2007թ. ապրիլի 9-ին` ժամը 20:30-ի սահմաններում, Մասիս-Ռանչպար ավտոճանապարհին հարող արոտավայրում հայտնաբերվել է հրկիզված ավտոմեքենա:
Ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների, քննչական գործողությունների արդյունքում պարզվել է, որ նշված ավտոմեքենան 1994թ. արտադրության, սև գույնի «Աուդի-100» մակնիշի ավտոմեքենա է, որը 2005 – 2007 թթ. օգտագործվել է Կոտայքի մարզի բնակիչ Սանասար Արտավազդի Ծատրյանի կողմից՝ 04 ՕՍ 430 պետհամարանիշով:
Սանասար Ծատրյանը 2007թ. փետրվարի 20-ին, առանց հաշվառումից հանելու, ավտոմեքենան վաճառել է ոմն Արթուրի, որի ինքնությունը հայտնի չէ:
Նախաքննության մարմինը բավարար հիմքեր ունի ենթադրելու, որ հիշյալ ավտոմեքենայով կատարվել է առանձնապես ծանր հանցագործություն և այն հետագայում հրկիզվել է հանցագործության հետքերը թաքցնելու նպատակով:
Սանասար Ծատրյանի նկարագրության հիման վրա կազմվել է ավտոմեքենայի գնորդ ոմն Արթուրի ֆոտոռոբոտը, ով, ի դեպ, ամբողջությամբ չի վճարել նաեւ ավտոմեքենայի գումարը եւ շարունակում է Ս.Ծատրյանին պարտք մնալ 1500 ԱՄՆ դոլար:
Խնդրում ենք բոլոր նրանց, ովքեր կճանաչեն ֆոտոռոբոտը եւ կարող են որեւէ տեղեկություն հայտնել նրա մասին, կամ 2007թ. փետրվարի 20-ից մինչև ապրիլի 9-ն ընկած ժամանակահատվածում տեսել են «Աուդի-100» մակնիշի սև, 04 ՕՍ 430 կամ, հնարավոր է, այլ պետհամարանիշով ավտոմեքենան՝ զանգահարեն հետեւյալ հեռախոսահամարներով՝ 511-610, 548-156:
Տեղեկատվության տրամադրման գաղտնիությունը երաշխավորվում է: