ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանի ելույթը ԱԺ-ում
(ՏԵՍԱՆՅՈՒԹ)

Ազգային ժողովի հարգարժան նախագահ,

Հարգելի պատգամավորներ,

 

 Որպես Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազի պաշտոնում Հայաստանի Հանրապետության նախագահի կողմից առաջարկված թեկնածու, պատիվ ունեմ ձեզ ներկայացնել գլխավոր դատախազ ընտրվելու պարագայում իմ ծրագրերը, անելիքները, ՀՀ դատախազության առջև ծառացած խնդիրները, դրանց արդյունավետ լուծումների վերաբերյալ իմ պատկերացումներն ու տեսլականները. Հանրապետությունում ընթացող քաղաքական, տնտեսական, սոցիալական, իրավական բարեփոխումներից չի կարող անմասն մնալ դատաիրավական համակարգը և, բնականաբար, դատախազությունը: Նշված գործընթացները, որոնք առանձնահատուկ թափ ստացան նախորդ տարի ընդունված Սահմանադրական փոփոխություններով, պահանջում են նորովի վերաբերմունք դրսևորել իրավապահ ոլորտում, ընդհանրապես, և Դատախազության  համակարգում, մասնավորապես, գործունեության կազմակերպման  հարցերում:  Հատկանշական է, որ նոր Սահմանադրությունն առավել երաշխավորել է  Դատախազության ինքնուրույնությունն ու անկախությունը՝ չներառելով այն իշխանության ավանդական ճյուղերի մեջ:  Դատախազությունը եղել և մնում է պետության հուսալի հենարանը՝ իրեն վերապահված լիազորությունների շրջանակում երկրում օրինականության ամրապնդման, հանցավորության դեմ պայքարի, սահմանադրական, հասարակական կարգի և անվտանգության, մարդու իրավունքների և ազատությունների պաշտպանության ապահովման երաշխիքների շարքում:  Անժխտելի է, որ այդ կարևոր առաքելության իրականացման ճանապարհին դատախազությունը էական դերակատարություն ունի քաղաքացիների հիմնարար իրավունքների և ազատությունների, նրանց օրինական շահերի պաշտպանության գործում, այն ակնառու փաստի հաշվառմամբ, որ առանց օրենքով պաշտպանված, առողջ,  ակտիվ  և  պահանջկոտ  հասարակության  ոչ  մի պետություն  չի  կարող ամուր հիմքեր ունենալ և առավել ևս կայուն զարգացում ապրել:  Մեր հասարակության լայն շերտերը կարող են իրենց առավել պաշտպանված համարել, երբ իրավապահ մարմինների, դատական իշխանության հետ իրենց ամենօրյա շփումներում առարկայացված կզգան, որ այդ մարմինների կողմից պահպանվում են օրինականության, օրենքի առջև բոլորի հավասարության, պատասխանատվության անխուսափելիության, արդար դատաքննության սկզբունքները, երբ մեր հայրենակիցները համոզված կլինեն, որ իրենց չեն կարող ներկայացվել օրենքի ոգուց չբխող ձևական պահանջներ, երբ նրանց վերաբերյալ կայացված որոշումները կլինեն կանխատեսելի:  Այս  հարցում  նախընթաց  տարիներին  մեր  երկրում  բավականին աշխատանք է կատարվել, սակայն հարափոփոխ մեր հասարակությունում այս ոլորտում պահանջները անընդհատ մեծանում են և առաջ բերում լուծում պահանջող նոր խնդիրներ: Նշածս սկզբունք-ուղենիշները, նպատակները կյանքում իրագործելու մեխանիզմները մշտական կատարելագործման կարիք ունեն: Հարգելի՛ գործընկերներ, ստորև կներկայացնեմ գլխավոր դատախազի պաշտոնում ընտրվելու դեպքում դատախազական գործունեության կազմակերպման և իրականացման մեխանիզմների կատարելագործման իմ մոտեցումները՝ գործառութային առանձին ուղղություններում՝  հատկապես շեշտադրելով քրեական արդարադատության ոլորտը՝ նկատի ունենալով, որ այդ ոլորտում են հիմնականում դրսևորվում դատախազության լիազորությունները, որտեղ դատախազությունն ունի բացառիկ, ղեկավար և, հետևաբար, պատասխանատու դերակատարություն: Առաջինը ցանկանում եմ միաժամանակ և զուգահեռաբար անդրադառնալ մինչդատական վարույթում դատավարության մասնակիցների իրավունքների պաշտպանության երաշխավորմանն ու մինչդատական վարույթի արդյունավետության, որակի ապահովմանը: Այս երկու ուղղությունների զուգահեռաբար և միաժամանակյա ներկայացմամբ  ցանկանում եմ իմ հստակ մոտեցումն ու պատկերացումն արտահայտել մինչդատական վարույթում դատախազի դերի, անելիքների և պատասխանատվության վերաբերյալ: Ինձ համար անընդունելի են այս երկու խնդիրների որևէ կերպ ստորադասումը: Քննության ցանկացած փուլում, դատավարական ցանկացած որոշում կայացնելիս դատախազին պետք է հավասարաչափ մտահոգեն մի կողմից՝ հանցագործության լիարժեք բացահայտումը, մեղավոր բոլոր անձանց մերկացումը, նրանց արդարացի պատասխանատվության ապահովումը և մյուս կողմից՝ գործի վարույթում ներգրավված յուրաքանչյուր մասնավոր շահ հետապնդող անձի դատավարական իրավունքների երաշխավորումը: Քրեադատավարական գործընթացը, ինչպես ընդհանուր առմամբ, այնպես էլ իր ցանկացած մասնավոր դրսևորումներում մշտապես ուղեկցվում է հանրային և մասնավոր շահերի բախմամբ: Դատախազն է քրեական դատավարության այն սուբյեկտը, ով պարտավոր է երաշխավորել յուրաքանչյուր նման բախման համաչափ լուծումը՝ օրենքով սահմանված կարգով: Մինչդատական վարույթում դատախազին վերապահված լիազորությունների գործող իրավակարգավորումների վերլուծությունն ակնհայտ է դարձնում  դրանց հստակ ուղղվածությունը մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանը, իրավունքների անհարկի սահմանափակումների բացառմանը: Քրեական դատավարության օրենսգիրքն անհրաժեշտ իրավական մեխանիզմներ է սահմանում մարդու իրավունքներն ու ազատությունները սահմանափակող՝ վարույթն իրականացնող հետաքննության կամ նախաքննության մարմինների ապօրինի և անհիմն գործողությունները չեզոքացնելու, մինչդատական ակտերի օրինականությունն ու հիմնավորվածությունն ապահովելու համար: Միաժամանակ, քրեադատավարական օրենքով սահմանված դատախազի լիազորությունները որոշակի կառուցակարգ են ապահովում քննության լրիվության, օբյեկտիվության և բազմակողմանիության ապահովման համար: Այս ոլորտում դատախազության առջև ծառացած հիմնական խնդիրը քննության արդյունավետության ապահովման պարտականությունն իրականացնելու համար անհրաժեշտ լիազորությունների պակասն է:

 

  Խնդիրը նրանում է, որ հետաքննության և նախաքննության արդյունավետության ապահովման համար դատախազի պատասխանատվությունը «Դատախազության մասին» ՀՀ օրենքով արդարացիորեն ամրագրելուց հետո հետագա իրավական կատարելագործումը չի ապահովել այդ պարտականության իրականացման համար անհրաժեշտ միջոցների առկայությունը:

 

 Վարույթի ընթացքում ինչպես թույլ տրված դատավարական խախտումների, այնպես էլ կատարված գործողությունների անարդյունավետության հետագա արձանագրումը, անխոս, և՛ հանրային, և՛ մասնավոր շահերի պաշտպանության պակաս գործուն միջոց է: Դատավարական խախտումների վերհանման և բացառման միայն պոստ-ֆակտում մեխանիզմները շատ հաճախ հնարավորություն չեն տալիս նաև ապահովել քննության անհրաժեշտ արդյունավետությունը, այսինքն՝ գործի հանգամանքների՝ հնարավորինս սեղմ ժամկետներում, նվազագույն ջանքերով լրիվ օբյեկտիվ և բազմակողմանի բացահայտումը: Բարձրացված խնդրի արդյունավետ լուծումները տեսնում եմ երկու հարթության մեջ՝ օրենսդրական փոփոխությունների և կազմակերպական միջոցառումների ակտիվացման: Օրենսդրական փոփոխությունների առումով կարևոր քայլ է արված ՀՀ քրեական դատավարության օրենսգրգի նախագծով, որում որպես հսկողություն իրականացնող դատախազի լիազորություն, նախատեսված է մեղադրյալի հարցաքննությանը և դատախազի հանձնարարությամբ կատարվող քննչական գործողություններին մասնակցելու նրա լիազորությունը: Նախագիծը քրեադատավարական գործունեությանը դատախազի մասնակցության նոր հնարավորությունը նախատեսել է քննչական գործողությունների նեղ շրջանակի համար, որի հետագա իրավակիրառ պրակտիկան վստահաբար կբացահայտի այդ հնարավորության արժեքավոր նշանակությունը քննության որակի և արդյունավետության ապահովման համար՝ հիմք դառնալով հետագա իրավական կատարելագործման շրջանակներում հավասարարժեք այլ մեխանիզմների ամրագրման և գործողության համար: Երկրորդ՝ իրավապահ բոլոր մարմինների՝ հանցավորության դեմ օբյեկտիվ պայքարի արդյունավետությամբ շահագրգիռ, առողջ և հետևողական համագործակցության ապահովում: Ընդ որում, այդ համագործակցությունը պետք է դառնա մշտական, առօրեական աշխատակարգ՝ ինչպես կոնկրետ հանցագործության քննության ընթացքում, այնպես էլ՝ առավել ընդգրկուն խնդիրներ լուծելիս:

 

  Հասարակական հարաբերությունների համընդհանուր զարգացումը կենսագործունեության բարենպաստ պայմաններ ապահովելու հետ մեկտեղ, նոր հնարավորություններ է ստեղծում նաև հանցավոր գործունեության համար՝ շարունակ որակական նոր պահանջներ առաջադրելով հանցավորության դեմ պայքարին: Կատարելագործվող հանցավորության դեմ պայքարի բարձր արդյունավետությունը պահանջում է հստակեցնել դրա հիմնական ուղղությունները, ընդգծել առաջնահերթությունները, մշակել այդ ոլորտում ընդհանուր գործունեության և կոնկրետ միջոցառումների ծրագրեր, միավորել իրավապահ բոլոր մարմինների ջանքերը, ապահովել իրականացվող միջոցառումների համակարգված և կազմակերպված իրականացումը:

 

Դատախազության առջև ծառացած կարևորագույն խնդիրներից մեկն եմ համարում հանցավորության դեմ պայքարի գործում դատախազության՝ որպես համակարգող գործառույթներ իրականցնող մարմնի դիտարկումը, ինչպես նաև հանցագործությունների կանխմանը, խափանմանը, բացահայտմանը, դրանց պատճառների ու նպաստող պայմանների վերհանմանն ու վերացմանն ուղղված համաձայնեցված միջոցառումների մշակումն ու իրագործումը:ՀՀ Նախագահի 2012թ. հունիսի 30-ի կարգադրությամբ հաստատված՝ Հայաստանի Հանրապետության իրավական և դատական բարեփոխումների 2012-2016թթ ռազմավարական ծրագիրն առաջ է քաշում դատախազության կողմից հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության համակարգման գաղափարը՝ որոշակիորեն կոնկրետացնելով դրա իրացմանն ուղղված միջոցառումները:Հանցավորության դեմ պայքարի համակարգումը հանցագործությունների կանխմանը, խափանմանը, բացահայտմանը, դրանց պատճառների ու նպաստող պայմանների վերհանմանն ու վերացմանն ուղղված համաձայնեցված միջոցառումների մշակումն ու իրագործումն է: Այս գործունեությունը կրում է առավելապես կազմակերպական բնույթ և ընդգծված ուղղվածություն ունի՝ ապահովել հանցավորության դեմ պայքարի քաղաքականության հստակությունն ու միասնականությունը, դրա իրացման միասնական կառուցակարգերի արդյունավետ գործողությունը: Այդ համագործակցությունը թույլ կտա իրավապահ մարմիններին առավել լայն ու արդյունավետ օգտագործել միմյանց հնարավորությունները:Քննարկվող գործունեության իրականացման կոնկրետ մեխանիզմները կարող են լինել տարբեր՝ կախված դրա իրականացման մակարդակներից՝ համակարգման խորհրդակցություններ, աշխատանքային խմբերի ձևավորում և այլն:Դատախազության կողմից հանցավորության դեմ պայքարի ոլորտում իրավապահ մարմինների գործունեության համակարգումը հանցավորության դեմ պայքարի արդյունավետությունը բարձրացնելուց բացի ներուժ ունի նաև լինել մարդու իրավունքների պաշտպանության գործուն լրացուցիչ երաշխիք: Այդ ոլորտում պրակտիկայի վերլուծությունները լրացուցիչ հնարավորություն կտան վերհանել քրեադատավարական գործունեության ոլորտում մարդու իրավունքների պաշտպանությանն առնչվող հիմնախնդիրները և հիմք դառնալով այդ ուղղությամբ կոնկրետ լուծումների կամ դրանց վերաբերյալ հիմնավորված առաջարկությունների:Երկրորդ առաջնահերթությունը դատախազական գործառույթների իրականացման կանխատեսելիության, միասնականության, դրանով իսկ իրավական որոշակիության ապահովումն է:  Կոնկրետ իրավահարաբերություններում, իրավիճակներում դատախազն առավելագույնս կանխատեսելի պետք է լինի ինչպես իր գործընկերների՝ վարույթի այլ հանրային մասնակիցների, այնպես էլ, առավել ևս, հանրության, քաղաքացիների համար: Նշվածի ապահովումը լուրջ գրավական է ինչպես վերը շեշտադրված համագործակցության երաշխավորման, այնպես էլ հանրային վստահության բարձրացման համար: Այս կարևորագույն նպատակի իրագործմանը նախ և առաջ կնպաստի դատախազության գործունեության բոլոր ուղղություններին վերաբերող գործնական հիմնահարցերի վերաբերյալ միասնական մոտեցումների ձևավորումն ու դրանց պահպանման նկատմամբ հետևողականության երաշխավորումը:Էապես կարևորելով թիմային աշխատանքը ցանկացած համակարգային խնդիրների արդյունավետ լուծման գործում՝ ես մատնանշված նպատակի ապահովումը տեսնում եմ այդ միասնական մոտեցումների մշակմանն ու ձևավորմանը շահագրգիռ բոլոր սուբյեկտների ներգրավվածության ապահովմամբ:  Այս առումով, հետագա աշխատանքի ընթացքում դատախազության գործառույթների իրականացման բարձր արդյունավետության ապահովումը հնարավոր եմ համարում դատախազության կոլեգիալ խորհրդակցական մարմինների գործունեության ակտիվացմամբ: Խոսքն առաջին հերթին դատախազության կոլեգիայի մասին է, որը գործում է գլխավոր դատախազի ղեկավարությամբ՝ դատախազության գործունեության կազմակերպման հիմնարար հարցեր քննարկելու համար: Կոլեգիայում կարող են քննարկվել դատախազության գործունեության բոլոր ուղղություններին վերաբերող գործնական հիմնահարցեր, այդ թվում՝ նյութական և դատավարական օրենսդրության մեկնաբանության և կիրառման խնդիրներ:Դատախազության կոլեգիան կարևոր հարթակ է դատախազության առջև ծառացող և ենթաօրենսդրական լուծման ենթակա ամենօրյա խնդիրները բարձրացնելու, դրանց վերաբերյալ բազմակողմ քննարկումների, լուծման առաջարկություններ ներկայացնելու, և, որ ամենակարևորն է՝ դատախազների լայն և անմիջական ներգրավվածությամբ կոլեգիալ որոշումներ կայացնելու համար:Առանցքային նշանակություն կունենա նաև գլխավոր դատախազին առընթեր գիտամեթոդական խորհրդի ակտիվ գործունեությունը: Գիտամեթոդական խորհուրդը էական դերակատարություն կունենա մասնագիտացված կառույցների առավել լայն շրջանակի ներգրավվածությամբ դատախազության կազմակերպման և գործունեության բարելավմանն ուղղված գիտագործնական առաջարկություններ մշակելու, իրավական փաստաթղթեր նախապատրաստելու և այլ մեթոդական օգնություն ցույց տալու գործում: Գիտամեթոդական խորհրդի կազմում պետք է ընդգրկվեն գործնական աշխատանքի զգալի փորձ ունեցող ներկա և նախկին դատախազներ, դատախազության գործունեության բոլոր ոլորտներին առնչվող հիմնախնդիրներով զբաղվող հեղինակավոր գիտնականներ, իրավապահ մյուս մարմինների, մասնագիտացված միջազգային, տեղական իրավապաշտպան կազմակերպությունների ներկայացուցիչներ:Գիտամեթոդական խորհուրդը պետք է քննարկի իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդրահարույց հարցերը՝ մշակելով դրանց վերաբերյալ միջազգային փորձով և գիտականորեն հիմնավորված հանձնարարականներ, նախաձեռնի հանցավորության դեմ պայքարի քաղաքականությանը վերաբերող ծրագրեր, մշակի դատախազության գործունեության ոլորտներին վերաբերող օրենսդրական փոփոխությունների առաջարկություններ:  Փաստաբանների հետ համատեղ գիտագործնական համաժողովները ևս խնդիրների լուծմանն ուղղված արժեքավոր քայլ եմ դիտարկում:  Երրորդ կարևոր առաջնահերթությունը  դատախազական գործունեության հրապարակայնության, թափանցիկության, օրենքով թույլատրելի, առավելագույն մակարդակի ապահովումն է: Ցավով պետք է նշեմ, որ այսօր ինչպես առանձին քրեական գործերով, այնպես էլ իրականացված գործունեության առանձին ուղղությունների  վերաբերյալ հանրության լայն շերտեր ստանալով միակողմանի տեղեկատվություն, թյուր կարծիք է ձևավորում պետական գործունեության այս կարևոր ուղղության վերաբերյալ: Էապես կարևորելով նշվածը՝ որպես հանրային վստահության բարձրացման, դրանով իսկ հանրային աջակցության ապահովման գրավական կոնկրետ քայլեր են ձեռնարկվելու ինչպես դատախազության գործնեությանն առնչվող խնդիրների ուսումնասիրությունների արդյունքների, ձեռնարկվող քայլերի մասին, այնպես էլ հանրությանը հետաքրքրող կոնկրետ քրեական գործերով օրենքով թույլատրելի և, բնականաբար, քննության շահի հաշվառմամբ, անհրաժեշտ տեղեկատվության հրապարակման ուղղությամբ:  Նույն նպատակով էապես ակտիվացվելու է համագործակցությունն ու շփումները շահագրգիռ միջազգային կառույցների հետ՝ մեր երկրի միջազգային վարկի ու հեղինակության բարձրացման նպատակով: Հաջորդ կարևոր խնդիրը, որ կցանկանամ շեշտադրել, դա կադրերի ընտրության, դատախազական համակարգի համալրման ուղղությամբ իրականացվելիք միջոցառումներն են: Գաղտնիք չէ, որ վերջին տարիներին դատախազական համակարգի մոտ կեսը փոխվել է, նոր համալրումների զգալի մասը կատարվել է քննչական մարմինների փորձառու կադրերից: Միաժամանակ պետք է նշեմ, որ նվազել է ԲՈՒՀ-երի նորավարտ, բարձր առաջադիմությամբ շրջանավարտների՝ համակարգում աշխատանքի ընդունվելու հետաքրքրությունն ու ձգտումը: Էապես կարևորելով  երիտասարդ, մասնագիտական բարձր, ժամանակակից միջազգային մոտեցումներին քաջատեղյակ իրավական գիտելիքներ ունեցող կադրերով դատախազական համակարգի համալրման խնդիրը, վերը նշածս ձգտումն ու հետաքրքրվածությունը զարգացնելու նպատակով իրականացվելու են որոշակի միջոցառումներ: Մասնավորապես էապես ակտիվացվելու է մասնագիտացված ԲՈՒՀ-երի հետ համագործակցությունը՝ ավարտական կուրսերի առաջադեմ ուսանողներին համակարգին առնչվող խնդիրների ուսումնասիրության, մասնագիտական պրակտիկաների կազմակերպման, հաճախակի հանդիպում-քննարկումների ուղղություններով ԲՈՒՀ-երի հետ համատեղ միջոցառումներ մշակելու, իրականացնելու եղանակով:Հաջորդ շեշտադրվող առաջնահերթությունը  կոռուպցիայի դեմ պայքարի գործում դատախազության ակտիվ ջանքերի կատարելագործումն է.Այն հանգամանքը, որ կոռուպցիան պետության հիմքերը խարխլող չարիք է, քննարկման ենթական չէ: Այն սպառնում է իրավունքի գերակայությանը, ժողովրդավարությանը և մարդու իրավունքներին, առաջացնում անվստահություն պետական կառույցների նկատմամբ և անարդարության խորը հասարակական ընկալում:Կոռուպցիայի դեմ պայքարը եղել է և շարունակում է մնալ ՀՀ դատախազության գործունեության առաջնահերթություններից մեկը: Այդ պայքարի ոլորտում ՀՀ դատախազության ձեռքբերումները  դժվար է չնկատել: Դատախազությունում համակարգային կոռուպցիայի գոյությունն այսօր միանշանակ բացառվում է, իսկ յուրաքանչյուր դատախազի համար վաղուց արդեն աներկբա գիտակցում է, որ նմանատիպ դեպքի բացահայտումը անխուսափելիորեն հանգեցնելու է քրեական պատասխանատվության: Նշվածը առաջին և գլխավոր պայմանն է դրա դեմ իրական անզիջում պայքարը պատվով առաջնորդելու համար:ՀՀ դատախազությունը Կոռուպցիայի դեմ պայքարի կոնվենցիային համահունչ, մարդկային ռեսուրսների հետ աշխատանքի ոլորտում շարունակելու է աշխատակիցների ազնվության բարձրացմանը, նրանց շրջանում կոռուպցիոն երևույթների բացառմանն ուղղված միջոցառումները: Դրանք, ձևավորելով և պահպանելով նոր՝ հակակոռուպցիոն մտածողություն, ապահովում են պայքարն ավելի ծավալուն և խորը դարձնելու համար անհրաժեշտ սոցիալական հիմքը:

 

  Կոռուպցիոն հանցատեսակների վերաբերյալ գործերով քննության լրիվության, բազմակողմանիության, օբյեկտիվության և արդյունավետության շարունակական ապահովումը, որը դատախազական հսկողության բացարձակ նպատակն է քրեական գործերով մինչդական վարույթում, հնարավորություն է տալու ամբողջությամբ բացահայտել այդ հանցագործությունները և պարզել դրանց հետ պետական մարմինների և պաշտոնատար անձանց բոլոր հնարավոր առնչությունները:

 

  Կոռուպցիային հակազդմանը դատախազության առավել քան ակտիվ մասնակցությանը պետք է սպասել նաև այդ պայքարի իրավական անհրաժեշտ հիմքերի սահմանմանն ուղղված իրավաստեղծ գործունեության համապատասխան փուլերում, որը ևս անշեղ ուղղվածություն է ունենալու դեպի քննարկվող ոլորտում Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային իրավական պարտավորությունների իրականացում: Գտնում եմ, որ դատախազությունն ունի բավարար լիազորություններ, ներուժ և ամենակարևորը անկոտրում կամք՝ կոռուպցիոն երևույթների դեմ անզիջում պայքարը տեղափոխել նաև հասարակական հարաբերությունների այլ ոլորտներ, այդ նպատակով օգտագործելով իր զինանոցում եղած ողջ գործիքակազմը:Հարգելի՛ պատգամավորներ, ես ցանկանում եմ շնորհակալություն հայտնել նաև բոլոր այն խմբակցություններին, որոնց հետ այս օրերին առիթ ունեցա հանդիպել: Վստահ կարող եմ ասել, որ դրանք ինձ համար շատ կարևոր էին: Հանդիպումների ժամանակ արված մի շարք առաջարկություններ, վստահեցնում եմ, որ ընտրվելու պարագայում կլինեն իմ ուշադրության կենտրոնում:

 

  Այդ հանդիպումները ևս հաստատեցին Դատախազության և Ազգային Ժողովի համագործակցության կարևորությունը: Դատախազությունն իր լիազորությունների շրջանակում ամեն ինչ կանի, որպեսզի միջազգային ատյաններում դատախազության գործառույթներին առնչվող տեղեկատվության առումով մեր պատվիրակությունները խնդիրներ չունենան:

 

Բացի օրենսդրությամբ սահմանված դեպքերի, ընտրվելու պարագայում ես միշտ պատրաստ կլինեմ տարբեր ձևաչափով խնդիրների քննարկմանը մասնակցելու համար: Շնորհակալություն ուշադրության համար, վստահ եմ, որ կլինեն շատ հարցեր և այն ծրագրերը, որոնք ժամանակի սղության պատճառով չներկայացվեցին, առիթ կունենամ ներկայացնել հարցերի ժամանակ:

ՀՀ գլխավոր դատախազի 2018թ հակիրճ ամփոփումն ու ամանորյա ուղերձը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am