11.08.2020 | Կոռուպցիոն սխեմաներ՝ Գյումրու սոցիալական աջակցության ծառայություններում և բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովում. Շիրակի մարզի դատախազը դիմել է նախարարին

Շիրակի մարզի դատախազությունում իրականացված՝ մարզի վարչական տարածքում արձանագրված  կոռուպցիոն բնույթի դեպքերի, դրաց առթիվ հարուցված քրեական գործերի նյութերի ուսումնասիրությամբ պարզվել է, որ կոռուպցիոն դրսևորումները շարունակում են տեղ գտնել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող սոցիալական աջակցության և բժշկասոցիալական փորձաքննության գործակալության ոլորտներում: Դրանց հիմնական առանձնահատկությունն այն է, որ հանցավոր ոտնձգությունները կատարվում են առավել խոցելի խմբերի՝ ընտանեկան անապահովության համակարգում ընդգրկված և նյութական ծանր պայմաններում գտնվող, ինչպես նաև տարբեր հիվանդություններով տառապող և սոցիալապես անապահով  անձանց նկատմամբ:  

 

Մասնավորապես, քրեական գործով փաստական տվյալներ են ձեռք բերվել առ այն, որ Գյումրի քաղաքի շուրջ 4100 նպաստառու ընտանիքների սպասարկող սոցիալական աջակցության տարածքային թիվ 1 բաժնի 5 մասնագետներ, 2020թ. մարտ- հունիսաիսներին, յուրաքանչյուր փաստագրման ժամանակ իրենց տարածքային բաժնում հաշվառված մի շարք նպաստառու ընտանիքներից պահանջել և յուրաքանչյուրից ստացել են 30.000-60.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություններ, որոնց մի մասը պահել են իրենց, իսկ մյուս մասը հանձնել են բաժնի պետին:

 

Բացի այդ, սոցիալապես անապահով քաղաքացիներին սոցիալական աջակցության ծրագրում ընդգրկելու համար նույն բաժնի աշխատակիցները քաղաքացիներից ստացել են հատկացվելիք 3 ամսվա համար նախատեսված գումարից մեկ ամսվա գումարը՝  18.000 ՀՀ դրամը, որից 10.000 ՀՀ դրամը փոխանցել են բաժնի պետին, իսկ 8000 ՀՀ դրամը պահել են իրենց:

 

Ինքը՝ բաժնի պետը ևս 2020թ. մայիս-հունիս ամիսներին մի շարք դեպքերում նպաստառուներին նպաստի համակարգում ընդգրկելու համար անձամբ կամ միջնորդների միջոցով նրանցից ստացել է 10.000-30.000-ական ՀՀ դրամ ապօրինի վարձատրություն: Նշված ենթադրյալ հանցավոր արարքները կատարելու համար բաժնի պետին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետի, իսկ թվով 5 աշխատակիցների՝ նույն հոդվածի 3-րդ մասի տարբեր կետերի հատկանիշներով: Բաժնի պետի նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանավորումը։

 

Նմանատիպ առերևույթ հանցավոր դրսևորումներ բացահայտվել են նաև Գյումրու սոցիալական աջակցության տարածքային թիվ 2 բաժնում, որի կապակցությամբ ևս քննվում է քրեական գործ և մեղադրանքներ են առաջադրվել  նշված բաժնի պետին՝ ՀՀ քրեական օրենսգրքի 311․1-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, և մեկ աշխատակցի՝ նույն հոդվածի 3-րդ մասի 2-րդ, 3-րդ կետերով:

 

Մեկ այլ քրեական գործի քննության շրջանակներում փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության բժշկասոցիալական փորձաքննության գործակալության Շիրակի մարզի թիվ 1 բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովի նախագահը փորձաքննություններ կատարելիս, նույն հանձնաժողովի անդամների հետ նախնական համաձայնությամբ, բժշկասոցիալական փորձաքննության իրականացման ժամանակ անձին հաշմանդամ ճանաչելու, հաշմանդամության խումբը որոշելու, հաշմանդամության պատճառական կապի, տևողության ժամկետների սահմանման լիազորություններ իրականացնելու ընթացքում քաղաքացիների օգտին ակնհայտ ապօրինի գործողություն կատարելու համար փորձաքննության դիմած անձանցից 2019թ-ից մինչև 2020թ. մարտը ներառյալ պահանջել և ստացել է կաշառք գումարներ, որոնք աշխատանքային օրվա վերջում բաշխել է իր ու հանձնաժողովի անդամների միջև:

 

Հանձնաժողովի նախագահին և երկու անդամներին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 311-րդ հոդվածի 3-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերի հատկանիշներով: Հանձնաժողովի նախագահի նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել գրավը։

 

Վերլուծությունը ցույց է տալիս, որ նշված ոլորտներում տևական ժամանակ գործել է հստակ մշակված կոռուպցիոն սխեմա, որում ներգրավված են եղել գործակալության կազմում և բժշկասոցիալական հանձնաժողովում համապատասխան գործառույթներով օժտված հանրային ծառայողներ, նպաստառուներ, պաշտոնատար անձինք, հանձնաժողովի անդամներ և բժշկասոցիալական փորձաքննության շահառուներ:

 

Սակայն նույնիսկ նշված հանցավոր արարքները ներգրավված անձանց մեծ քանակի և ակներևույթան պայմաններում կատարված լինելու պարագայում կոռուպցիոն սխեմայում ներգրավված անձինք տևական ժամանակ հնարավորություն են ունեցել անարգել զբաղվել հանցավոր գործունեությամբ, իսկ այդ հանգամանքը դուրս է մնացել նախարարության ներքին վերահսկողական գործառույթներով օժտված իրավասու անձանց տեսադաշտից: Այս հանգամանքը հիմք է տալիս ողջամտորեն ենթադրելու, որ հիշյալ պաշտոնատար անձանց կողմից դրսևորվել է անհետևողականություն, ընդհուպ՝ անգործություն, ինչն իր մեջ պարունակում է կոռուպցիոն ռիսկեր և նպաստում հանցանքի կատարմանը:

 

Ելնելով վերոգրյալից՝ Շիրակի մարզի դատախազ Կարեն Գաբրիելյանը միջնորդագիր է ներկայացրել ՀՀ  աշխատանքի  և  սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանին: Մարզի դատախազն առաջարկել է ձեռնարկել գործուն միջոցներ՝ նմանատիպ արատավոր և հանցածին երևույթները բացառելու ուղղությամբ, պարզել նշված խախտումների պատճառները, քննարկել սոցիալական ծառայության տարածքային բաժինների,  բժշկասոցիալական փորձաքննության հանձնաժողովների գործունեության նկատմամբ վերահսկողություն իրականացնելու իրավասությամբ օժտված՝ իրենց պարտականությունների կատարման մեջ թերացած անձանց կարգապահական ներգործության և պատասխանատվության ենթարկելու հարցը:

 

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am