվականի  ընթացքում պետական մարմինների կողմից իրականացված միջոցառումների գործընթացում պետական շահերի պաշտպանության վիճակը զեկուցեց ՀՀ գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության պետ Զելիմ Թադեւոսյանը՝ արձանագրելով, որ պետական տարբեր մարմինները երբեմն դատարաններ են ներկայացնում թերի հայցադիմումներ, հետեւողականություն չեն ցուցաբերում դրանց քննության, ապա նաեւ՝ կայացված դատական ակտերի հիման վրա ժամանակին կատարողական  թերթերը վերցնելու եւ դրանք դատական ակտերի հարկադիր կատարման ծառայության մարմիններին ներկայացնելու հարցում, որի հետեւանքով պետության օգտին գումարներ բռնագանձելու վերաբերյալ առանձին դատական ակտեր մնում են չկատարված: Եզակի չեն նաեւ դեպքերը, երբ պետության շահերին հակասող դատական ակտերը պետական մարմինների կողմից չեն բողոքարկվել կամ նման խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազություն չեն դիմել:

Պետության շահերի պաշտպանությունը դատախազությանը ՀՀ սահմանադրությամբ վերապահված ամենակարեւոր գործառույթներից է եւ պարտավոր ենք հսկել, թե ինչպես են պետական մարմինները հետամուտ լինում պետության շահերի պաշտպանությանը, ինչպես եւ հայցեր ներկայացնում դատարաններ եւ որքանով են հետամուտ լինում դրանց քննությանը, որպեսզի ժամանակին կարողանանք ապահովել դատախազական ներգործությունը,- ասաց ՀՀ գլխավոր դատախազը՝ հանձնարարելով յուրաքանչյուր կիսամյակ ամփոփել  ոլորտում տիրող վիճակը եւ դրա արդյունքներով մշակել հաղորդման նախագիծ՝ ՀՀ վարչապետին ներկայացնելու համար:

Միաժամանակ հանձնարարվեց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Ա.Թամազյանին` մշակել ՀՀ գլխավոր դատախազի հրամանի նախագիծ՝ պետական շահերի պաշտպանության ոլորտում դատախազության լիազորությունների շրջանակը, իրավասություններն ու պարտականությունները սահմանելու մասին՝ 2007 թվականի մայիսի 1-ից ուժի մեջ մտած «Դատախազության մասին» ՀՀ օրենքի պահանջներին համապատասխան: