Տեսադարան

«Լուրերի» բացառիկ հարցազրույցը ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի հետ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության ազատության ապահովման պատասխանատու

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

31.01.2007 | Հայտնաբերվել են կազմակերպված խմբի բոլոր անդամները

ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչությունում ավարտվել է ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի Երևան քաղաքի մի շարք տարածքային ստորաբաժանումներում կեղծ վճարային փաստաթղթերի  հիման վրա անշարժ գույքի պետական գրանցումներ հայտնաբերելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը:

Նախաքննության արդյունքում պարզվել է կատարված հանցագործության մեխանիզմը, բացահայտվել եւ հայտնաբերվել են կազմակերպված խմբի բոլոր անդամները :

Այսպես՝ նախաքննությամբ հիմնավորվել է, որ դեռևս 2004թ. վերջերին Երևան քաղաքի բնակիչներ՝ Արմեն Համբարձումյանը, վերջինիս որդիներ Վարդան ու Արմեն Համբարձումյանները և համակարգչային բնագավառի մասնագետ Տիգրան Մկրտչյանը ստեղծել են կազմակերպված խումբ, որը տեւական ժամանակ զբաղվել է կեղծ վճարային ու պաշտոնական փաստաթղթերի պատրաստմամբ և դրանց օգտագործմամբ՝ խարդախությամբ, առանձնապես խոշոր չափերի գումարների հափշտակությամբ:

Խմբի անդամների մեջ եղել է դերերի հստակ բաժանում.

Մասնավորապես՝ մասնագիտությամբ իրավաբան  Արմեն Համբարձումյանը մշակել և շրջանառության մեջ է դրել անշարժ գույքի պետական գրանցման գործընթացում կադաստրային արժեքի վճարումներն այսպես կոչված «մուրհակներով»  և կադաստրային հին գներով կատարելու մասին շինծու տարբերակներ:

Առաջին տարբերակի գործարկման պարագայում  ներկայացվել է, որ պետության կողմից տրված մուրհակներում արտացոլված գումարների կանխիկացման հետ կապված բարդությունների պատճառով, պատրաստ են անշարժ գույքի կադաստրային արժեքի վճարումը կատարել մուրհակների դիմաց հաշվանցմամբ՝ կանխիկ ստացած գումարից որոշակի մասնաբաժին զիջելու պայմանով:

Մյուս դեպքում խաբեության հիմքում դրվել է վարձակալության իրավունքով հատկացված հողատարածքների մասնավորեցումը ՀՀ կառավարության կողմից սահմանվող արտոնյալ՝ գործողից ցածր կադաստրային արժեքով մասնավորեցման թույլտվություն ստանալը:

Հիշյալ շինծու տարբերակները շրջանառության մեջ դնելով՝ կազմակերպված խմբի անդամները ծրագրել են խաբեության և վստահությունը չարաշահելու եղանակով տարբեր քաղաքացիներից ու կազմակերպությունների ներկայացուցիչներից, ինչպես նաև իրենց հետ համագործակցելու ցանկություն հայտնած՝ անշարժ գույքի պետական գրանցումներով զբաղվող ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնատար անձանցից ստանալ վճարման ենթակա գումարներ, համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ կազմել դրանց մուծման վերաբերյալ բանկային կեղծ վճարային փաստաթղթեր, իսկ իրենց վստահված գումարները խարդախությամբ հափշտակել:

Արմեն Համբարձումյանին, ըստ կազմակերպված խմբի անդամների միջև կատարված դերաբաշխման, վերապահվել է անձանց և պաշտոնյաներին «մուրհակների», արտոնյալ պայմաններով գույքի մասնավորեցման վերաբերյալ մասնագիտական «հիմնավորումներ» ներկայացնելն ու իրավաբանական խորհրդատվություն մատուցելը, ինչպես նաև առանձին դեպքերում վերջիններիս անմիջականորեն մոլորության մեջ գցելը:

Վարդան Համբարձումյանը զբաղվել է կազմակերպչական աշխատանքներով՝ հանցավոր խմբի անդամների գործունեության կոորդինացմամբ, գումարների ստացմամբ, բաշխմամբ, կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստման համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և հումքի ձեռքբերմամբ, կեղծ վճարային փաստաթղթերի անմիջական իրացմամբ, ինչպես նաև նույն շինծու տարբերակները շրջանառության մեջ դնելով՝ տարբեր միջնորդների եւ  ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի ու դրա աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների տարբեր պաշտոնյաների հավաքագրմամբ:

Տիգրան Մկրտչյանը՝ որպես համակարգչային բնագավառի մասնագետ, իրականացրել է կեղծ վճարային փաստաթղթերի պատրաստումը, դրա համար անհրաժեշտ տեխնիկական միջոցների և հումքի ձեռքբերումը:

Կրտսեր Արմեն Համբարձումյանին հանձնարարվել են բանկերում չնչին գումարների մուծման, ավտոմեքենայով կազմակերպված խմբի անդամների տեղափոխման, ինչպես նաև առանձին դեպքերում ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներում որպես լիազորված անձ հանդես գալու աշխատանքները:

Նման եղանակով 2004-2006թթ. ընթացքում հայր և որդիներ Համբարձումյանները, ինչպես անձամբ, այնպես էլ հավաքագրված անձանց միջոցով 158 քաղաքացուց խաբեությամբ վերցրել են վերջիններիս անշարժ գույքի պետական գրանցման համար անհրաժեշտ կադաստրային արժեքի գումարները: Այնուհետև «Առէկսիմբանկ», «Հայխնայբանկ»  և «Արդշինինվեստբանկ» ՓԲ ընկերություններում սեփականատերերի անվամբ վճարել են չնչին՝ մոտ 1% գումար, որից հետո բանկերից ստացված վճարային իրական փաստաթղթերը փոխանցվել են Տիգրան Մկրտչյանին: Վերջինս համակարգչային տեխնիկայի օգտագործմամբ, նույն անդորրագրերի վավերապայմաններով, կամ այլ մտացածին ելակետային տվյալներով պատրաստել է 214  կեղծ վճարային փաստաթուղթ՝ հիշյալ բանկերում նույն սեփականատերերի անշարժ գույքի կադաստրային արժեքն ամբողջությամբ մուծելու վերաբերյալ: Դրանք կրկին Համբարձումյանների միջոցով դրվել են շրջանառության մեջ՝  տրամադրվել են միջնորդներին, սեփականատերերին, կամ ներկայացվել ՀՀ ԿԱ անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումներ, որտեղ դրանց հիման վրա կատարվել են պետական գրանցումներ:

Արդյունքում կազմակերպված խումբը՝ Համբարձումյաններն ու Տիգրան Մկրտչյանն իրենց վստահված ու բանկերում փաստացի վճարված գումարների տարբերություն կազմող առանձնապես խոշոր չափերի 960.729.069 դրամը խարդախությամբ հափշտակել են:

Նախաքննությամբ հայտնաբերվել են հիշյալ կազմակերպված խմբի կողմից պատրաստված և իրացված 1.518.050.690 դրամի 214 կեղծ վճարային փաստաթուղթ, սեփականության իրավունքի պետական գրանցման 3 կեղծ վկայական, Երևանի քաղաքապետի 2 կեղծ որոշում, 1 կեղծ լիազորագիր և դատարանի 1 կեղծ վճիռ:

Քրեական գործով ձեռնարկված քննչական-օպերատիվ միջոցառումների արդյունքում բացահայտվել են կազմակերպված խմբի բոլոր անդամները, որոնց,  ձեռք բերված ապացույցների հիման վրա, մեղադրանքներ են առաջադրվել, իսկ հայր Արմեն Համբարձումյանի մասով վարույթը կարճվել է՝ վերջինիս մահվան կապակցությամբ:

Նույն քրեական գործի շրջանակներում բացահայտվել է նաև նմանատիպ եղանակով կեղծ վճարային փաստաթղթերի օգտագործմամբ քաղաքացիներից խարդախությամբ գումարների հափշտակմամբ մասնագիտացած երկրորդ խումբը: Պարզվել է, որ ՀՀ էներգետիկայի նախարարության աշխատակազմի իրավաբանական բաժնի գլխավոր մասնագետ Արթուր Խաչատրյանը 2003-2006թթ. խարդախությամբ  հափշտակել է 22 քաղաքացու առանձնապես խոշոր չափերի՝ ընդամենը 17.169.473 դրամ գումար, իր աշխատանքային ընկեր Կարեն Գրիգորյանի հետ նախնական համաձայնությամբ իրացնելու նպատակով պատրաստել և իրացրել է 17 քաղաքացու գույքային իրավունքների մասին վկայող՝ առանձնապես խոշոր չափերի՝ 34.426.765 դրամի 60 կեղծ վճարային փաստաթուղթ, միաժամանակ իրացնելու նպատակով կեղծել ու իրացրել է նաև 15 քաղաքացու իրավունք վերապահող 33 պաշտոնական փաստաթուղթ, այդ թվում Երևանի քաղաքապետի որոշումներ, Երևանի քաղաքապետարանի ճարտարապետության և քաղաքաշինության վարչության գլխավոր հատակագծեր և մի շարք դատարանների վճիռներ: Արթուր Խաչատրյանին և Կարեն Գրիգորյանին նույնպես, նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների հիման վրա, առաջադրվել են մեղադրանքներ:

Ըստ էության դեպքի վերաբերյալ քրեական գործի նախաքննությունն ավարտվել է: Ընդհանուր առմամբ քրեական գործից անջատվել և մեղադրական եզրակացությամբ դատարան են ուղարկվել 11 գործեր՝ 21 անձի վերաբերյալ, որոնցից 11-ը եղել են ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի պաշտոնյաներ: Վերջիններս իրենց ներկայացված՝  այսպես կոչված «մուրհակներով» անշարժ գույքի կադաստրային արժեքի գումարները հաշվանցելու վերաբերյալ շինծու տարբերակն ընկալելով որպես հավաստի, դրա ստուգման ուղղությամբ որևէ միջոց չձեռնարկելով, միաժամանակ ունենալով նյութական շահագրգռվածություն, քաղաքացիներից գանձած գումարները փոխանցել են Համբարձումյանների կազմակերպված խմբին:

Կեղծիքների բացահայտումից հետո ՀՀ կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի աշխատակազմի տարածքային ստորաբաժանումների առանձին պաշտոնյաները և միջնորդները տուժողներին պատճառած վնասից վերականգնել են 511.157.878 դրամը, իսկ Համբարձումյանների կողմից վերականգնվել է 92.606.220 դրամ: Ընդամենը վերականգնվել է 603.764.098 դրամի վնաս:

Կալանք է դրվել շուրջ 155.000 ԱՄՆ դոլար արժողությամբ գույքի վրա:

Կեղծ վճարային փաստաթղթերի  հիման վրա անշարժ գույքի պետական գրանցումներ հայտնաբերելու դեպքերի առթիվ հարուցված քրեական գործի նախաքննությունը կատարելու համար ՀՀ գլխավոր դատախազի, ՀՀ ոստիկանապետի ու ազգային անվտանգության ծառայության տնօրենի համատեղ հրամանով կազմվել էր քննչական-օպերատիվ խումբ՝ ՀՀ գլխավոր դատախազության քննչական վարչության հատկապես կարեւոր գործերի քննիչ Ա.Գոյունյանի ղեկավարությամբ:

ՀՀ գլխավոր դատախազի
մամուլի քարտուղար
Սոնա Տռուզյան