Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

16.04.2007 | Ձեւավորված մեխանիզմը կնպաստի հնարավոր իրավախախտումներին պատշաճ իրավական գնահատական տալուն

ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ ընտրությունների դիտորդական առաքելության ղեկավարի տեղակալ Յան Գորվինի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են ՀՀ Ազգային ժողովի  ընտրությունների բնականոն անցկացմանը, արձանագրված իրավախախտումներին պատշաճ եւ օպերատիվ արձագանքելու, դրանց իրավական գնահատական տալուն վերաբերող հարցեր:

ՀՀ գլխավոր դատախազ Ա.Հովսեփյանը տեղեկացրել է, որ ընտրությունների ընթացքում իրավախախտումների վերաբերյալ հաղորդումների  օպերատիվ քննարկումն ապահովելու նպատակով ստեղծվել են Հայաստանի Հանրապետության դատախազության գործունեությունը համակարգող աշխատանքային խմբեր, որոնց խնդիրն է ապահովել նման հաղորդումների անմիջական ստուգումը: Դրանցից մեկը կապահովի առավել բարդ եւ հասարակական մեծ հնչեղություն ունեցող  ընտրական իրավունքի խախտման դեպքերի քննությունը, իսկ մյուս խումբը կիրականացնի հսկողություն՝ մարզերի եւ համայնքների վարույթում քննվող գործերի նկատմամբ եւ հետագայում կապահովի նաեւ մեղադրանքի  պաշտպանությունը դատարանում: «Հաշվի առնելով նախորդ տարիների փորձը՝ ձեւավորել ենք մի մեխանիզմ, ինչը, կարծում ենք, առավել արդյունավետ կդարձնի ընտրական գործընթացի ժամանակ  հնարավոր իրավախախտումներին իրավական պատշաճ գնահատականի ապահովումը»,- ասել է ՀՀ գլխավոր դատախազ եւ տեղեկացրել, որ պայմանավորվածություն է ձեռք բերվել ՀՀ ազգային անվտանգության ծառայության եւ ոստիկանության հետ, որպեսզի վերջիններս օպերատիվ համագործակցեն ՀՀ դատախազությունում ձեւավորված աշխատանքային խմբերի հետ եւ նրանց փոխանցեն նաեւ իրավախախտումների վերաբերյալ օպերատիվ տվյալները: «Աշխատանքի կազմակերպման այս ձեւը հույս է ներշնչում, որ դատախազության տեսադաշտից դուրս չի մնա քրեաիրավական հետեւանքներ առաջացնող ընտրախախտումների վերաբերյալ որեւէ ահազանգ», - նշել է ՀՀ գլխավոր դատախազը:

Հյուրերի խնդրանքով ՀՀ գլխավոր դատախազը մանրամասնել է  աշխատանքային խմբերի գործունեության կարգը եւ ձեւավորման սկզբունքները՝ տեղեկացնելով, որ խմբերում ներգրավվել են համապատասխան մասնագիտական փորձառություն եւ հմտություն ունեցող դատախազները, ովքեր նաեւ ԱՄՆ դեսպանատան աջակցությամբ իրականացվող «Ընտրակեղծիքների դեմ պայքարը եւ դրա կապը քրեական դատավարության հիմնախնդիրների հետ»  ծրագրի շրջանակներում, ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գեւորգ Դանիելյանի գլխավորությամբ, մեկնել էին ԱՄՆ՝ ուսումնասիրելու ԱՄՆ-ի փորձը:

ՀՀ գլխավոր դատախազը հատուկ ընդգծել է, որ դատախազությունն իրավասու չէ միջամտելու ընտրական գործընթացներին եւ ձեռնարկվում են բոլոր միջոցները դատախազության աշխատակիցների հնարավոր մասնակցությունը, միջամտությունը ընտրական գործընթացին, ինչպես նաեւ  քաղաքական գործընթացների մեջ դատախազության հնարավոր ներքաշումը բացառելու համար: «Դատախազությունը չի արձագանքելու քաղաքական, քաղաքական ենթատեքստ ունեցող հայտարարություններին», – հավաստել է ՀՀ գլխավոր դատախազը:

Ա.Հովսեփյանը  պատրաստակամություն է հայտնել դիտորդներին եւ ընդհանրապես հասարակությանը տրամադրել անհրաժեշտ տեղեկատվությունը՝ ընտրությունների ընթացքում արձանագրված իրավախախտումների դեպքերով ձեռնարկված քայլերի մասին: Յ. Գորվինն իր հերթին պատրաստակամություն հայտնեց ապահովել արդյունավետ համագործակցություն: