ՀՀ գլխավոր դատախազությունում այսօր տեղի ունեցավ հանդիսավոր նիստ՝ նվիրված դատախազության աշխատողի օրվան:
Մասնագիտական տոնին նվիրված հանդիսությունները սկսվեցին գլխավոր դատախազության վարչական շենքի մոտ` Հայաստանի դատախազության հիմնադիրներից մեկի` Պետիկ Թորոսյանի հուշատախտակին և ՀՀ նախկին գլխավոր դատախազ, իրավագիտության դոկտոր Հենրիկ Խաչատրյանի անունը կրող դպրոցի բակում տեղադրված նրա կիսանդրուն ծաղկեզամբյուղներ դնելով:
Դատախազության աշխատողի օրվա հանդիսությունները շարունակվեցին ՀՀ գլխավոր դատախազության նիստերի դահլիճում: Հայաստանի դատախազության անցած ուղու, ներկայի գործառույթների և ապագայի խնդիրների մասին խոսքով հանդիսավոր նիստում հանդես եկավ ՀՀ գլխավոր դատախազ, արդարադատության պետական խորհրդական, իրավաբանական գիտությունների դոկտոր Աղվան Հովսեփյանը:
Մասնագիտական տոնի կապակցությամբ դատախազության աշխատակիցներին շնորհավորեցին և պարգևներ հանձնեցին՝ ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Հովհաննես Մանուկյանը, ՀՀ պաշտպանության նախարար Միքայել Հարությունյանը, ՀՀ ոստիկանապետ Հայկ Հարությունյանը, ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնօրեն Գորիկ Հակոբյանը, ՀՀ արդարադատության նախարար Գևորգ Դանիելյանը: