19.11.2019 | ՀՀ ներկայացուցիչները մրցանակային տեղեր են զբաղեցրել «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն երիտասարդական միջազգային մրցույթում

ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի գործունեության շրջանակում անցկացվող «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում Հայաստանի Հանրապետության 2 ներկայացուցիչների աշխատանքները 20 հազար տեսահոլովակների և պաստառների շարքում արժանացել են երկրորդ մրցանակի «Լավագույն պաստառ» և «Լավագույն տեսահոլովակ» անվանակարգերում:

 

«Լավագույն տեսահոլովակ» անվանակարգում մրցանակի է արժանացել  Հայ-ռուսական համալսարանի ուսանողներ Աննա Սարուխանյանի և Լուիզա Մելքոնյանի համատեղ ներկայացրած «Որտեղ խոսում է փողը, այնտեղ լռում է խիղճը» աշխատանքը, որը երկրորդ տեղը կիսել է Հարավաֆրիկյան Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության ներկայացուցիչների հեղինակած հոլովակների հետ: Այս անվանակարգում լավագույնն  է ճանաչվել Բելառուսի ներկայացուցչի աշխատանքը:

 

Իսկ «Լավագույն պաստառ» անվանակարգում երկրորդ պատվավոր տեղն զբաղեցրել է Երևանի գեղարվեստի պետական ակադեմիայի ուսանողուհի Ոսկեհատ Թադևոսյանի «Վերջ կոռուպցիային» աշխատանքը, որն ընդամենը մեկ միավորով է զիջել Ռուսաստանի Դաշնության ներկայացուցչի հեղինակած պաստառին:  

 

Մրցանակաբաշխության հանդիսավոր արարողությունը տեղի կունենա Մոսկվայում, դեկտեմբերի սկզբին՝ կոռուպցիայի դեմ պայքարի միջազգային օրվա առթիվ:  

 

Հատկանշական է այն հանգամանքը, որ Հայաստանից ներկայացված աշխատանքները նման արդյունքներ են ապահովել միջազգային սույն մրցույթին մասնակցած 10 երկրներից ներկայացված ընդհանուր առմամբ ավելի քան 20 000 տեսահոլովակների և պաստառների պայմաններում: Ինչպես արդեն տեղեկացվել է 2019թ. «Միասին ընդդեմ կոռուպցիայի» թեմայով հակակոռուպցիոն սոցիալական գովազդի երիտասարդական միջազգային մրցույթում ներգրավված են եղել ոչ միայն ԱՊՀ Կոռուպցիայի հակազդման միջպետական խորհրդի անդամ երկրները՝ Հայաստանը, Բելառուսը, Ռուսաստանի Դաշնությունը, Ղազախստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը, այլ նաև BRICS-ի անդամ երկրները՝ Հնդկաստանը, ՉԺՀ-ն, Հարավաֆրիկյան Հանրապետությունը և Բրազիլիան:

 

Հիշեցնենք, որ ՀՀ գլխավոր դատախազությունը հանդես է գալիս որպես նշված մրցույթի համակազմակերպիչ:

 

Մրցույթի շրջանակներում 14-ից մինչև 35 տարեկան քաղաքացիները, երիտասարդական ստեղծագործական խմբերը պետք է պատրաստեին և ներկայացնեին սոցիալական գովազդի պաստառներ և տեսահոլովակներ՝ դրանցում յուրօրինակ, ինքնատիպ, դիպուկ և տպավորիչ կերպով արտացոլելով իրենց պատկերացումները կոռուպցիայի՝ իբրև անհանդուրժելի սոցիալական, հասարակական երևույթի և դրա դեմ պայքարի, ամենատարբեր ոլորտներում դրա դրսևորումների, բացասական հետևանքների, ինչպես նաև այս ոլորտում միջազգային համագործակցության վերաբերյալ:

Պարտադիր զինվորական ծառայությունից խուսափածներին ազատազրկում է սպառնում

Հետադարձ կապ

ՀՀ ք. Երևան, 0010 Վազգեն Սարգսյան փ. 5

Հեռ.` +374 (10) 511-650

Ֆաքս՝ +374 (10) 511-646

Էլ. փոստ` info@prosecutor.am