28.12.2019 | Սոցիալական օգնության անվան տակ համայնքի բնակիչներին գումարներ են հատկացվել, ապա գանձվել որպես հարկերի վճարում. ՀՀ գլխավոր դատախազը դիմել է ՀՀ ՏԿԵ նախարարին

ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 1-ին մասով հարուցված և ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային քննչական վարչությունում քննված քրեական գործի նախաքննությամբ ձեռք բերված ապացույցների բավարար համակցությաբ հիմնավորվել է մարզի Արագածավան համայնքի ղեկավարի կողմից առերևույթ կոռուպցիոն չարաշահումների կատարումը:

 

Մասնավորապես, պարզվել է, որ վերջինս, օրենքով սահմանված կարգով պատշաճ կազմակերպած չլինելով տեղական հարկերի գանձումը, հարկերի հավաքագրման ցուցանիշներ ապահովելու անձնական շահագրգռվածությունից ելնելով, 2018թ. ընթացքում իր 13 որոշումներով բյուջեում առկա հավաքագրված գումարներից համայնքի 339 բնակիչների հատկացրել է ընդհանուր 13.605.960 ՀՀ դրամ՝ որպես  հաշմանդամների, կերակրողին կորցրած ընտանիքների, սոցիալապես անապահով այլ խավերի սոցիալական պայմանների բարելավման նպատակներով սոցիալական օգնություն: Այդ շրջանակներում սոցիական օգնության անվան տակ համայնքի թվով 86 բնակիչների հատկացվել են համայնքի ավագանու որոշմամբ և օրենսդրությամբ սահմանված 50.000-ական դրամներից ավելի գումարներ՝ որն ընդհանուր կազմել է առանձնապես խոշոր չափերի՝ 5.5մլն ՀՀ դրամ: Այնուհետ  տրամադրված գումարները գանձվել է համայնքային բյուջե որպես համայնքի բնակիչների կողմից հարկային պարտավորությունների կատարում՝ հարկերի հավաքագրման բարձր ցուցանիշներ ներկայացնելու նպատակով:

 

Նշված առերևույթ հանցավոր արարքները կատարելու համար Արագծոտնի մարզի Արագածավան համայնքի ղեկավար Ա. Պ.-ին առաջադրվել է մեղադրանք՝ ՀՀ քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ մասով և որպես խափանման միջոց է ընտրվել  ստորագրություն չհեռանալու մասին: Քրեական գործով հայտարարվել է նախաքննության ավարտ:

 

Նկատի ունենալով, որ վեր հանված իրողությունները կարող են տարածական լինել՝ ընդգրկելով հանրապետության այլ համայնքներ ևս՝ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը դիմել է ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանին՝ նախարարության լիազորությունների շրջանակներում նման դեպքերը կանխելու և բացառելու ուղղությամբ միջոցներ ձեռնարկելու համար:

 

Միաժամանակ ՀՀ գլխավոր դատախազը հանձնարարել է դատախազական հսկողության գործառույթի շրջանկաներում միջոցներ ձեռնարկել տեղական ինքնակառավարման մարմիններին առնչվող կոռուպցիոն քրեական գործերի նախաքննության ընթացքում նմանատիպ սխեմաների հնարավոր առկայությունը ևս քննության առարկա դարձնելու ուղղությամբ:

    

Ծանուցում. ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

 

Դատախազությունը նշում է 102-րդ տարեդարձը և Դատախազության աշխատողի օրը

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10)

Էլ. փոստ` info@prosecutor.am

 

Տեղեկատվության տրամադրում

ՀՀ դատախազության հանրային կապերի բաժնի պետ՝ Արևիկ Խաչատրյան

Հեռ. (37410) 511-527