Ս.թ. հունիսի 20-ին՝ ժ. 12:30-ին, Հայաստանի Հանրապետությունում ԱՄՆ Դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Էնթոնի Գոդֆրին և ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանը ստորագրեցին ԱՄՆ և ՀՀ կառավարությունների միջև կնքված թմրադեղերի հսկողության և իրավապահ ոլորտում համագործակցության նամակ-hամաձայնագրում լրացում կատարելու մասին 5-րդ արձանագրությունը: Հինգերորդ լրացման համաձայն` ԱՄՆ կառավարությունը ՀՀ կառավարությանն է տրամադրելու 1.616.927 ԱՄՆ դոլարի լրացուցիչ աջակցություն հետեւյալ ծրագրերի իրականացման համար.
- մշտական իրավախորհրդատու ծրագիր,
- մարդկանց առեւտրի (թրաֆիքինգի) դեմ պայքարի ծրագիր,
- քրեափորձագիտական ինստիտուտի ձեւավորումման ծրագիր,
- ամերիկյան փաստաբանների ընկերակցության կենտրոնական ու արեւելյան եվրոպական իրավունքի նախաձեռնության քրեական իրավունքի բարեփոխումների ծրագիր,
- ֆինանսական դիտարկումների կենտրոնի ձեւավորման ծրագիր,
- Փրոջեքթ Հարմոնի, ԶԱՆԳ (Զարգացնենք արդարադատությանը նպաստող գաղափարներ) Հայաստանի իրավական սոցիալականացման ծրագիր:
2001 թվականի հունիսի 11-ին համաձայնագրի ստորագրումից ի վեր ԱՄՆ կառավարությունը իրավապահ համագործակցությանը աջակցելու նպատակով Հայաստանին տրամադրել է ավելի քան 7 մլն. ԱՄՆ դոլար: