Միջազգային Իրավական Կապեր
Հայաստանի Հանրապետության դատախազության հիմնական առաջնահերթություններից մեկը միջազգային-իրավական կապերի, միջազգային կառույցների հետ հարաբերությունների ամրապնդումն է, ինչպես նաև հանցավորության դեմ պայքարում այլ պետությունների իրավասու մարմինների հետ մինչդատական վարույթում գտնվող քրեական գործերով համագործակցության խորացումը:
ՀՀ գլխավոր դատախազությունն ապահովում է ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 54-րդ և 541-րդ գլուխներով և միջազգային պայմանագրերով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների՝ ՀՀ գլխավոր դատախազությանը վերապահված գործառույթների իրականացումն ըստ հետևյալ հիմնական ուղղությունների.
- Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին հարցումների ներկայացում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին,
- Քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու մասին օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից ստացված հարցումների կատարման ապահովում,
- Քրեական հետապնդման ենթարկելու նպատակով անձանց էքստրադիցիայի (հանձնման) մասին միջնորդությունների ներկայացում այլ պետությունների իրավասու մարմիններին,
- Օտարերկրյա պետությունների իրավասու մարմինների կողմից հետախուզվող և Հայաստանի Հանրապետության տարածքում հայտնաբերված անձանց էքստրադիցիայի (հանձնման) հետ կապված իրավական գործընթացի ապահովում,
- Քրեական հետապնդման միջնորդությունների (քրեական գործերի և նյութերի) ներկայացում օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններին,
- Օտարերկրյա պետությունների իրավասու մարմիններից քրեական հետապնդման միջնորդությունների (քրեական գործերի և նյութերի) ստացման և հետագա ընթացքի ապահովում:
Դատախազությունն անդամակցում է`
- ԱՊՀ անդամ երկրների գլխավոր դատախազների Կոորդինացիոն խորհրդին` դրա հիմնադրման օրվանից,
- Դատախազների միջազգային ասոցիացիային,
- Եվրոպական դատախազների խորհրդատվական խորհրդին (CCPE):
Միջազգային իրավական համագործակցության շրջանակներում ՀՀ դատախազներն ակտիվորեն մասնակցում են համապատասխան միջազգային խորհրդաժողովների, սեմինարների և աշխատանքային հանդիպումների: