ՀՀ գլխավոր դատախազ Աղվան Հովսեփյանն այսօր ընդունել է ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի իրավական կցորդ Մարկ Կիրբիին եւ Հայաստանում ԱՄՆ դեսպանատան իրավական խորհրդատու Սինդիա Լիին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկեցին հանցավորության դեմ պայքարում երկու երկրների իրավապահ մարմինների համագործակցությանը վերաբերող հարցեր: Պրն Մ.Կիրբին շնորհակալություն հայտնեց ՀՀ գլխավոր դատախազին հանցագործությունների բացահայտման գործում ցուցաբերած աջակցության համար եւ փոխանցեց ԱՄՆ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի տնօրեն Ռոբերտ Մյուլլերի պաշտոնական նամակը, որում մասնավորապես ասվում է.
«... Թույլ տվեք հայտնել իմ երախտագիտությունը այն բացառիկ աջակցության համար, որը Դուք ցուցաբերել եք ՀՀ-ում ԱՄՆ դեսպանությանը, այդ թվում՝ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյին իրավական հարցերով գրասենյակին:
Ընդունեք իմ շնորհավորանքները Արթուր Խանզադյանի վերաբերյալ քրեական գործի բարեհաջող ավարտի առթիվ: Մենք պետք է հետեւենք այս քրեական գործի նախաքննության ընթացքում դրսեւորված փոխհամագործակցության ոգուն, ինչը հանդիսանում է հիանալի օրինակ մեր եւ այլ երկրների համար: Այն, որ ազգային անվտանգության ծառայությունը պարզեց Խանզադյանի գտնվելու վայրը եւ ձերբակալեց նրան, իսկ Ձեր աշխատակիցները սեղմ ժամկետներում իրականացրեցին քննությունը, ցույց է տալիս հանցագործներին, որ նրանք չեն կարող խուսափել արդարադատությունից՝ անկախ իրենց գտնվելու վայրից. կլինեն ԱՄՆ-ում, թե Հայաստանում...»:
Մ.Կիրբին հրապարակեց նաեւ Հետաքննությունների Դաշնային Բյուրոյի տնօրեն Ռոբերտ Ս. Մյուլլեր III-ի շնորհակալական պատվոգրերը՝ տրված ՀՀ գլխավոր դատախազության միջազգային իրավական կապերի բաժնի պետ Նելլի Հարությունյանին, քննչական վարչության ՀԿԳ քննիչ Բագրատ Պետրոսյանին եւ դատարաններում քրեական գործերով մեղադրանքի պաշտպանության ավագ դատախազ Գեւորգ Երեմյանին՝ Ա.Խանզադյանի վերաբերյալ քրեական գործով գործուն աջակցություն ցուցաբերելու համար: